Թբիլիսիում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում բավական հաջող են մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչները: 2 տուրից հետո նույնքան միավոր էին վաստակել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը:
Էլինան հաղթանակներ է տոնել ադրբեջանցի Նիզամի Կազիմովայի եւ Իտալիան ներկայացնող Օլգա Զիմինայի նկատմամբ: Մկրտչյանը մրցաշարը սկսեց թուրք Բեթյուլ Յիլդիզի եւ սերբ Անժելիկա Ստոյանովիչի նկատմամբ տարած հաղթանակներով: Լիլիթ Գալոյանն էլ պարտության մատնեց ադրբեջանցիներ Նարմին Խալաֆովային եւ Սաբինա Իբրահիմովային: Աննա Հայրապետյանը ոչ-ոքի խաղաց Անաստասիա Բոդնարուկի եւ Աննա Շարեւիչի հետ: Նելլի Աղինյանը մեկնարկում պարտվեց Տատյանա Կոսինցեւային, հաջորդ տուրում առավելության հասավ Լիկա Կոբեշավիձեի նկատմամբ:
Լիա Մարտիրոսյանը, Անահիտ Խառատյանն ու Սիրանուշ Ղուկասյանը մեկնարկային 2 տուրերում ընդամենը կես միավոր էին վաստակել: Անհաջող մեկնարկեց Մարիա Գեւորգյանըՙ պարտվելով Մարիա Լոմինեյշվիլուն եւ Ինգա Խուրցիլավային:
3-րդ տուրում Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանն արդեն 10-րդ քայլին միմյանց հետ հաշտություն կնքեցին: Էլինա Դանիելյանը 60-րդ քայլին պարտության մատնեց Նինո Խուրցիձեին` տոնելով 3-րդ անընդմեջ հաղթանակը: Առաջին հաղթանակը տոնեց Մարիա Գեւորգյանը` պարտության մատնելով Լիզի Տրապաիձեին: Աննա Հայրապետյանն էլ հաղթեց Զոյա Սեւերյուխինային:
Սիրանուշ Ղուկասյանը հաշտություն կնքեց Մերի Ժորժոլիանիի հետ, իսկ Նելլի Աղինյանը, Անահիտ Խառատյանն ու Լիա Մարտիրոսյանը պարտվեցին:
3 տուրից հետո էլինա Դանիելյանը նույնքան միավորով Նադեժդա Կոսինցեւայի, Վիկտորիա Չմիլիտեի եւ Բելա Խոթենաշվիլու հետ գլխավորում է աղյուսակը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը 2,5-ական միավորով առաջատարներին հետապնդողների թվում են: Այսօր կայանալիք 4-րդ տուրում Էլինա Դանիելյանը սեւերով կխաղա Բելա Խոթենաշվիլու հետ: