Անցյալ տարի մի քանի օր տեւած բողոքի ակցիաներից եւ նամակներից հետո այն ժամանակվա քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը որոշակի ժամանակով դադարեցրեց Կոմիտաս 5ա շենքում տրամվայ-տրոլեյբուսների էլեկտրական սնուցման ենթակայանի տեղափոխումը: Հաշվի առնելով հարցի կարեւորությունն ու բնակիչների իրավացի մտահոգությունը, «Ազգ» օրաթերթը բազմիցս անդրադարձել է խնդրին: Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի որոշմամբ «Լիբեր» ՍՊԸ-ին թուլատրվում էր շենքի դիմացի ենթակայանը տեղափոխել հարակից այգի, իսկ ենթակայանի տեղում բազմահարակ բնակելի շինություն կառուցել: Ընդունված նորմերով ենթակայանները բնակելի տարածքներից պետք է գտնվեն 20 մետր հեռավորության վրա, որպեսզի բնակիչները չճառագայթվեն: Սակայն քաղաքապետարանի վերոնշյալ նախագծով, ենթակայանը շինարարական աշխատանքների ավարտից հետո բնակելի շենքից կգտնվի 5 մետր հեռավորության վրա:
Տրամվայ-տրոլեյբուսների էլեկտրական սնուցման ենթակայանի տեղափոխումը շենքի անմիջական հարեւանությամբ ոտնահարում է Կոմիտասի 5ա շենքի բնակիչների իրավունքները: Խախտվում են առողջապահական եւ բնապահպանական բոլոր նորմերը: Էլեկտրական սնուցման բարձր լարման այդ ենթակայանը, որ չպետք է մոտ գտնվի բնակելի շենքի տարածքին, պարունակում է մարդու առողջությանը վնասող քիմիական նյութեր, առաջացնում աղմուկ եւ վիբրացիա: Ենթակայանի տեղափոխությունը, փաստացի զրկում է առաջին եւ երկրորդ հարկի բնակիչներին լուսավորությունից` նրանց բնակարանները դարձնելով նկուղային:
«Երբ քաղաքապետը փոխվեց, կարծեցինք, թե նա վերջ կդնի բոլոր անօրինական որոշումներին, իսկ երբ «Ազգ» թերթում կարդացինք, որ նոր քաղաքապետն արգելելու է կանաչ գոտիներում շինարարությունը, կարծեցինք, թե այդ որոշումը մեզ էլ է վերաբերում», պատմում են շենքի բնակիչները:
Երեկ առավոտյան կառուցապատող ընկերության աշխատողները մտել են շենքի բակն ու սկսել ծառահատումը: Բնակիչների արձագանքին, թե ովքեր են ու ինչու են 20 տարվա պտղատու այգին կտրում, շինարարական ընկերության աշխատակիցները ցույց են տվել քաղաքապետարանի թույլտվությունը տեղում շինարարական աշխատանքներ իրականացնելու մասին: Մինչ քաղաքացիները զանգահարել են Արաբկիրի տեղամասային ոստիկանություն, աշխատողները կտրել են այգու մոտ երկու տասնյակ ծառերն ու խաղողի վազերը:
Արաբկիրի տեղամասային ոստիկանության տեսուչ լեյտենանտ Դեղտրիկյանը «Ազգ» -ի հետ զրույցում ասաց, որ կառուցապատող ընկերությունն օրենքի խախտում չի կատարում. «Նրանք քաղաքապետից ունեն համապատասխան գրություն, եւ չենք կարող առանց քաղաքապետարանի թույլտվության կասեցնել շինարարությունը: Բերեք քաղաքապետի համապատասխան որոշումը, որով արգելվում է շինարարությունը, մենք նույն վայրկյանին կարգելենք կառուցապատող ընկերությանը շինարարական աշխատանքներ ծավալել»:
Խորհրդային տարիներին ենթակայանի փոխակերպիչներն աշխատում էին սնդիկով: 90-ականներին բակը, որտեղ քաղաքապետարանը թույլատրել է շինարարություն, վերածվել է սնդիկի գերեզմանոցի: «Եթե նրանք հողը փորեն, սնդիկը նորից դուրս կգա: Դա վտանգավոր է», ասում են բնակիչները:
Նրանք պատմում են, որ շենքի բնակիչներից շատերն են մահացել քաղցկեղ հիվանդությամբ:
«Եթե հետազոտություն անցկացվի, ապա պարզ կդառնա, որ շենքի մոտ 40 բնակիչ մահացել է քաղցկեղ հիվանդությունից», ասում են բնակիչները: Նրանք համոզված են, որ հիվանդության պատճառը ենթակայանն է: Բնակիչներին նաեւ անհանգստացնում է, թե սնդիկով հարստացած շինարարական աղբը որտեղ է լցվելու:
Օրվա երկրորդ կեսին բնակիչները հանդիպել են քաղաքապետարանի աշխատակիցներին: Քաղաքապետ Կարեն Կարապետյանը քաղաքապետարանում չի եղել: Փոխքաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ խորհրդակցությունից հետո բնակիչներին հայտնել են, որ շինարարությունը ժամանակավոր կասեցվում է:
Երկուշաբթի բնակիչները կդիմեն դատարան` պահանջելով քաղաքապետարանի որոշումը համարել անօրինական:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Նկար 1. Լուսանկարն արվել է 2010-ին: Այս ծառերը երեկվանից այլեւս չկան: