19-րդ դարի վաղամեռիկ գերմանացի գրող Գեորգ Բյուխները հազիվ թե ենթադրեր, որ իր վերջին եւ անավարտ մնացած ստեղծագործությունըՙ «Վոյցեկ» թատերախաղը ոչ միայն երկարատեւ բեմական կյանք կունենա, այլեւ դուրս կգա Գերմանիայի սահմաններից եւ կդրսեւորվի արվեստի այլ տեսակների մեջ: Այն դարձավ օպերա (Ալբան Բերգի հեղինակությամբ), մի քանի անգամ էկրանավորվեց (լավագույնը թերեւս Վեռներ Հերցոգի տարբերակն է 1979-ին) եւ վերածվեր նաեւ մյուզիքլի (հեղինակներՙ Ռոբերտ Վիլսոն, Թոմ Վեյթս):
Վերջերս «Վոյցեկ» երաժշտախաղը հնչեց նաեւ հայերենՙ ներկայացվելով Երեւանի Համազգային թատրոնի բեմում: Հարկ ենք համարում անդրադառնալ այս բեմադրությանը, քանի որ հաճելի զարմանք ես ապրումՙ տեղեկանալով, որ այն ընդամենը նորավարտ ռեժիսորի հայտն է: Արթուր Մակարյանի դիպլոմային աշխատանքը ներկայացվեց երկու անգամ, լեփ-լեցուն սրահում, ոմանք եկել էին երկրորդ անգամ դիտելու: Իսկապես, դիպլոմային աշխատանքի համար կարծես թե «չափից շատ» ջանք էր թափված եւ ներկայացումը հասուն աշխատանքի տպավորություն էր թողնում: Ոչ մի րոպե չձանձրացնող բեմադրությունը ծայրեծայր շնչում էր երգ ու պարով, երաժշտությամբ ու պլաստիկայով, երիտասարդական լիցքով եւ ավյունով: Տպավորություն էր ստեղծվում, թե միմյանց համընկել են արվեստի աշխարհ նոր մուտք գործած մի խումբ երիտասարդների առողջ ամբիցիաները եւ արդյունքում ստացվել է աշխույժ մի ներկայացում: Մասնակիցներից ոմանք թվում է, պրոֆեսիոնալներ էլ չեն, սակայն տվյալ դեպքում դա կարեւոր էլ չէր: Կարեւորը մշտական բարձրակետին գտնվող այն երիտասարդական խանդավառությունն էր, ասես միմյանց հետ մրցակցության ելած ռեժիսորական, դերասանական, երաժշտական եւ պարային ձիրքերի առավելագույն ցուցադրությունը, որ առկա էր ներկայացման մեջ: Սկզբից մինչեւ վերջ բեմի վրա գտնվում էր նվագախումբը (ղեկավարՙ Աննա Տերտերյան), որի կենդանի նվագի տակ երգում-պարում էին պիեսի հերոսները եւ կորդեբալետը (պարերի բեմադրությունըՙ Գոհար Հովհաննիսյանի): Ոչ պակաս հաճելի անակնկալ էր դերակատարների երաժշտականությունը եւ վոկալ տվյալները. դա առաջին հերթին վերաբերում է Վոյցեկի եւ Մարիայի դերակատարներ Արմեն Սարգսյանին եւ Շողիկ Գրիգորյանին: Ի դեպ, Շողիկ Գրիգորյանը մինչ այդ լավագույնս դրսեւորվել էր Ռոբեր Գեդիգյանի «Ճանապարհորդություն Հայաստան» կինոնկարում: Բեմական վառ կերպար ստեղծելու գործում անվիճելի է ցնդած բժշկի դերակատար Նարեկ Բաղդասարյանը, իսկ Օֆելյա Բեգոյանն աչքի էր ընկնում մյուզիքլի դերասանուհու շնորհքով: Դիմահարդարումը զուսպ է (տպավորիչ են կախված դատարկ շշերը), միջավայրը եւ կերպարները ստեղծվում են մեծ մասամբ երկխոսությունների եւ պլաստիկայի լեզվով: Երգերը հնչում են անգլերեն, ինչը ստեղծում է մի տեսակ «դիսկոմֆորտ». կարծում ենք, որակով բանաստեղծական թարգմանություններ ապահովելու դեպքում ներկայացումը միայն կշահեր:
Միանգամայն արժե այս բեմադրությունը ներառել որեւէ թատրոնի երկացանկ, հատկապես եթե այն ավելի հասունանա եւ շտկվեն որոշ փոքր թերություններ, մասնավորապես հայերեն տեքստի ավելի բծախնդիր խմբագրման եւ դերակատարներիՙ որոշ բառերի հանդեպ շեշտադրությունը (օրինակ, ճիշտ չէ Վոյցեկ բառում շեշտել վերջին վանկը):
Շնորհավորելով երիտասարդ ռեժիսոր Արթուր Մակարյանին եւ նրա գործընկերներներինՙ կմաղթեինք, որ իրենց առաջին հաջողությունը ոչ մի վայրկյան չշփացնի նրանց եւ իրենց հետագա ստեղծագործական կյանքում նրանք ղեկավարվեն ոչ միայն անձնական նկրտումները գոհացնելու, այլ արվեստին ծառայելու գիտակցությամբ:
ԳԱԳԻԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ, Երեւանի պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի դասախոս