«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2011-05-07 | #83, 2011-05-10 | #84, 2011-05-11


«ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱՄԱՅՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ 4 ԲԺԻՇԿ ԱԶԱՏՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԻՑ. ՏՆՕՐԵՆԸ ՍՏԱՑԵԼ Է ԽԻՍՏ ՆԿԱՏՈՂՈՒԹՅՈՒՆ

8 տարեկան Գեւորգ Մովսիսյանը օրեր առաջ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում պետք է ենթարկվեր ամորձիների վիրահատության, իսկ 4 տարեկան Նարեկը ընդամենը թոքերի ռենտգենի կարիք ուներ: Փոքրիկ հիվանդներին, սակայն, բժշկական կենտրոնում շփոթել են. Նարեկին ռենտգեն հետազոտություն կատարելու փոխարեն պառկացրել են վիրահատական սեղանին եւ աճուկի շրջանում 3 սմ կտրվածք արել. վիրահատությունը դադարեցվել է միայն այն ժամանակ, երբ Նարեկի ծնողները հասկացել են, որ բժիշկները շփոթել են երեխաներին: Երեխաների կյանքին որեւէ վտանգ չի սպառնում, սակայն բժիշկները պատժվել են:

Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ բժշկական կենտրոնում կատարված ստուգմամբ աշխատակիցների թույլ տրված բացթողումների եւ սխալների հետեւանքով անհիմն վիրահատական միջամտություն կատարելու առնչությամբ աշխատանքից երեկ ազատվել են կենտրոնի մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ռ. Անտոնյանը, վիրահատարանի բաժանմունքի վարիչ անեսթեզիոլոգ Մ. Դալլաքյանը, վիրաբուժական բաժանմունքի բուժքույր Ե. Մաթեւոսյանը եւ վիրահատարանի բուժքույր անեսթեզիստ Վ. Հայրապետյանը:

Բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանին հայտարարվել է խիստ նկատողություն. քաղաքապետն առաջարկել է քննարկել նրա հետագա պաշտոնավարման նպատակահարմարությունը:

Խիստ նկատողություն է հայտարարվել բուժգծով փոխտնօրեն Լ. Գրիգորյանին, մանկականի գծով օգնական Ա.Հարությունյանին եւ մանկական վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ Ա. Գեւորգյանին:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն «Ազգ» -ի հետ զրույցում կատարվածը համարեց բժշկական սխալ, բացթողումների եւ անփութության շղթա:

«Նարեկ Գալստյանին 2 տարի առաջ ես եմ վիրահատել, հետեւաբար ծնողները գիտեն, որ սա ընդամենը բացառիկ ու տարօրինակ զուգադիպություն է, որը այլեւս չի կրկնվի»: Դալլաքյանը պատմում է, որ վիրահատությունից հետո այցելել է երկու երեխաներին: «Գեւորգին հենց նույն օրը վիրահատել են, նա իրեն լավ է զգում: Առողջական որեւէ խնդիր չունի նաեւ Նարեկը: Վիրահատություն որպես այդպիսին չի եղել, ընդամենը կատարվել է փոքրիկ կտրվածք, որը միանգամից կարվել է: Հետեւաբար անհիմն են լուրերը, թե բժիշկները սխալ վիրահատություն են կատարել երեխայի օրգանները վաճառելու նպատակով: Տարեկան ավելի քան 10.000 հիվանդ ենք ունենում: Սա առաջին նման դեպքն է մեր կենտրոնում, առաջինն ու, հավաստիացնում եմ, վերջինը», ասաց Դալլաքյանը` հավելելով, որ կատարվածը լուրջ ուսումնասիրության է ենթարկվել ոչ միայն առողջապահության նախարարությունում եւ քաղաքապետարանում, այլեւ բժշկական կենտրոնում: «Կատարված որոշումներն ու տույժերը իրավացի են», ասաց Դալլաքյանը` ընդգծելով, որ ինքն էլ որպես կենտրոնի տնօրեն պատասխանատվության իր բաժինն ունի կատարվածի առնչությամբ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4