Փոխարենը «Չակա չական» էլ «Քելե-քելեի» նման դիսկո հիթ դարձավ
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Դյուսսելդորֆ, Գերմանիա
Ինչպե՞ս կանցնի եզրափակիչնՙ առանց «Հաբա հաբա»-յի ու «Չակա չակա»-յի, սա մայիսի 10-ին սկսված եւ 11-ի առավոտյան գերմանացի մեր գործընկերներիՙ ARD-ի եւ NDR-ի հաղորդավարների առաջին, բայց միակ տխուր զարմանքը չէ եվրատեսիլյան առաջին կիսաեզափակիչի անակնկալ արդյունքներից, որ դեռեւս քննարկվում է, բայց եւ առեղծվածային բացատրություն չի փնտրվումՙ ESC-ը անկանխատեսելի մրցույթ է, շեշտում են մասնագետներըՙ զարմացած նաեւ, որ 1995-ից եզրափակիչում միշտ բարձր հորիզոնականներ զբաղեցրած «իրենց ընկերները»ՙ թուրքերը դուրս են մնացել մրցապայքարից, փոխարենը «կովկասյան Halloween-ի հանդերձանքով», հարդռոքային երգով, կանխատեսումների համաձայն եզրափակիչ «չանցնող» Վրաստանն ավելի արժանի համարվեց մրցապայքարը շարունակել: Ազնիվ չի լինի, եթե չնշենք, թե Թուրքիայի դուրս մնալն էլ այդուհանդերձ կանխագուշակել էին մերՙ «Ռայնիշե փոստի» գործընկերները, փոխարենը շեշտելով, թե շաբաթ օրը «Հայաստանի մեծ մրցամարտի օրն է լինելու: Սկզբումՙ Էմմին կերգի, հետոՙ ռինգ կմտնի Արթուրը»: Ափսոս, իհարկե, որ առաջին կանխատեսումը այդպես էլ չիրականացավ, հուսանք, որ իսկական ռինգում Արթուրի «բումը» հաղթական նոկաուտ կդառնա: Մեր նախորդ հրապարակման մեջ կոչ էինք արել sms քվեարկություններով ձայն տալ Հայաստանի օգտին: Այս անգամ, ինչպես իրազեկ դարձանք շոուն հեռարձակող գերմանական Pro Sieben հեռուստատեսությունից, զանգահարելով քվե տալու հաճույքից զրկված էր Գերմանիան, իսկ ժյուրիի հետ 50:50 ձայնի իրավունք ունեին միայն Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան: Հենց նրանց ընտրությամբ էր, որ Նորվեգիան ներկայացնող Սթելլա Մվանգիի լեզվական պատնեշով չկաշկանդված «Հաբա հաբա»-ն ու Դյուսսելդորֆում Party hit-ի վարկանիշ ունեցող Էմմիի «Չակա չակա»-ն չանցան, իսկ մայրենի սերբերենով եզրափակիչ փուլ հասավ 60-ականների սոուլ ներկայացնող Նինան, կամՙ 7 տարի եզրափակիչի ուղեգրի սպասող Շվեյցարիան, որ համոզեց Աննա Ռոսսինելլիի հրաշալի ձայնով:
Մեկնաբանների ու բլոգերների մի մասը զարմացած են, որ «հնաոճ» Իսլանդիան առաջ անցավ ֆավորիտներից, մյուս մասը «բարոյական» է համարում, որ երգը կատարող հունվարին մահացած «Sjonni»-ի հիշատակին այն Դյուսսելդորֆում հնչեցնելու առիթը բաց չեն թողել նրա ընկերներըՙ եզրափակիչ փուլ անցնելով: Մի մասը թերահավատ էր նաեւ Ֆինլանդիայի հարցում, բայց ֆինն կիթառով երգչի անմեղ ժպիտը, մոլորակը փրկելու սիրտ ջերմացնող շոուն այդուհանդերձ հայտնվեց 10-յակում: Ոմանք պնդում են, թե հենց նա է ESC-ի 2011-ի հաղթողը: Դյուսսելդորֆում ներկա լրագրողների կարծիքով, Լիտվան տանուլ էր տալու, բայց Էվելինա Սասենկոյի միակ ֆրանսալեզու երգին մայիսի 14-ին ունկնդրելու եւս մեկ առիթ տրվեց: Հունգարիան ներկայացնող ֆավորիտ համարվող Կատի Վոլֆը անցավ եզրափակիչ, տասնյակում հայտնվեց նաեւ Հունաստանի Hip-Hop-ի եւ Bouzouki-ի խառնուրդ երաժշտական համարը, որ երկրպագուների մեծ բանակ չէր հավաքել:
Դյուսսելդորֆի Esprit արենայում առաջին կիսաեզրափակիչին ներկա 16 000 հանդիսատեսն ի՞նչ կարծիք ուներ Ադրբեջանի դուետի ներկայացումից, պարզ չէ, բոլորի ելույթներին էլ դրոշներ են ծածանում, արձագանքում, բայց մեկնաբանները, մասնավորապես ARD -ի մարզական մեկնաբան Ֆրանկ Մայերը, որ լուսաբանում է ESC, սիրահարվել է հենց նրանցՙ «հրաշալի փոփ երգ ու շատ sexy են» բացատրությամբ: «Հստակ, գեղեցիկ բեմադրությունՙ էլեգանտ ու տաք», մեր արեւելյան հարեւանների սիրո պատմության մասին գրում է մեկ ուրիշՙ ESC -ի տարիների փորձով հարուստ մեկնաբան Յան Ֆեդդերզենն իր բլոգում: «Ռայնիշե փոստի» կանխատեսմամբՙ «ով սիրով է ապրում, անմահ է, ուրեմնՙ եզրափակիչ»:
ESC-ի շոուին այլեւս երկար հագուստներ չեն կրում, մոդեռն փոփ փառատոն է դարձել, որ Դյուսսելդորֆում առավել շեշտվեց հենց բեմումՙ Անքե Էնգելքե, Յուդիթ Ռաքերս, Շտեֆան Ռաաբ հաղորդավարների տրիոն սրա հետ մեկտեղ սակայն նոր նշաձող սահմանեցՙ հանդիսությունն աշխույժ եռալեզուՙ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն վարելու վարպետությունը:
Եվրոտեսիլի մասին կարծիքներն, իհարկե, նույն վերնագրի տակ չես տեղավորի, մանավանդ Գերմանիայում, ուր նույնիսկ անցյալ տարվա հաղթանակից հետո, մեծամասնությունըՙ Լենա Մայեր Լանդհութի հաղթանակը համազգային տոնախմբության վերածելու փոքրամասնության փորձերը այնպիսի ծաղրով ընդունեց, որ կարելի էր մտածելՙ գերմանացիները հայրենասիրական զգացումներից զուրկ են կամ էլՙ ազգովին ուրախանալ չգիտեն: Հապճեպ ծագած միտքը նույնքան արագ չքանում է, երբ հիշում ես ֆուտբոլային հրավառությունները: Ինչեւէ, եթե երկրպագում են, դիտում շոուն, այդուհանդերձ կողմնացույցի սլաքը դրանից հետո չի կորցնում պտուտակն ու մի կետում մնում, լուրջ արվեստին պետության ֆինանսավորմամբ հենակ դառնալը երկրում առաջնորդող է կարծես, եթե հաշվի չառնենք «հաճույք» բառի առօրյա շահարկումը: Ուրեմն Եվրոտեսիլը ոչ այնքան երկրի արժանապատվության, պատվի, արվեստում խոսք ասելու եւ այլ «ծանր», «լուրջ» բառերի պարտադրանք է դառնում, ինչպես, մեր տպավորությամբ, որոշ լրատվամիջոցներ են Հայաստանում ներկայացնում, այլ ասենք սպորտային մի միջոցառում է, հաճույքի առիթ, որ իրար մոտ է խմբում մարդկանց, ուրախ տրամադրություն պարգեւում. Գերմանիայում, նկատել եմ, սովորաբար այդ օրը հավաքվում են, ուտում-խմում ու հավանած թեկնածուին քվե են տալիս: Թեպետ Հայաստանին չհաջողվեց «բում» անել ու հասնել եզրափակիչ, բայց Էմմիի «Չակա չակա»-ն բարձրացրեց շատերի տրամադրությունը, հաճույքի, ժամանցի երգացանկը նորացնելով, միգուցե դա էլ վատ չէ: Բայց սրա մասինՙ հաջորդ անգամ: