ԼՂ հակամարտությունը գերմանաադրբեջանական կոնֆերանսի նյութ
Մայիսի 12-ին, ժամը 13-18-ը Բեռլինի Համբուրգի ներկայացուցչության շենքում «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը. կարգավորման փորձառություններ եւ խնդիրներՙ գերմանական եւ կովկասյան տեսանկյունից» վերնագրով մեկօրյա կոնֆերանս են կազմակերպել Բեռլինի Ազատ համալսարանի Կասպյան տարածաշրջանային ուսմանց կենտրոնը եւ Հումբոլդտ համալսարանի պատմության ինստիտուտի Ադրբեջանի պատմության ամբիոնը: Կոորդինատորը դոկտ. պրոֆ. Ուդո Շթայնբախն է, կոնֆերանսը կազմակերպվում է գերմանա-ադրբեջանական ֆորումի եւ Եվրոպական մշակութային եւ գիտական միության համագործակցությամբ:
Ինչպես ծանուցում է հրավերի տեքստը, միջոցառման կազմակերպիչները նպատակ են հետապնդում ոչ միայն արձանագրել հակամարտության զարգացման ընթացքը, այլեւ հակամարտության լուծման ուղիներ գտնելու շրջանակներում առաջարկներ բարձրաձայնել եւ բանավեճի հրավիրել: Առավել քան զարմանալի է, երբ միջոցառման կազմակերպիչները շեշտում են, թե ակնկալում են հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերի եւ միջազգային միջնորդների միջեւ երկխոսության մթնոլորտ ապահովել, բնականաբար հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Գերմանիայի հնարավոր դերակատարումը, բայց մոռանում են կոնֆերանսի հրավիրյալ բանախոսների ցուցակն ընդլայնելՙ ընդգրկելով ԼՂ-ի, Հայաստանի տեսակետը: Փոխարենը Ստոկհոլմից հրավիրյալ միակ հայը ներկայացնելու է ադրբեջանական տեսակետ: Բայց սրա մասինՙ քիչ ավելի ուշ:
Ողջույնի խոսքից հետո առաջին բաժնում անդրադարձ է լինելու պատմության եւ միջազգային իրավունքի արժեւորումներին: «Ղարաբաղյան հակամարտությունը հետխորհրդային համեմատության մեջ» զեկուցմամբ հանդես կգա դոկտ. Ուվե Հալլբախը: «Ղարաբաղյան հակամարտությունը ԽՍՀՄ փլուզման համատեքստում» զեկուցման հեղինակը Բեռլինի Հումբոլդտ համալսարանից դոկտ. պրոֆ. Եվա-Մարիա Աուխն է: Առաջին բաժինը կեզրափակվի իրավաբանության դոկտոր, բեռլինցի միջազգային իրավունքի փորձագետ Հայկո Կրյուգերի «Ինքնորոշման իրավունքն ընդդեմ տարածքային ամբողջականության. ԼՂ հակամարտության միջազգային արժեւորումը» զեկուցմամբ:
Երկրորդ բաժինը ընտրել է «Քաղաքական եւ տնտեսական շահեր .1994-2011-ի տարածաշրջանային եւ միջազգային դերակատարները» վերնագիրը: Բանախոսները երկուսն ենՙ Բունդեսթագի գիտաշխատող Հայկո Լանգներ եւ «Խաղաղության եւ հակամարտության հետազոտման հեսսենյան հիմնադրամի ներկայացուցիչ դոկտ. Ազեր Բաբայեւը:
Երրորդ բաժնում հնչելու է միակ հայ մասնակցիՙ դոկտ. Վահե Ավետյանի (Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոն, Ստոկհոլմ) «Հակամարտությունից տուժածները խաղաղ լուծումներն ըմբռնելու կարիք ունեն. Խաղաղության դերակատարներ Հայաստանում եւ Ադրբեջանում» զեկուցումը:
Երրորդ բաժնում կներկայացվեն «Քաղաքացիական հասարակությունը եւ խաղաղության որոնումը Ղարաբաղյան հակամարտության համատեքստում. գերմանական Բյոլ, KAS, FES, Նաումանն հիմնադրամների աշխատանքը Հարավային Կովկասում»:
«Վստահության ձեւավորումը հակամարտության լուծման միջո՞ց: Ի՞նչ կարող է անել Գերմանիան: Գերմանական կուսակցությունների եւ հիմնադրամների դիրքորոշումներն ու գործունեությունը» կդառնա ժամը 17.00-18.00-ը ծավալվող բանավեճի նյութ, որին մասնակցում են Բունդեսթագի պատգամավոր Կարլ-Գեորգ Վելլմաննը, դոկտ. Շտեֆան Մայսթերը (Արտաքին քաղաքականության գերմանական ընկերակցություն, DGAP), պաշտոնաթող դեսպաններՙ դոկտ. Պեեր Շտանչինան եւ դոկտ. Դիիթեր Բոդենը:
Հաջորդ օրըՙ մայիսի 13-ին, ժամը 14.30-16.00-ին Բեռլինումՙ Weiber Wirtschaft eG-ի կազմակերպած միջոցառման հյուրը հենց Ավետյանն է լինելու: Նրա դասախոսությունը երկու թեմա է ընդգրկումՙ «Հայ ազգայնականությունը եւ ԼՂ-ի համար մղվող պատերազմը», «Քաղաքացիական հասարակության խաղաղարար նախաձեռնությունները Ադրբեջանում եւ Հայաստանում. ուտոպիա՞, թե՞ ռեալ հնարավորություններ»:
«Հայ մտավորականը դեմ է հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ Ադրբեջանից ներում է հայցում ԼՂ պատերազմի ժամանակ հասցված վերքերի եւ Խոջալուի համար», գրում են Վահե Ավետյանի հետ հանդիպման կազմակերպիչներըՙ կից ներկայացնելով նրա կենսագրությունը, որն առանց մեկնաբանության եւ առանց սրբագրումների ներկայացնում ենք եւ մենք:
1962-ին Երեւանում ծնված Ավետյանը 1984-ին ավարտել է Երեւանի գյուղակադեմիան,1988-ից ակտիվ քաղաքական գործունեություն է ծավալելՙ կանգնելով հայկական անկախ բանակի շարքերում, եղել է Հայաստանի Հանրապետական կուսակցության համահիմնադիրը: 1992-ին դուրս է եկել երկուսի շարքերից էլ: 1992-ից վտարանդի է, ապրում է Շվեդիայում:
1996-ին ԱՄՆ-ում հանդես էր եկել դասախոսությամբՙ հրապարակավ քննադատելով Դաշնակցություն կուսակցության քաղաքականությունը, ինչի համար կուսակցությունը զրպարտության մեղադրանքով դատական հայց է ներկայացրել Ավետյանի դեմ, իսկ այնուհետ ԱՄՆ-ում հայ ուսանողների միջոցներով հավաքված գրավի դիմաց ազատվել բանտից: Երկու տարի անց դատարանը արդարացրել է նրան: Ավետյանը բաց նամակ է գրել նաեւ Բարաք Օբամայինՙ զգուշացնելով չճանաչել Հայոց ցեղասպանությունը, այլապես այն կարող է հայ ժողովրդի համար ողբերգական հետեւանքներ ունենալ: Քայլը մեծ սխալ որակելով Ավետյանը հիշեցրել է, թե դրանով ԱՄՆ նախագահը հավանության կարժանացնի հայկական ահաբեկչությունը: Ավետյանը Շվեդիայի հրապարակային եւ քաղաքական կյանքում ակտիվ դերակատարում ունի: Շվեդական Կենտրոնական կուսակցությանը անդամակցելովՙ նա 2002-ին եւ 2010-ին իր թեկնածությունն է դրել խորհրդարանական ընտրություններում: Մի շարք կազմակերպությունների համահիմնադիր է, այդ թվումՙ Policy Forum Armenia-ի եւ «Հայ վտարանդի գրողների եւ մտավորականների միության», հրատարակել է 8 գիրք:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա