«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#84, 2011-05-11 | #85, 2011-05-12 | #56, 2011-05-13


ԱՌԱՋԻՆ ՄԵԴԱԼԸ ԼԻՄԱՅԻ ՄՐՑԱՀԱՐԹԱԿՈՒՄ

Լիմայում ընթացող ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնության 2-րդ օրը հաջող էր Հայաստանի պատվիրակի համար: Մինչեւ 62 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրած Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 255 կգ (120+135) արդյունքով դարձավ բրոնզե մրցանակակիր:

Անդրանիկը շատ հաջող սկսեց պոկում վարժությունըՙ հաջորդաբար բարձրացնելով 115 եւ 120 կգ-անոց ծանրաձողերը: Թեեւ 3-րդ մոտեցման ժամանակ նա չկարողացավ հաղթահարել 122 կգ ծանրությունը, սակայն դա չխանգարեց պոկում վարժությունում փոքր ոսկե մեդալին արժանանալ: Արծաթե մեդալը նվաճեց իրաքցի Կարար Մոհամեդը, որը մեկ կգ-ով զիջեց հայ ծանրորդին: Ընդ որում իրաքցի ծանրորդը 3-րդ մոտեցմամբ չկարողացավ բարձրացնել 121 կգ-ը: Բրոնզե մեդալը բաժին հասավ 118 կգ արդյունք ցույց տված ռուսաստանցի Սերգեյ Պետրովին:

Հրում վարժությունում ցավոք Կարապետյանը վստահ հանդես չեկավ: Բարձրացնելով նախնական 135 կգ ծանրությունը, նա հաջորդ 2 փորձերի ժամանակ չկարողացավ գլխավերեւում պահել 140 կգ-անոց ծանրաձողը: Այս վարժությունում Կարապետյանը 135 կգ արդյունքով գրավեց միայն 7-րդ տեղը: Դա ազդեց հայ ծանրորդի ընդհանուր ցուցանիշի վրա: Նա երկամարտում ստիպված էր բավարարվել բրոնզե պարգեւով:

Չեմպիոնի տիտղոսին արժանացավ իրաքցի Կարար Մոհամեդըՙ 262 կգ (119+143): 2-րդ տեղը գրավեց ռուսաստանցի Սերգեյ Պետրովըՙ 256 կգ (118+138):

Այսպիսով, հայ ծանրորդներն առաջնությունում անդրանիկ մեդալը նվաճեցին: Այսօր ասպարեզ դուրս կգան մինչեւ 69 կգ քաշային ծանրորդները: Հայաստանը կներկայացնեն Վարդան Միլիտոսյանը եւ Ռազմիկ Օլթեցյանը:

Աղջիկների մրցաշարում մինչեւ 48 կգ քաշայինների մրցավեճում չեմպիոնուհու տիտղոսը նվաճեց չինացի Պեյ Քսիոնգը, որը երկամարտում ցույց տվեց 168 կգ (73+95) արդյունք: Արծաթե մրցանակակիր դարձավ ռումինացի Ռամոնա Անդրիեսըՙ 168 կգ (74+94), որն անձնական քաշով ավելի ծանր էր չինացի մարզուհուց: 151 կգ (66+85) արդյունքով բրոնզե մրցանակակիր դարձավ մեքսիկացի Ալեքսա Սիլվա Լոպեսը:

Մինչեւ 53 կգ քաշայինների մրցավեճում հաջողությունն ուղեկցեց չինացի Լի Քուանինՙ 191 կգ (83+108): 2-րդ տեղում նրա հայրենակցուհի Կաիքսյա Դինգն էրՙ 185 կգ (85+100): Բրոնզե մեդալը նվաճեց ռուսաստանցի Քսենիա Մաքսիմովանՙ 171 կգ (77+94):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4