Եվ այսպեսՙ Մելբուռն։ Առժամանակ մոռանանք սպորտի մասին։ Վերջիվերջո այս քաղաքն ունի նաեւ այլ արժանիքներ։ Եվ այն էլ ինչպիսի՜։ Սկսենք նրանից, որ դեռ մինչեւ լուսաբաց հերթափոխի կանգնած Արիկը գոռաց. «Հրացո՜լք…»։ Դա, իհարկե, այն հրացոլքը չէր։ Բնականը չէր։ Չէ՞ որ արեւի մայրամուտի հրացոլքը ուրախություն չի արթնացնում, հիացմունք չի արթնացնում եւ ոչ էլ զարմանք, այլ… հպարտություն, որ մենք ունենք այ այսպիսի Երկիր մոլորակ։ Մնացածը չնկարագրեմ։ Արիկը գոռաց այլ հրացոլքի մասին։ Նույնպես երեւույթ է։ Ֆենոմեն։ Արվեստ։ Նման հաճույքից զրկված էին բոլոր Կոլումբոսները, Մագելլանները, Կուկերը եւ Երզնկացիները։ Սա արդեն 21-րդ դարն է։ Այս հրացոլքը տարածվում է նավահանգստային քաղաքների էլեկտրական լամպերից եւ նեոնե գովազդային վահանակներից։ Հիշում եմ, իմ սիրելի ուսուցչուհինՙ Սոֆյա Համբարձումովնան, որ մեզ դասավանդում էր մաթեմատիկա, աստղագիտություն (այո, այո, աստղագիտություն) եւ երբեմն էլՙ ֆիզիկա (նա մանկավարժ էր եղել դեռեւս ցարական ժամանակներում։ Միշտ սգազգեստ էր կրում ռազմաճակատում զոհված որդու համար), մի անգամ հարցրեց, դիմելով ողջ դասարանին. «Ո՞վ կասի, ինչո՞ւ է Երկրից արտացոլված լույսը տասնչորս անգամ ավելի ուժեղ, պայծառ, քան Լուսնինը»։ Ֆանտաստիկորեն ակտիվ, շարժուն ու ճարպիկ Էդմոնդ Շիրինյանն իսկույն վեր ցատկեց տեղից եւ նույնիսկ առանց ձեռք բարձրացնելու վրա տվեց. «Որովհետեւ Երկրի վրա շատ լամպեր կան…»։ Անհավատալի քրքիջ պայթեց դասարանում։ Ժպտաց եւ սիրելի Սոֆյա Համբարձումովնան, ինչն այնքան էլ հաճախ չէր պատահում։ Եվ նա ասաց. «Ըստ էության, մեր մոլորակը կարելի է անվանել Ջուր։ Չէ՞ որ հողի, ցամաքի մակերեսը երեք անգամ ավելի քիչ է, քան բոլոր ծովերն ու օվկիանոսները միասին վերցրած։ Իսկ ջուրը արտացոլում է հայելու պես։ Ահա թե ինչու է Երկիրը լուսարձակում, ավելի ճիշտՙ լույսն անդրադարձնում ավելի պայծառ»։
Այնպես որ, երբ Արիկը գոռաց, ես բոլորովին էլ պատահաբար չհիշեցի մեր մեղմ ու բարի ուսուցչուհուն եւ մանկությանս աղմկարար ընկերոջըՙ Էդմոնդին։ Հրացոլք։ Իսկ սա Մելբուռնի հրացոլքն էր եւ, իհարկե, ծնված էլեկտրական լույսերից։ Մինչեւ 20-րդ դար ոչ մի ծովագնաց չէր կարող նման պատկեր տեսնել։ Թեեւ նավահանգիստներում նախկինում էլ ինչ-որ լուսավորություն կար։ Դրանք փարոսներն էին, մոմերի լույսըՙ մեծ քաղաքների պատուհաններին։ Բայց դա հրացոլք չէ։ Այն, ինչ հիմա մենք ենք տեսնում, բոլորովին այլ բան է։ Ճիշտ է մի քիչ խանգարում է լուսինըՙ իր չափերի մեջ բավական նվազած, բայց միեւնույնն է, գեղեցկություն է։ Այստեղ լույսը մի տեսակ ընդհանուր է, ինչպես մեծ հրդեհի ժամանակ։ Իսկ ընդհանուր պատկերի կտավին կան նաեւ ինչ-որ սեփական լույսի աղբյուրներ։ Եվ դրանք բոլորը ներսից թարթում են, կայծկլտում աստղերի պես։ Դրանք լամպեր