Սարաեւոյի շախմատի մրցաշարի հանգստյան օրը շախմատիստներից շատերը կրկին նստեցին խաղասեղանների շուրջըՙ մասնակցելով կայծակնային մրցախաղի: 13 տուրից բաղկացած կայծակնային մրցաշարում իրեն գերազանց դրսեւորեց Հրանտ Մելքումյանըՙ 11 միավորով արժանանալով գլխավոր մրցանակին: 10 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց Արկադի Նայդիչը, որից կես միավորով հետ մնացին Վիկտոր Էրդոսը, Բորկի Պրեդոեւիչը եւ Կիրիլ Գեորգիեւը:
Մելքումյանը հաղթեց Դեյան Մարիանովիչին, Աթիֆ Դումպորին, Մարիո Տուչակովիչին, Վիտոմիր Արապովիչին, Ջելջկո Բոգուտին, Վիկտոր Էրդոսին, Դրագան Սոլակին, Դանիլո Միլանովիչին, Լուկա Լենիչին եւ Իբրո Սարիչին: Յան Սմիթսի եւ Արկադի Նայդիչի հետ պարտիաները հայ շախմատիստն ավարտեց ոչ-ոքի, իսկ միակ պարտությունը կրեց 6-րդ տուրում չեռնոգորցի Նիկոլա Դյուկիչից:
Կայծակնային մրցախաղում տոնած հաղթանակը ոգեւորել էր Հրանտին, որը դասական շախմատի մրցաշարի 6-րդ տուրում վերելքով խաղաց ու սեւերով պարտության մատնեց Մոհամեդ Ալ Սայեդին: Այս հաջողության շնորհիվ Մելքումյանը բարելավեց մրցաշարային վիճակը ու 15 միավորով ընթանում է 4-րդ տեղում: Քանի որ հաղթանակի համար տրվում է 3 միավոր, ուստի այս մրցաշարում հաղթանակի արժեքը շատ բարձր է:
Աղյուսակը 16 միավորով գլխավորում է վրացի Բայադուր Ջոբավան: Նա պարտության մատնեց միանձնյա առաջատար Իվան Սարիչին: Վերջինս Էմիլիան Պարլիգրասի, Հրանտ Մելքումյանի եւ Մաթեյ Սեբենիկի հետ 15 միավորով հետապնդում է առաջատարին: 7-րդ տուրում մեծ հետաքրքրությամբ է սպասվում Մելքումյանի մրցավեճը Ջոբավայի հետ: