Հայ գրատպության 500-ամյակին ընդառաջՙ 2011-2012 թթ. Հայաստանը ընդլայնում է իր մասնակցությունը գրքի միջազգային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին: Ժնեւում, Լոս Անջելեսում, Սալոնիկում, Թեհրանում կազմակերպված գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառներին Հայաստանի տաղավարները եղել են այցելուների ուշադրության կենտրոնում եւ հիացմունք են պատճառել թե ցուցանմուշների բազմազանությամբ եւ թե կազմակերպչական բարձր որակով: Ինչպես նշեց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, մայիսի 12-15-ը Վարշավայի գրքի 2-րդ միջազգային տոնավաճառին Հայաստանը ներկայացրել է վերջին տարիներին տպագրված բոլոր անվանակարգերի գրականություն: Մեր երկրում տպագրվող գեղարվեստական գրականությունը, ցուցահանդեսի կլոր սեղան-քննարկման ընթացքում, կներկայացնի ՀԳՄ քարտուղար, գրող Դավիթ Մուրադյանը: Իսկ հայաստանյան հրատարակչություններըՙ «Նահապետ» հրատարակչության տնօրեն Սեն Հովհաննիսյանը:
Բոլոր ցուցահանդեսներում Հայաստանի տաղավարները ձեւավորվել են հայկական տպագրության 500-ամյակը եւ «Երեւանըՙ 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» միջոցառումները խորհրդանշող պաստառներով եւ միջոցառումների ծրագրերի ժամանակացույցով: Մինչեւ տարեվերջ Հայաստանը կմասնակցի նաեւ Պեկինի, Ֆրանկֆուրտի, Լոնդոնի միջազգային ցուցահանդեսներին:
Մ. Մ.