Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 7-րդ տուրը բավական հաջող էր հայ շախմատիստուհիների համար: Նրանցից 5-ը հաղթեցին, 3-ն իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի, պարտություն կրեց միայն Մարիա Գեւորգյանը: Լիլիթ Գալոյանը հաղթեց Եվա Մոզերին, Անահիտ Խառատյանը պարտության մատնեց Ալեքսանդրա Վախանիային, Լիա Մարտիրոսյանն առավելության հասավ Լիզի Տրապաիձեի նկատմամբ: Անդրանիկ հաղթանակը տոնեց Սիրանուշ Ղուկասյանը` պարտության մատնելով Անժելիկա Ստոյանովիչին: Աննա Հայրապետյանն էլ հաղթեց Մայա Մումլաձեին:
Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաշտություն կնքեցին համապատասխանաբար Աննա Մուզիչուկի ու Նիզամի Կազիմովայի հետ: Կատարինա Սկրաբակովայի հետ պարտիայում կես միավոր վաստակեց Նելլի Աղինյանը:
Դանիելյանն ու Գալոյանը 5-ական միավորով առաջատարների խմբում են: Աղյուսակը 6-ական միավորով գլխավորում են Վիկտորիա Չմիլիտեն ու Բելա Խոթենաշվիլին` հաղթելով համապատասխանաբար Մարինա Ռոմանկոյին ու Անտոանետա Ստեֆանովային: