«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#83, 2011-05-10 | #84, 2011-05-11 | #85, 2011-05-12


ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ ՀՐԱԴԱԴԱՐԻՑ 17 ՏԱՐԻ ԱՆՑ

Ղարաբաղյան հակամարտության ակտիվ ռազմական փուլի դադարից անցել է 17 տարի: 1994թ. մայիսի 12-ին կնքված հրադադարը, թեեւ պարբերական խախտումներով, այնուամենայնիվ հնարավորություն տվեց խնդրի դիվանագիտական կարգավորման փուլ մեկնարկել: Մեկ եւ կես տասնամյակը, ոմանց կարծիքով, այնքան էլ երկար ժամանակահատված չէ նման բարդ խնդրի կարգավորման հասնելու տեսանկյունից, մյուս կողմից, սակայն, համաշխարհային ժամանակակից պատմության ընթացքում բոլորս ականատես եղանք նախկին Հարավսլավիայի տարածքում մի շարք արյունահեղությունների, որոնք միջազգային հանրությանը ստիպեցին հնարավորինս արագ կարգավորման մոդելներ մշակել: Որքանո՞վ են վերջիններս կիրառելի նախկին խորհրդային տարածքիՙ մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեսանկյունից, կա՞ն արդյոք ընդհանրություններ կարգավորման գործընթացներում, ո՞ւր ենք հասել զինադադարից 17 տարի անց:

«Բոլոր երջանիկ ընտանիքները նման են միմյանց, ամեն դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի»,- հավաստում էր ռուս մեծ գրող Լ. Տոլստոյը: Երջանիկներին թերեւս միավորում է որոշակի խնդիրների բացակայությունը, մինչդեռ դժբախտության հիմքերը բազմաթիվ կարող են լինել: Նույնը կարելի է ասել նաեւ հակամարտությունների մասին. սակայն որքան էլ բազմազան լինեն հակամարտությունների դրդապատճառները, միջազգային սահմանված իրավակարգի եւ ավանդույթների պայմաններում ծայրահեղ օրիգինալ լուծումները քիչ հավանական են թվում:

Անկախության համար պայքարող ազգերի ու ժողովուրդների խնդիրների կարգավորման մեխանիզմներ միջազգային հանրությունը վաղուց է փորձում մշակել. այսպես էլ ծնվել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Սակայն ի երաշխավորումն սահմանված կարգերի պահպանման` մշակվել են նաեւ այդ իրավունքի իրացման տարբեր մակարդակներ: Բազմաթիվ հանգամանքներից ելնելովՙ որոշ ժողովուրդների իրենց պայքարում հաջողվում է հասնել առավելագույնինՙ անկախության եւ դրա ճանաչման, մյուսներինՙ ոչ: Բալկանների ժամանակակից պատմությունն ի դեմս նախկին Հարավսլավիայի իրադարձությունների լավագույն օրինակն էր. անկախության համար պայքարող ոչ բոլոր միավորներին հաջողվեց հասնել իրենց նպատակին, փոխարենը նրանք ստացան ինքնավարության տարբեր աստիճաններ անկախացած միավորների կազմում:

Նման օրինակ է նախկին հարավսլավական հանրապետություններից Բոսնիա-Հերցեգովինայի համադաշնությունը (մայրաքաղաքըՙ Սարաեւո), որը ձեւավորվեց 1992-95թթ. բոսնիական պատերազմի արդյունքում, երբ միմյանց դեմ պատերազմում էին սերբերը, բոսնիացիները, խորվաթները:

Պետական այս միավորումն այժմ կազմված է Բոսնիա-Հերցեգովինայի Դաշնությունից (կենտրոնըՙ Սարաեւո), Սերբական Հանրապետությունից (կենտրոնըՙ Բանյա Լուկա) եւ միաժամանակ այս երկու միավորումների տարածք համարվող ու միջազգային հսկողության տակ գտնվող Բրչկո մարզից: Չնայած Սերբական Հանրապետությանՙ Սերբիայի հետ միավորվելու կամ անկախություն ստանալու բոլոր ջանքերինՙ այդ ձգտումը դեռ չի հաջողվել իրականացնել, ավելին ՄԱԿ-ի ԱԽ 787(1992) բանաձեւով դատապարտվել է հանրապետության անկախության միակողմ հռչակումը:

Ճիշտ հակառակ պատկերին ենք ականատես լինում Կոսովոյի պարագայում: Դժվար է ասելՙ անկախության այս երկու պայքարների գլխավոր տարբերությունը ո՞րն էրՙ բացի պայքարողների էթնիկ ծագումից: Հնարավոր էՙ նախկին Հարավսլավիայի մասնատման սցենարների կարեւորագույն բաղկացուցիչներից մեկն էլ այդ տարածքի էթնիկ խմբերից որեւէ մեկիՙ մյուսների նկատմամբ գերակայության բացառումն էր: Ի դեպ, այս հիմնավորմամբ է հենց ընտրված Բոսնիա-Հերցոգովինայի ֆեդերատիվ կառուցվածքը:

Թեեւ նախկին Հարավսլավիայի տարածքում կոմպակտ բնակվող ոչ բոլոր էթնիկ խմբերին հաջողվեց անկախություն ստանալ իրենց բնակության վայրերում, այնուամենայնիվ հակամարտությունների կարգավորման մեխանիզմները բավականաչափ ընդհանրություններ ունեին: Ասվածն ակնառու է մասնավորապես, երբ միմյանց հետ համեմատում ենք Դեյթոնի համաձայնագիրը, որով ժամանակակից Բոսնիա-Հերցեգովինայի հիմքը դրվեց, եւ Ռամբուեյի փաստաթուղթը, որով 1999թ. փետրվարին միջնորդներն առաջարկում էին Կոսովոյի խնդրի կարգավորում: Եթե առաջինը նախատեսում էր Սերբական Հանրապետության եւ Բոսնիա-Հերցեգովինա Դաշնության միավորմամբ ձեւավորված ընդհանուր պետություն, որի երկու բաղադրիչներն ինքնավարության բավականին լայն աստիճան էին ստանում, ապա Ռամբուեյի փաստաթղթով գրեթե նույն մոդելն էր առաջարկվում Սերբիայի եւ Կոսովոյի համակեցության համար: Համաձայնագիրը, որը 1999թ. մարտին ստորագրվել էր Կոսովոյի ալբանացիների, ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի պատվիրակությունների կողմից, մերժեցին սերբերը, որից հետո Կոսովոյում սկսվեցին ՆԱՏՕ-ի գործողությունները:

Առաջին հայացքից իսկ աչքի է ընկնում Դեյթոնյան կարգավորման, Ռամբուեյի համաձայնագրի, ինչպես եւ ղարաբաղյան կարգավորման գործընթացում «ընդհանուր պետություն» (1998թ.) անվանված կարգավորման փաթեթների նմանությունը: Հիշեցնենք, որ վերջինս Արցախի համար բավականին լայն ինքնավարություն էր նախատեսում Ադրբեջանի կազմում: Վերջինս, ինչպես եւ Սերբիան, մերժեց միջնորդների առաջարկած տարբերակըՙ ինքնավարության նախատեսված աստիճանը համարելով անընդունելի: Այսպիսով փաստորեն, ինչպես Բելգրադն, այնպես էլ Բաքուն միջազգային ընկալման մեջ ամրագրեցին այն դրույթը, որ նախկին մետրոպոլիաները նույնիսկ սեփական պետության կազմում պատրաստ չեն հանդուրժել ինքնուրույնության ձգտող միավորների ազատության որեւէ աստիճան:

Կոսովոյի կարգավորման գործընթացում Ռամբուեյի համաձայնագրից հետո առաջարկված կարգավորման հաջորդ փաթեթը 2006-ի փետրվարին ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Ահթիսաարիի ներկայացրած նախագիծն էր, որը փաստորեն հանգեցրեց նախկին հարավսլավական երկրամասի փաստացի անկախությանը եւ միջազգային հանրության որոշակի հատվածի կողմից դրա ճանաչմանը:

Գալով արցախյան հակամարտությանըՙ նշենք, որ կարգավորման «ընդհանուր պետության» փաթեթից հետո առաջարկված տարբերակները փաստորեն նույնպես չէին կարող հետընթաց քայլ արձանագրել Արցախի կարգավիճակի տեսանկյունից: Այս հանգամանքով է հենց պայմանավորված «մադրիդյան սկզբունքներ» կոչվող կարգավորման ներկա փաթեթում իրավական պարտադիր ուժ ունեցող արցախցիների կամարտահայտության միջոցով Ղարաբաղի կարգավիճակը սահմանելու մասին դրույթի առկայությունը: Փաստորեն պատերազմական գործողությունների դադարից հետո գրեթե երկու տասնամյակ էր անհրաժեշտ, որպեսզի միջազգային հանրությունը գա ընկալման, որ Արցախի ճակատագիրը պետք է տնօրինեն արցախցիները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4