«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#85, 2011-05-12 | #56, 2011-05-13 | #87, 2011-05-14


ԿԱՆԱՉ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵՆՔ ԱՉՔԻ ԼՈՒՅՍԻ ՊԵՍ

Բոլորիս աչքի առաջ կանաչ տարածքներում ծլում են սրճարաններ, բենզալցակայաններ, առեւտրի կետեր, զվարճանքի գիշերային ակումբներ եւ այլն: Եվ ցավալին այն է, որ դրանցից շատերն ունեն կառուցապատելու թույլտվություն: «Ազգը» բազմիցս անդրադարձել է այդ խնդրին ու շարունակելու է մեր սրտացավ բնակիչների հետ պայքարել կանաչ տարածքները զավթողների ու նաեւ անթույլատրելի թույլտվություններ տվողների դեմ:

Երեկ առավոտից խմբագրություն էին զանգահարում Հերացու 18, 20 շենքերի բնակիչները ու ահազանգում, որ երկու օր է, իրենց շենքի ճակատային մասում ինչ-որ մարդիկ փորձում են սրճարան կառուցել հենց միակ կանաչ տարածքում, որը այդ երկու շենքի բնակչության համար թթվածնի ու մաքուր օդի հիմնական աղբյուրն է: «Ազգը» եղավ նշված հասցեում եւ տեսավ, որ բարդու ծաղկած կանաչ մեծ ճյուղը ընկած էր մայթին: Կենտրոն վարչական տարածքի կոմունալ վարչության գլխավոր մասնագետ Ռուբեն Սարգսյանը (մեր ահազանգից հետո ճարտարապետների հետ լինելով նշված հասցեում) նշեց. «Նախորդ օրը Կենտրոն վարչական տարածքի ղեկավարը, ճարտարապետները, կոմունալ բաժնի պետը, սանմաքրման բաժնի ներկայացուցիչների հետ եղել ենք Հերացու 18 եւ 20 շենքերի տարածքում, ուսումնասիրել ենք աղբահանության ու կանաչապատման հարցերը: Երեկ առավոտյան այդ բակերից հեռացվել է տարիների ընթացքում կուտակված կենցաղային ու շինարարական աղբը: Այդ աշխատանքների կատարման ընթացքում տրակտորի շարժի ժամանակ կոտրվել է ձեր նշած ծառի ճյուղը: Ես վստահորեն նշում եմ, որ այդ կանաչապատ ու ծառերով խիտ բակերում որեւէ ավտոտնակ, սրճարան կամ այլ կառույց չի կարող կառուցվել: Չի կտրվել եւ չի կտրվի ոչ մի ծառ, իսկ չորացած ծառերը սկզբում դենդրոլոգները կփորձեն բուժել, եթե չբուժվի, նոր որոշում կկայացվի. այդ մեկ ծառը կտրել: Պարզապես այդ բակերում կատարվել են սանմաքրման ու աղբահանության աշխատանքներ»:

Հուսանք, որ ավտոմեքենաների արտանետումներից պաշտպանվելու համար բնակիչների միակ պատվար հանդիսացող այգին կծառայի իր նպատակին, ինչպես եղել է տարիներ շարունակ, ու բնակիչներին քիչ թե շատ մաքուր օդ կպարգեւի:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4