«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2011-05-11 | #85, 2011-05-12 | #56, 2011-05-13


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ԿՎՃԱՐԻ 54.600.000 ԴՐԱՄ

Ֆրանսիական համալսարանում արդեն մեկ տարվա պատմություն ունեցող ռեկտոր-դասախոսներ հակամարտությունը միշտ եղել է «Ազգ»-ի ուշադրության կենտրոնում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2010-ի օգոստոսի 3-ին Ֆրանսիական համալսարանի 29 դասախոս նամակ են ստացել համալսարանի ռեկտոր Ժոել լը Մորզլեկից, որ նրանք համարվում են գործազուրկ: Հիմնավորում, որպես այդպիսին, տիկին ռեկտորը չէր ներկայացրել: Ավելի ուշ, երբ դասախոսները անդրադարձան խնդրին, տիկին Մորզլեկը «Ազգ»-ին ասել էր, որ դասախոսների հետ աշխատանքային պայմանագրի ժամկետ չեն երկարաձգում, որովհետեւ հաճախ ուշացել են աշխատանքից, ուսումնական ծրագրերն ու պլանները չեն ներկայացրել կամ չեն բավարարել դասավանդման համար անհրաժեշտ պայմաններ:

Մինչդեռ դասախոսները հավաստիացնում են, որ համալսարանում աշխատելու տարիներին երբեւէ ռեկտորից նկատողություն չեն ստացել, ընդհակառակըՙ աշխատանքից ազատված դասախոսներից ոմանք արժանացել են գովասանագրերի եւ համալսարանի հաշվին վերապատրաստում անցել արտասահմանում: Ֆրանսիական համալսարանի ռեկտորատի հայտարարությունն ու փաստարկը, թե աշխատանքային պայմանագիրն ավարտվել է, եւ նպատակահարմար չեն գտել շարունակել համագործակցությունը, նույնպես չի համապատասխանել իրականությանը: Ազատված դասախոսների աշխատանքային պայմանագիրն ավարտվել է 2008-ին, սակայն նոր պայմանագիր չեն կնքել` շարունակելով աշխատել ու աշխատավարձ ստանալ: Տվալ պարագայում աշխատանքային պայմանագիրը համարվում է անժամկետ եւ իրավաբանական տեսանկյունից այլ կերպ լուծվում:

Աշխատանքից ազատված 29 դասախոսից 13-ը դիմել են դատարան` պահանջելով վերականգնել աշխատանքը, իսկ համալսարանից հարկադիր պարապուրդի համար պահանջել փոխհատուցում: Դատարանը երեկ բավարարել է դասախոսների պահանջները: Համալսարանը պարտավորվել է հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձի չափով եւ արձակուրդայինների համար վճարել դասախոսներին` յուրաքանչյուրին միջինը 4 մլն 200.000 դրամ:

Համալսարանի դասախոս Գայանե Հակոբյանը նշում է, որ դասախոսներին հեռացնելիս ռեկտորը նշել է, թե իրենց չի բավարարում դասախոսների պրոֆեսիոնալիզմը, սակայն դատարանում ընդամենը նշել է, որ աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրացել են ու որոշել են այլեւս չշարունակել համագործակցությունը: «Տիկին Մորզլեկը զլացել էր թերթել օրենսգիրքը` հասկանալու համար, որ իրենց բացատրություններն առավելագույնս անհիմն են», ասաց Հակոբյանը:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4