չեն։ Դա քաղաքի, ափի, ծովախորշի շարժումն ու շնչառությունն է։ Դա օդն է քաղաքի վերեւում։ Եվ այդ ամենը շողարձակում է։ Եվ այդ ահռելի, բոցավառ ու լուսափայլ գիշերաթասակի տակ քնած է չորսմիլիոնանոց քաղաքը։ Սովորական քաղաք չէ։ Եվ ոչ էլ հին է։ Ընդամենը, ինչպես նախորդ ռեպորտաժում եմ ասել, սկսել է կառուցվել անցած հարյուրամյակի, ներեցե՛ք, արդենՙ նախանցյալ հարյուրամյակի երկրորդ կեսին։ Բայց Մելբուռնն արդեն, բացի ամենայնից, պատմության մեջ է մտել որպես մի քաղաք, որը երկու անգամ պաշտոնապես ստացել է «աշխարհում լավագույն քաղաքըՙ ապրելու համար» որակումը։ Սա մի մեդալ է, որ թերեւս միայն օլիմպիական ոսկու հետ կարելի է համեմատել։ Չէ՞ որ խոսքն այնպիսի ցուցանիշների մասին է, ինչպիսիք են կլիման, կանաչապատումը, մշակույթի եւ առողջապահության մակարդակը, հարմարավետությունը, ծառայությունները, քաղաքային տրանսպորտը եւ նույնիսկ…ժպիտներըՙ մարդկանց դեմքերին։ Ոչ կեղծ, ոչ նկարված, այլ բնական։ Եվ այդ ժպիտով էլ ասում են. «Ուզում ենք կարգուկանոն լինի, բայց ոստիկանները չերեւան»։
Ես արդեն զանգել եմ հայ համայնքի առաջնորդներից մեկինՙ այնճարցի Փայլակ Ադամյանին եւ խնդրել եմ նրան տեղեկություններ հավաքել Արարատ քաղաքի մասին, որի փոքրիկ օդանավակայանն էլ Արարատ է կոչվում, եւ թե ինչո՞ւ նման անունով քաղաքում հայեր չկան։ Պարզվում է ոչ ոք այդ մասին մի կագին չգիտի։ Ճիշտ է, գուցե ինչ-որ բան իմանա Գալուստ Իֆրազյանը, բայց նրան էլ գտնել է պետք։ Այս ամենն ինձ հարկավոր է, որպեսզի Մեսրոպ Մաշտոց ծովարշավի շրջանակներում անհրաժեշտության դեպքում գոնե անձնակազմի մեկ-երկու հոգու ուղարկենք նկարահանելու մեր հոգուն այդքան թանկ անունով քաղաքը։ Առայժմ ինձ հայտնի են միայն նրա կոորդինատներըՙ հարավային լայնության 37 աստիճան եւ արեւելյան երկայնության 142 աստիճան։ Այսքան բան։ Բայց դա քիչ է։ Կպատկերացնե՞ք, որ մեր արշավախումբը ուշադրությունից դուրս թողնի այն փաստը, որ երկրի քարտեզին Արարատ անվանումը կա, իսկ մեր պետքն էլ չէ։ Ես չեմ պատկերացնում։ Նույնիսկ թող որ այդ Արարատը ոչ մի ընդհանուր բան չունենա Հայաստանի հետ։ Կան, չէ՞, Մոսկվա անունով քաղաքներ օտար վայրերում, եւ ոչ ոք չգիտի դրանց պատմությունը։ Նույնիսկ բնակավայր կա Արմենիա անունով։ Բայց այն մեր երթագծի վրա չէ։ Իսկ այստեղ, Մելբուռնից երկու հարյուր կիլոմետր հեռավորության վրա մեր աստվածաշնչյան լեռն է։ Ոչ մեկի հետ չեմ ուզում վիճել, թե ում լեռն է Արարատը։ Դեմագոգներին կարող եմ պատասխանել, որ այն գտնվում է ոչ թե ինչ-որ մի տեղ, այլ Հայկական բարձրավանդակում, որը գոյություն ունի աշխարհի հատուկ աշխարագրության մեջ եւ պաշտոնական համաշխարհային աշխարհագրական քարտեզներումՙ Հերոդոտի ժամանակներից։ Իսկ չէ՞ որ Հերոդոտին ոչ միայն պատմության, այլեւ աշխարհագրության հայր են անվանում։ Եվ այսպես, «Արմենիա»-ն շուտով կկառանվի Մելբուռնի նավահանգստում, Արարատից մի ինչ-որ հարյուր մղոն հեռավորության վրա։
…Մինչ հենց նավամատույցում մեզ կդիմավորեն մեր հայրենակիցները, ի մի բերեմ տարբեր ժամանակներում Արիկի մասին արած գրառումներս։ Արմեն Նազարյանի։ Այն նույն դիմանկարի ուրվագծերի համար։ Կարծես թե հենց իրենով էլ ավարտելու եմ այս շարքը։ Բերեմ գրառումներից մի փոքրիկ կտոր. «Այդ ժամանակ, գլուխս թեքելով հանկարծ ծիածան տեսա։ Նույնիսկ ոչ թե ծիածան, այլ դրա մի հաստ կտորը, որն ասես մեխել էին հորիզոնին։ Քիչ ավելի վերեւումՙ դարչնագույն ամպեր։ Նայեցի ու շվարեցի։ Գրողը տանի, այս հարավային կիսագնդում ամեն ինչ շրջված է։ Նույնիսկ ծիածանը, ավելի ճիշտՙ նույնիսկ սպեկտրի գույների դասավորությունն է հակառակ ուղղությամբ։ Կարմիր գույնը սկսվում է ոչ թե ձախից (եթե նայես դեմքով դեպի ծիածանը) այլ աջից։ Զարմանալի է։ Ղեկի մոտ փսփսում են Արիկը եւ Վահագնը։ Նրանց փոխարեն գործն անում է ինքնագնաց սարքը։ Որպեսզի քամու ձայնը խլացնեմ, բարձր կանչեցի Արիկին։ Ինչպես սովորաբար է անում, ձեռքերը լարախաղացի պես կողք պարզածՙ շարժվեց տեղից։ Ձեռքերը պարզում է, որպեսզի ճոճքից վայր չընկնի։ Ես նրան ցույց տվեցի ծիածանը եւ հայտնեցի իմ տարակուսանքի մասին։ Նա, որպես ազնիվ մարդ, իսկույն խոստովանեց. «Երբեք չեմ մտածել, թե որ կողմից է սկսվում սպեկտրը։ Բոլորի պես գիտեմ գույների հաջորդականությունը, այն էլՙ մանկությունից հայտնի շուտասելուկի օգնությամբ»։ Հանկարծ նա լռեց։ Մտքի մեջ ընկավ։ Սկսեց նայել շուրջը։ Հայացքը տեղափոխեց ծիածանի վրա։ Հանգիստ ու անլսելի ինքն իրեն խոսում էր։ Ամպերի խտության մեջ, բայց արդեն մյուս կողմում նա գտավ ծիածանի հազիվ նկատելի ծայրը, որը նույնպես մխրճված էր հորիզոնում։ Եվ որոշեց, որ դա նույն ծիածանակամարի երկրորդ կողմն է։ Որքան գիտեմ, ոչ մեկը երբեւէ չի տեսել ծիածանն ամբողջությամբՙ կամարի տեսքով։ Միայն կորագիծ։ Իսկ Արիկի «բռնած» կտորի վրա կարմիր գույնն արդեն ձախից էր։ Չգիտեմ, գուցե ընդհանրապես սխալվում եմ։ Գուցե այնպես չեմ դատում։ Բայց փոխարենը ուշադրություն դարձրեցի, թե ինչպես էր դատում Արիկը։ Ինչպես էր փնտրում։ Ինչպես էր այդ ամենն անում հանգիստ, առանց արքիմեդյան բարձրագոչ «էվրիկա»-ի։ Այ, այդպիսին էլ կյանքում է։ Ինչպես հանրահաշվական բանաձեւ սկզբում ամեն ինչ պարզեցնում է, ապա հետեւություններ անում, ասես խնդիր լուծելիս լինի։ Զուր չեն անցել այն տարիները, երբ աշխատում էր որպես լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորման տնօրեն։
- Քանի՞ երեխայի կարող ենք ընդգրկել Սեւանում առագաստային սպորտի պարապմունքներին,- հարցնում եմ հայ վինդսերֆինգիստների պապիկին։
