Թենիսի Հայաստանի կանանց հավաքականը Կահիրեում ընթացող ֆեդերացիայի գավաթի խաղարկության ավարտական խաղում էլ անհաջող հանդես եկավՙ 0-3 հաշվով զիջելով խմբի առաջատար Բոսնիայի ընտրանուն: Առաջինը կորտ դուրս եկած Նունե Խաչատրյանը 4-6, 2-6 հաշվով պարտվեց Ժասմին Կայտազովիչին: Իսկ ահա Անի Ամիրաղյանը բավական լուրջ դիմադրություն ցույց տվեց Էմմա Բուրգիչին: Առաջին խաղափուլում զիջելով 4-6 հաշվով, Անին 2-րդում հաղթեց (6-4): Վճռորոշ խաղափուլը եւս անհաշտ պայքարում անցավ: Հաջողությունն ուղեկցեց Բուրգիչին (6-4), որն էլ շահեց հանդիպումը:
Զուգախաղում Աննա Մովսիսյան-Օֆելյա Պողոսյան զույգը միեւնույն 1-6,1-6 հաշվով պարտվեց Բուրգիչ-Կայտազովիչ երկյակին:
Այսպիսով, B ենթախմբում եզրափակելով աղյուսակը, Հայաստանի կանանց հավաքականը դուրս մնաց եվրոաֆրիկյան գոտու 2-րդ խմբի մրցաշարից: Հաջորդ տարի մեր ընտրանին հանդես կգա 3-րդ խմբում: