Amnesty International-ի հրապարակած 2011 թվականի 400-էջանոց զեկույցում, որտեղ ներկայացված է մարդու իրավունքների վիճակը 157 երկրներում, անդրադարձ կա նաեւ Հայաստանին: Զեկույցն ընդգրկում է 2010 թվականի տեղեկությունները: Amnesty International-ի զեկույցում ներկայացված է մարդու իրավունքների խախտումների հինգ կատեգորիա` «Մահվան դեպք ոստիկանության բաժանմունքում», «Անպատժելիություն», «Խոսքի ազատություն», «Բռնություն կանանց եւ աղջիկների նկատմամբ» եւ «Խղճի բանտարկյալներ»: Հայաստանին վերաբերող մասում «Մահվան դեպք ոստիկանության բաժանմունքում» բաժնում նշվում է 2010 թվականի ապրիլին Չարենցավանի ոստիկանության բաժանմունքում դաժան ծեծի ենթարկված եւ մահացած Վահան Խալաֆյանի գործը: «Անպատժելիություն» կատեգորիայում նշվում է, որ 2010 թվականի տարեվերջի դրությամբ այդպես էլ անկախ քննություն չի իրականացվել 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հարցով: Զեկույցը փաստում է, որ ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել 10 մահվան գործերով, 9 զոհերի հարազատները գլխավոր դատախազությանը մեղադրել են անգործունեության համար, սակայն բոլոր ատյանների դատարանները մերժել են հայցերը: «Խոսքի ազատություն» կատեգորիայում Amnesty International-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի պատժաժամկետին` նշելով, որ բանտարկյալը քրեակատարողական հիմնարկում հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից: «Բռնություն կանանց եւ աղջիկների նկատմամբ» հատվածում հիշատակվում է վարչապետի հրամանագրով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովը, որը կոչված է պայքարելու գենդերային բնույթի բռնությունների դեմ: Առանձին հիշատակվում է ամուսնու եւ սկեսրոջ կողմից ծեծի ենթարկված եւ մահացած 20-ամյա Զարուհի Պետրոսյանի անունը: «Խղճի բանտարկյալներ» կատեգորիայում ասվում է, որ Հայաստանում ազատազրկված է զինծառայությունից հրաժարված 73 տղամարդ:
Amnesty International-ը փաստում է, որ առնվազն 89 երկրներում սահմանափակվում է ազատ խոսքը, 48 երկրներում կան «խղճի բանտարկյալներ», 98 երկրների բանտերում եւ ոստիկանության բաժանմունքներում գործադրվում են բռնություններ, եւ 54 երկրներում տեղի են ունեցել անարդար դատավարություններ:
Հ. Ա.