- Ինչ վերաբերում է երեխաներին, ապա ես զանգվածային ֆիզկուլտուրայի կողմնակից եմ։ Ես ընդհանրապես կարծում եմ, որ մեր բոլոր երեխաներին ձմռանը երկու շաբաթով պետք է մասնակից դարձնել Ծաղկաձորի տված հնարավորություններին եւ դա անել անվճար, իսկ ամռանըՙ Սեւանի։ Այ այդ ժամանակ իրոք կունենանք առողջ սերունդ։ Մեր երեխաները շատ հեռու են սպորտից, եւ դա ինչ-որ ժամանակ իրեն զգացնել կտա։ Եվ դեռ սպորտն էլ փաստորեն սեփականաշնորհված է։
- Ահա արդեն քանի տարի մենք խոսում ենք սեփական, հայկական, մանավանդՙ բեռնատար նավատորմի մասին։ Իսկ սայլը տեղից չի շարժվում։
- Ինձ թվում է, նավատորմի ստեղծումը առաջին հերթին բիզնես է։ Նշանակում է, պետք է նստել ու ամեն ինչ հաշվել։ Չէ՞ որ պետք է փող ներդնել եւ շահույթ ստանալ։ Բայց այդ ամենը բարդ տեխնոլոգիա է եւ լիովին այլ, նոր, ժամանակակից Հայաստանին անծանոթ մշակույթ։ Լավագույն դեպքում նավը ոչ մի օր պարապուրդ չպետք է տա։ Այդ իսկ պատճառով պետք է տեղափոխումների շուկայի, դրանց կոորդինացման եւ նման բաների գերազանց իմացություն։ Բացի ամենայնից, դա նաեւ փողի երկարաժամկետ ներդրում է, իսկ մեր գործարարները չեն ցանկանում ռիսկի դիմել։ Բայց կասեմՙ շրջափակման պայմաններում դա, իհարկե, լուրջ եւ անհրաժեշտ գործ է։
- Իսկ հիմա մեր ավանդական հարցի մասին։ Ե՞րբ հնարավորություն կունենանք իրագործելու միայնակ շուրջերկրյա նավարկություն։
- Դժվար է ասել։ Բայց իմ սրտով է, որ դուք այդ մասին միշտ խոսում եք։ Եվ հիանալի է, որ զգում եք, թե դա ինչ-որ ժամանակ անպայման կիրագործվի։ Ես միայն մտածում եմ, որ հիմքում պետք է ընկած լինի առողջ, մարդկանց հասկանալի գաղափար։ Իսկ բուն շուրջերկրյա նավարկությունը միշտ էլ բարձրացնում է ազգի հեղինակությունը, վկայում նրա ընդհանուր մշակույթի մակարդակի եւ նույնիսկՙ պատմության մասին։
- Դու արդեն ոտք ես դրել քո ութերորդ տասնամյակ։ Ես գիտեմ, թե դա ինչ է։ Ի՞նչ ես անելու, երբ ավարտվի Մեսրոպ Մաշտոց ծովարշավը։
- Ընդհանուր առմամբ ութերորդ տասնյակի մասին հիշում եմ, երբ ինձ հիշեցնում են այդ մասին։ Այդ պատճառով էլ շարունակելու եմ պատրաստել հայ վինդսերֆինգիստներ, եւ իհարկե, խնդրելու եմ ձեզ որ հարց բարձրացնեք զանգվածային ֆիզկուլտուրայի մասին։ Ափսոս են մեր երեխաներն ու թոռները։ Ցավոք, մենք միայն խոսում ենք այն մասին, թե երկրի գլխավոր գերակայություններից մեկը, եթե ոչՙ ամենագլխավորը, երեխաներն են։ Համոզված եմ, դա նույնպիսի քաղաքականություն է, նույնպիսի մարտավարություն, ինչպիսին անվտանգությունն է։
- Ասում են, թե մարդու համար ամենամեծ փորձությունը ոչ այնքան անհաջողությանը դիմակայելն է, որքան երջանկությանը դիմանալը։ Ի՞նչ կասես այդ մասին։
- Ես անձամբ չեմ վախենում երջանկությունից։ Չգիտեմ։ Ինձ երջանկություն տվեք եւ, կարծում եմ, կդիմանամ։ Ասենք, ես առանց այն էլ երջանիկ եմ,- ասաց նա եւ ծիծաղեց։
ԶՈՐԻ ԲԱԼԱՅԱՆ, Խաղաղ օվկիանոս