Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության նախորդ տուրում անդրանիկ պարտությունը կրած Էլինա Դանիելյանը 6-րդ տուրում կրկին վերելքով խաղաց ու սեւերով 50-րդ քայլին հաղթեց Մակա Պուրցելաձեին: Իսկ ահա հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունեցող Լիլիթ Գալոյանն անդրանիկ պարտությունը կրեց` սպիտակներով 60-րդ քայլին զիջելով Լելա Ջավախաշվիլուն: Լիլիթ Մկրտչյանը կարճատեւ պայքարից հետո 20-րդ քայլին հաշտություն կնքեց Օլգա Զիմինայի հետ: Նելլի Աղինյանը եւ Լիա Մարտիրոսյանը հաղթանակներ տոնեցին, Մարիա Գեւորգյանն ու Սիրանուշ Ղուկասյանը կեսական միավոր վաստակեցին, իսկ Անահիտ Խառատյանն ու Աննա Հայրապետյանը պարտվեցին: Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքն ունի Էլինա Դանիելյանը, որը վաստակել է 4,5 միավոր:
6-րդ տուրում ուշադրության կենտրոնում էր մրցաշարի միանձնյա առաջատար Վիկտորիա Չմիլիտեի եւ աշխարհի նախկին չեմպիոնուհի Անտոանետա Ստեֆանովայի մրցախաղը: Վերջինիս հաջողվեց կանգնեցնել Չմիլիտեի հաղթարշավը, որն անդրանիկ պարտությունը կրեց: Նշված երկու շախմատիստուհիները Կատերինա Լահնոյի, Բելա Խոթենաշվիլու, Պիա Կրամլինգի, Մարինա Ռոմանկոյի եւ Լելա Ջավախաշվիլու հետ 5-ական միավորով գլխավորում են աղյուսակը: