«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2011-05-11 | #85, 2011-05-12 | #56, 2011-05-13


ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՊԱՏՐԻՑԻԱ ՖԼՈՐԻՆ

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է ԳԴՀ արտաքին գործերի նախարարության Արեւելյան Եվրոպայի, Կովկասյան տարածաշրջանի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ներկայացուցիչ, դեսպան Պատրիցիա Ֆլորին: Գերմանացի պաշտոնյայի երկօրյա այցի նպատակը հայ-գերմանական քաղաքական խորհրդակցությունների անցկացումն է, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկումը պետական կառույցների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստան-Թուրքիա եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Հայաստան-Ադրբեջան հարաբերություններին: Տիկին Պատրիցիա Ֆլորը ափսոսանք է հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի կասեցման կապակցությամբ եւ հույս հայտնել, որ այդ դադարը ժամանակավոր բնույթ է կրում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին` Արթուր Բաղդասարյանն ընդգծել է, որ Հայաստանը միշտ եղել է հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով լուծելու կողմնակից` համարելով, որ փոխընդունելի փոխզիջումը առավել ողջամիտ է, քան անիմաստ առճակատումը: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման համատեքստում Հայաստանի դիրքորոշումը մնում է բաց եւ պարզ, իսկ մոտեցումը` կառուցողական, այնինչ Թուրքիան որդեգրել է այլ ուղի` ի սկզբանե նախապայմաններ դնելով հարաբերությունների կարգավորման հիմքում: ԱԱԽ քարտուղարն այնուամենայնիվ հույս է հայտնել, որ հարաբերությունների կարգավորման գործընթացը վերջնականապես տապալված չէ, եւ որ Թուրքիայում կձեւավորվի բարենպաստ մթնոլորտ` առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու համար:

Հյուրի խնդրանքով Արթուր Բաղդասարյանն ամփոփ կերպով ներկայացրել է Ազգային անվտանգության խորհրդի հանձնառությունը եւ գործառույթները` նշելով, որ իր ղեկավարած կառույցը խիստ կարեւոր դերակատարություն է ստանձնել, այն է` եվրոպական կառույցների հետ համագործակցությամբ եւ երկրի ռազմավարական զարգացման բոլոր հիմնական ուղղություններին ներդաշնակ բազմաթիվ բարեփոխումային ծրագրերի քննարկում եւ ընդունում, ինչպես նաեւ այդ ծրագրերի իրականացման ընթացքի համակարգում եւ դրանց արդյունքների դիտարկում եւ մոնիտորինգ:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները բավականին արագ տեմպերով զարգանում են, հատկապես Արեւելյան գործընկերության շրջանակներում: Միեւնույն ժամանակ նա կարեւորել է հայ-գերմանական երկկողմ համագործակցության հետագա խթանման անհրաժեշտությունը` առաջարկելով ստեղծել կոնկրետ մեխանիզմներ` Գերմանիայի մասնակցությունը հայաստանյան մի շարք բարեփոխումներին առավել առարկայական դարձնելու նպատակով:

Տիկին Պատրիցիա Ֆլորն իր հերթին ասել է, որ պատրաստ է ըստ ամենայնի աջակցելու Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան բարեփոխումների իրականացման գործընթացին:

Կողմերը համաձայնության են եկել այս հարցերի շուրջը առավել կոնկրետ որոշումներ ընդունել այս տարի հուլիսին կայանալիք հայ-գերմանական միջկառավարական քննարկումների ժամանակ:

ԱԱԽ մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4