Ասիայի եւ Միջին Արեւելքի գրքի մեծագոյն տօնավաճառ-ցուցահանդէսը ամէն տարի գարնանը տեղի է ունենում Իրանի մայրաքաղաք Թեհրանում:
Ցուցահանդէսը բացւեց մայիսի 4-ին եւ իր աշխատանքն աւարտելու է Մայիսի 14-ին:
Բացումը կատարեց երկրի նախագահ դոկտ. Մահմուդ Ահմադինեժադը:
Ցուցահանդէսը իր ներկայութեամբ պատւեց Իրանի իսլ. առաջնորդ Այաթոլահ Խամէնէին:
Տաս օրերի ընթացքում մի քանի միլիոն գրքասէր այցելու ունեցող ցուցահանդէսը տեղի է ունենում Թեհրանի մեծագոյն մզկիթում` Մոսալայում, քաղաքի կենտրոնական եւ բանուկ պողոտաներից մէկում, եւ խցանում բնականոն երթեւեկութիւնը:
Ցուցահանդէսը ոչ միայն գրքի վաճառման վայր է, այլեւ հրատարակիչների, գրողների, ուսումնական կենտրոնների, գրողների եւ ընդհանրապէս գիտութիւնների, լեզւի եւ գրականութեան ու մշակոյթի ոլորտներում աշխատողների հանդիպման վայր, որոնք գալիս են Իրանի ամենահեռաւոր վայրերից եւ այս շփումները նպաստում են ստեղծել համագործակցութեան եւ բիզնեսի նոր հնարաւորութիւններ:
Թեհրանի գրքի միջազգային ցուցահանդէսում ներկայ են տարածաշրջանային եւ Եւրոպական բազմաթիւ հրատարակչութիւններ:
Այս տարի տպաւորիչ մասնակցութիւն ունէին Չինաստանը, Հիւսիսային Կորէան, Ճապոնիան: Արաբական երկրների համար առանձին մեծ տարածք էր յատկացւած: Ադրբեջանի եւ Թուրքիաի դեսպանատները եւ թուրքական հրատարակչութիւնները նոյնպէս ներկայացել էին մեծ տաղաւարներով:
Ռուսաստանի դաշնութիւնը մեզ անյայտ պատճառներով բացակայում է, թէպէտ ռուսական լեզւի ու գրականութեան հանդէպ հետաքրքրութիւնը եւ պահանջը ցուցահանդէսից ցուցահադէս աճում է: Այդ պահանջը մասամբ բաւարարում է Իրանի միակ հայալեզու հրատարակչութիւնը` «Նայիրի»-ին, որը ռուսերէն գրքեր է ներմուծել Մոսկւայից: «Նայիրի»-ին նաեւ բացի իր հրատարակութիւններից, գրասէրներին բաւարարարում է իր պարսկալեզու հրատարակութիւններով` Պաստրմաճեանի «Հայոց պատմութիւն», «Ագաթանգեղոս», «Հայաստանը եւ Սելեւկեանները», «1915, Անհերքելի փաստաթղթեր», Պարսկերէն-Հայերէն եւ Հայերէն-Պարսկերէն բառարան, եւ ՀՀ-ից ներմուծւած գրքեր, Հայաստանի Հանրագիտարան, Սարգիս Խաչենց, Անկիւնաքար, Արեւիկ եւ այլ հրատարակչութիւններից:
Իրանական հրատարակչութիւնները իրենց բազմազանութեամբ եւ թւաքանակով, բնականաբար ամենամեծ տեղն են գրաւում: Ակադեմիական, համալսարանական, մանուկների, բժշկական գիտութիւնների հրատարակչութիւնները մարդաշատ են եւ բազմաթիւ:
Հայաստանի Հանրապետութեան տաղաւարը բացւեց մէկ օր ուշացումով: Քիչ էր մնում, որ պատասխանատուները թափուր տաղաւարը յանձնէին ուրիշի: Սակայն Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանին յաջողւեց ցուցահանդէսի երկրորդ օրը բացել տաղաւարը:
Հէնց յաջորդ առաւօտեան պարզ դարձաւ, որ տաղաւարից բացակայում են Հայաստանի քարտէզը եւ պատմամշակութային կոթողների մեծադիր պաստառները: Չէին զլացել տանել նաեւ բազկաթոռներն ու սեղանը: Դեսպանութեան բողոքը պատճառ դարձաւ, որ վերադարձւի «գողօնը», Իրանի արտգործնախարարութեան եւ Մշակոյթի եւ իսլամական կողմնորոշման նախարարութեան կարգադրութեամբ:
Արդէն պարզ է թէ լոբբիստական ինչպիսի աշխատանքի եւ ազդեցութեան հետեւանք էր այդ պարզունակ ու ոչ ազնիւ քայլը, քանի որ այն կրկնւում է այս էլ մի քանի տարի:
ՀՀ տաղաւարում հայերէն գրքերը բազմազան են, սակայն ենթակայ չեն վաճառքի. պակասում են այլ լեզուներով ՀՀ մասին տեղեկատու գրքոյկներ, քարտէզներ, բարձրագոյն ուսումնական հաստատութիւնների, մշակութային կոթողների եւ զբօսաշրջութեան մասին պատմող վաճառքի ենթակայ խտասալիկներ եւ այլն:
Տաղաւարի ուշացումով բացման եւ տաղաւարի կողոպուտի առիթով զրուցեցինք ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելեանի հետ, յայտնելով մեր դժգոհութիւնը:
Պարոն դեսպանը տեղեկացրեց, որ դիւանագիտական ճանապարհով հարթւել են բոլոր խնդիրները: ՀՀ դեսպանատունը 5 տարի է, որ մասնակցում է այս ցուցահանդէսին եւ ցանկանում է Հայաստանը եւ հայ գիրքը լաւագոյնս ներկայացնել, սակայն առկայ են մի քանի հանգամանքներ եւ սահմանափակումներ: Թէ որոնք են այդ սահմանափակ հնարաւորութիւնները, դեսպանը մատնանշեց միայն մարդուժը եւ բիւջէն: Թւում է թէ ՀՀ դեսպանատան մշակութային բաժինը բաւարար կարեւորութիւն չի տւել Հայաստանը լիարժէք եւ պատշաճօրէն ներկայացնելու տարածաշրջանի կարեւորագոյն մշակութային միջոցառմանը: Պարոն դեսպանն ասաց, որ հասկանում է մեր ընդվզումը եւ յայտնեց, որ դեսպանութիւնում բոլորն էլ լաւապէս հասկանում են գրքի արժէքը, յատկապէս, որպէս մի երկիր, որ հազարամեայ փորձ, հարուստ ժառանգութիւն եւ գրքի պաշտամունք ունի: ՀՀ դեսպանութեան ներկայութիւնը գրքի միջազգային յաջորդ ցուցահանդէսում կը լինի պատշաճ եւ կը վերացւեն բոլոր թերութիւնները:
ՀՀ դեսպանը բազմաթիւ հարզազրոյցներում, որոնք տւել է հէնց ցուցահանդէսի առաջին երկու օրերում Իրանի լրատւական գործակալութիւններին, յայտարարել է Հայ տպագիր գրքի 500 ամեակի տօնակատարութիւնների եւ 2012 թւականին Երեւանը գրքի միջազգային մայրաքաղաք հռչակելու մասին: Այդ առիթով այս տարի աշնանը, Հայաստանի հանրապետութեան անկախութեան 20 ամեակի տօնակատարութիւնների ընթացքում, Իրանում կը բացւի Հայաստանի մշակոյթի օրերը, եւ Հայաստանումՙ Իրանի օրերը:
Պարոն Առաքելեանը նշեց նաեւ, որ Հայաստանի եւ Իրանի բարեկամական եւ սերտ յարաբերութիւնները անշրջանցելի են, եւ այդ բարեկամութիւնը օրէցօր ընդլայնւում եւ ներառում է ամենատարբեր ոլորտներ եւ միջադէպը չի կարող ազդել այդ յարաբերութիւններին:
Տեղեկացանք նաեւ, որ գրքի միջազգային ցուցահանդէսի աւարտին սպասւում էր նաեւ ՀՀ մշակոյթի նախարար Յասմիկ Պօղոսեանի այցը, որի ընթացքում յստակեցւելու էին Իրանում Հայաստանի օրերի թւականը եւ ծրագրերի մանրամասնութիւնները, սակայն այդ այցը յետաձգւեց:
Իրանահայութիւնը ցանկանում է տեսնել Հայաստանի հանրապետութիւնը եւ ՀՀ դեսպանութիւնը արժանի եւ պատշաճ ներկայութեա՛մբ, միա՛յն, Իրանում եւ ամենուր, եւ դոյզն իսկ ցանկութիւն չունի հանդուրժելու անտարբերութիւնը եւ թերացումը, ում մեղքով էլ որ այն լինի: Առաւել եւս, ցանկանում ենք, որ տեղեկատւական պայքարում, որն իրականացնում են մեր հարեւան երկու երկրները, Հայաստանը ոչ մի բանով չզիջի : Մեզ թւում է թէ մենք ունենք բոլոր հնարաւորութիւնները: Այս առիթով ՀՀ դեսպանն ասաց, որ պատերազմում յաղթող երկիրը, գուցէ եւ զիջում է տեղեկատւական դաշտում, սակայն մենք կանենք մեր լաւագոյնը նաեւ այդ ոլորտում:
Յաջորդ` Թեհրանի գրքի միջազգային 25-րդ յոբելենական ցուցահանդէսում, սպասում ենք կատարւած տեսնել բոլոր խոստումները: Մէկ տարի ժամանակ ունենք, նախապատրաստւելու Հայ տպագիր գրքի 500-ամեակին ընդառաջ եւ պանծացնելու 1600-ամեայ հայ գիրն ու գրականութիւնը:
ՇԱՔԷ Ա. ՊԵՏՐՈՍԵԱՆ, Shakeh-a@yahoo.com