Սարաեւոյում վերջնագիծը հատեց շախմատի ավանդական մրցաշարը, որն անցկացվում էր 41-րդ անգամ: Միայն ավարտական տուրում հայտնի դարձավ մրցաշարի հաղթողը: Նախավերջին` 8-րդ տուրում Հրանտ Մելքումյանը չափազանց կարեւոր հաղթանակ տոնեց Արկադի Նայդիչի նկատմամբ ու ավարտական տուրից առաջ 19 միավորով բոսնիացի Բորկի Պրեդոեւիչի հետ գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Վերջինս 8-րդ տուրում հաղթեց Իվան Սարիչին: Առաջատարներից մեկ միավորով հետ էին մնում Բայադուր Ջոբավան ու Մուստաֆա Յիլմազը:
Հենց այս քառյակի միջեւ 9-րդ տուրում կայացած հանդիպումներում էլ որոշվեց մրցաշարի հաղթողը: Հրանտ Մելքումյանին չհաջողվեց սեւերով հաղթել Բորկի Պրեդոեւիչին: Գրանցվեց ոչ-ոքի արդյունք: Իսկ ահա վրացի շախմատիստ Բայադուր Ջոբավան սեւերով պարտության մատնեց թուրք Մուստաֆա Յիլմազին, վաստակեց 21 միավոր ու դարձավ մրցաշարի հաղթող` արժանանալով 10 հազար եվրո դրամական պարգեւի:
Հրանտ Մելքումյանը, Բորկի Պրեդոեւիչն ու Էմիլիան Պարլիգրասը 20-ական միավորով բաժանեցին 2-4-րդ տեղերը` արժանանալով 4,5 հազարական եվրոյի: Մելքումյանը մրցաշարում հաջող խաղաց: Անցկացրած 9 պարտիաներում նա տոնեց 6 հաղթանակ, 2 պարտիա ավարտեց ոչ-ոքի, միակ պարտությունը կրեց 5-րդ տուրում` Իվան Սարիչից: Մրցաշարի հաղթող Ջոբավայի հետ Հրանտը 7-րդ տուրում հաշտություն կնքեց: