«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2011-05-07 | #83, 2011-05-10 | #84, 2011-05-11


ՇԱՐՔԱՅԻՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Արդեն տեւական ժամանակ է Թուրքիայի քաղաքական մեքենան` ի դեմս երկրի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի, վարչապետ Թայիփ Էրդողանի, թիրախ է ընտրել Հայաստան-Սփյուռք օրեցօր ամրապնդվող գործակցությունը: Կիրառելով ապատեղեկատվության, կեղծիքի եւ տեղեկատվական հարձակման այլ մեթոդներ` Թուրքիան փորձում է արհեստական խնդիրներ եւ անջրպետներ առաջացնել Հայաստանի ու Սփյուռքի միջեւ: Սակայն ցավալի է, որ թուրքական մամուլում տեղ գտած ապատեղեկատվությունը կամ ուղղորդված կեղծիքը երբեմն թարգմանաբար եւ առանց մասնագիտական զտման տեղ է գտնում հայկական լրատվամիջոցներում եւ փաստացի մենք հայտնվում ենք թուրքական տեղեկատվական որոգայթներում: Նմանատիպ մի որոգայթ էլ երեկ տպագրվեց թուրքական «Հյուրիեթ» թերթում եւ թարգմանաբար տարածվեց հայկական լրատվամիջոցներում:

Օրերս ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է Ստամբուլ` մասնակցելու կանանց համաշխարհային գագաթաժողովին, որից հետո էլ հանդիպել է Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ժամանակ տիկին Հակոբյանը Սփյուռքի նախարարության մեդալներ է հանձնել Պոլսի համայնքի արվեստի, մշակույթի մի շարք անվանի գործիչների (տեսՙ էջ 6): Թուրքական «Հյուրիեթ» թերթը անդրադառնալով Սփյուռքի նախարարի այցին` նշել է, թե իբրեւ պոլսահայ համայնքի շատ ներկայացուցիչներ վրդովված են նախարարի այցից եւ հանձնած մեդալներից, քանի որ «Նախարարը նրանց համարել է սփյուռքահայ, մինչդեռ պոլսահայերը իրենց չեն համարում սփյուռքահայ, քանի որ ապրում են իրենց նախնիների երկրում»: Հարկ ենք համարում հատուկ շեշտել, որ սա բացահայտ ապատեղեկատվություն է եւ կեղծիք: Խնդիրն այն է, որ պոլսահայերը, իրոք, իրենց չեն համարում սփյուռքահայ, քանի որ ապրում են այն երկրում, որտեղ ապրել են իրենց նախնիները եւ պոլսահայերի այս յուրահատուկ կարգավիճակի մասին Սփյուռքի նախարարը քաջատեղյակ է: Համայնքի հետ հանդիպման ժամանակ Հրանուշ Հակոբյանը հստակ նշել է, որ ինքը Պոլսի հայ համայնքին չի համարում Սփյուռք, ավելինՙ նրանց դիտում է իբրեւ Սփյուռք ստեղծած համայնք, ինչը իրավացի է, քանի որ հենց Թուրքիայի հայության փրկված բեկորներից է գոյացել Սփյուռքը (ի դեպ, այն միտքը, որ պոլսահայերին չի կարելի է համարել սփյուռքահայեր, հստակ արտահայտված է 2010 թ. Սփյուռքի նախարարության կողմից հրատարակված «Ակնարկ Ստամբուլի հայ համայնքի պատմության» գրքում): Ինչպես մեզ փոխանցել է Հրանուշ Հակոբյանին Ստամբուլում ուղեկցած թուրքագետ Աշոտ Սողոմոնյանը . «Նախարարի այդ հայտարարությունը շատ լավ ընկալվեց համայնքում եւ հանդիպմանը ներկա շատերը գոհունակությամբ շեշտում էին, որ տիկին Հակոբյանը ճիշտ շեշտադրումներով անդրադարձավ իրենց կարգավիճակին»:

Իսկ ինչ վերաբերում է Սփյուռքի նախարարության մեդալներին, ապա դրանք տրվում են Հայաստան-Սփյուռք համագործակցությունը խթանող մարդկանց եւ ինչպես երեկ, այնպես էլ այսօր Պոլսում ստեղծվող հայկական մշակույթը համահայկական է, դրանից օգտվում են ինչպես հայաստանցիները, այնպես էլ հայկական Սփյուռքը եւ իրոք օգնում է Հայության միջեւ գործակցության զարգացմանը:

Այսպիսով` կարող ենք փաստել, որ «Հյուրիեթ»-ի ու նրան հղում արվող տեղեկատվությունը, մեղմ ասած, չի համապատասխանում իրականությանը: Խորհուրդ կտանք իրականությունը պարզ տեսնելու համար կարդալ պոլսահայ «Մարմարա» օրաթերթը, որտեղ մանրամասն ներկայացված է Սփյուռքի նախարարի այցելության յուրաքանչյուր օրը:

ՌՈՒԲԵՆ ՄԵԼՔՈՆՅԱՆ, Թուրքագետ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4