«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#82, 2011-05-07 | #83, 2011-05-10 | #84, 2011-05-11


ԴԱՐԱԿԵՍԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ 80 ՏՈԿՈՍԸ ԿՍՏԱՑՎԻ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼԻ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻՑ

21-րդ դարի կեսերին էներգիայի վերականգնելի աղբյուրների յուրացման տեխնոլոգիաները թույլ կտան ապահովել համաշխարհային կարիքների 80 տոկոսը, նշվում է Աբու Դաբիում ավարտված Կլիմայափոխության փորձագետների միջկառավարական խմբի (ԿՓՄԽ) նոր զեկուցագրում:

BBC-ի տվյալներով, էլեկտրաէներգիայի արտադրության մեջ ներկայումս կատարվող ներդրումների գրեթե կեսն ուղղվում է էներգիայի վերականգնելի աղբյուրներին: Փորձագետների 1000-էջանոց զեկուցագիրը հրապարակվելու է մայիսի վերջերին:

«Վերականգնելի» կոչվում են էներգիայի անածխաջրածնային աղբյուրները (արեւի, ջրի, քամու էներգիան, ինչպես նաեւ կենսազանգվածը):

Ներկայումս աշխարհում արտադրվող էներգիայի ընդհանուր ծավալի 12,9 տոկոսը ստացվում է վերականգնելի աղբյուրներից: Փայտը միայն պայմանականորեն կարելի է համարել վերականգնելի աղբյուր, քանի որ նոր զարգացող երկրներում հատվող ծառերի փոխարեն միշտ չէ, որ նորերն են տնկում:

Ամենից արագ զարգանում է արեւային էներգետիկան. 2009-ին դրա արտադրությունն աճել է 53 տոկոսով: Բայց արեւային պանելները թանկ են եւ նախընտրելի են ոչ ամենուրեք:

ԿՓՄԽ-ի զեկուցագրում վերլուծվում է էներգետիկայի զարգացման 164 սցենար: Վերականգնելի աղբյուրների առավել ակտիվ ներդրման դեպքում 2050-ին ջերմոցային գազերի արտանետումները այսօրվա համեմատությամբ կարող են կրճատվել 1/3-ով:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4