ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ
Ցավալի է, բայց փաստ, որ անկախությունից հետո մեր երկիր ներթափանցեցին մի քանի տասնյակ աղանդավոր կրոնական շարժումներ, որոնցից 67-ը պաշտոնապես գրանցվեցին որպես կրոնական համայնքներ: Ամեն օր եւ ամենուր մենք հանդիպում ենք աղանդավորական շարժման անդամներին, որոնք շարունակում են հոգեորսությամբ անգամ մեր տները ներխուժել: Բայց արի ու տես, այդ աղանդավորները այնքան են լկտիացել, որ սկսել են ձեռք բարձրացնել Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականի վրա... Ահա այդպիսի միջադեպ է գրանցվել մայիսի 15-ին Արարատյան թեմի Սբ Երրորդություն եկեղեցու բակում: Ինչպես պատմում էր եկեղեցու հոգեւոր հովիվ Եսայի քհն. Արթենյանը , «առավոտյան ժամը 9-ին «Եհովայի վկաներ» աղանդի երկու ներկայացուցիչ հոգեորսություն էին իրականացնում Հարավարեւմտյան թաղամասում գտնվող Սբ Երրորդություն եկեղեցու տարածքում եւ նաեւ պատարագի ժամանակ»: Այս թաղամասը հայտնի է մի քանի խոշոր աղանդավորական կազմակերպությունների որջերով, որոնց հետեւորդները (մորմոններ, «Կյանքի խոսք», «50-ականներ», «Եհովայի վկաներ» եւ այլն)ՙ վերջին երեք տարիներին իրենց պահվածքով շատ ագրեսիվ են դարձել: Եսայի քհն. Արթենյանն ասաց, որ որքան էլ փորձել են այս տարիներին նրանց գոնե եկեղեցու տարածքից հեռու պահել, բոլոր փորձերը ապարդյուն են եղել: Մինչեւ մայիսի 15-ի միջադեպը աղանդավորական քարոզով սովորաբար կանայք ու աղջիկներ էին զբաղվում, իսկ այդ օրը տաքարյուն երկու երիտասարդներ, որոնք հետո համարձակորեն խոստովանել են, որ Եհովայի վկաներ են, պատարագի ժամանակ զբաղվել են հոգեորսությամբ ու բուկլետներ, գրքեր բաժանել ներկա հավատացյալներին: Քահանան մոտեցել է նրանց, արգելել, սակայն խուլիգանները սկզբից փորձել են իրենց տղամարդ լինելը ցույց տալ ու չենթարկվել քահանայի հորդորինՙ հեռանալ ու չխանգարել, իսկ երբ քահանան բջջային հեռախոսով ցանկացել է փաստը արձանագրել, խփել են ձեռքին, խլել հեռախոսը եւ աղմկել:
Օրվա պատարագիչը (Կոմիտաս վրդ.) նկատելով, զանգահարել է ոստիկանություն: Մինչ ոստիկանները կժամանեն, երիտասարդները հոխորտալով, սպառնալիքներովՙ «դու դեռ կտեսնես, մենք դեռ կգանք, կհանդիպենք ու հաշվեհարդար կտեսնենք, կոկորդդ կկրծենք...», աղմկել են, պատմում էր Եսայի քահանան: Այդ մոլորյալ երիտասարդներից մեկը անգամ հպարտացել է, որ իր անունը Անդրանիկ է, ու շարունակել է ահաբեկել:
Այժմ խուլիգանները բերման են ենթարկվել ու տվել են ցուցմունքներ:
Եսայի քահանան ցավով նշում էր. «Եհովայի վկաներն ամեն տեղ քարոզում են: Նույնիսկ մենք անգիր գիտենք նրանց հերթապահության այն կետերը, փողոցների հատվածները, որտեղ բացահայտ իրենց քարոզչությունն են իրականացնում: Այդ երեւույթի դեմ ոչինչ անել չենք կարողանում: Ոչ օրենքի եւ ոչ էլ բարոյական սահմաններում, չենք կարողանում կանխել, որովհետեւ նրանք փաստարկում են, որ իբր հոգեորսությամբ չեն զբաղվում...: Իսկ եկեղեցու տարածքում նման վարքագիծն անթույլատրելի է: Ցավալին այն է, որ մենք իրավական սահմանում չունենք հոգեորսության մասին, ինչպես է դա որակվում, ինչ չափանիշներով: Չունենք համապատասխան օրենք, մոտեցում: Ամբողջ աշխարհը բղավում է, որ Եհովայի վկաները ճնշված փոքրամասնություն են այսօր, բայց իրականում մենք խնդիր ունենք իրենցից պաշտպանվելու եւ չգիտենք ինչպես...»: Լրագրողների հետ հանդիպմանը, բացի Եսայի քահանայից, ներկա էր նաեւ հայր Կոմիտասը, որն «Ազգի» հարցին պատասխանելով ասաց, որ Մայր աթոռի հոգեւոր խորհուրդը բազմիցս բարձրացրել է աղանդների հարցը ու առաջարկներ արել օրինական դաշտ բերելու դրանք. «Սակայն նրանք, ովքեր պետք է ընթացք տան, շահագրգռված չեն ընթացք տալու: Դրանք արեւմտյան բոլոր այն ուժերն են, որոնք ֆինանսավորում են այդ աղանդավորական կառույցներին: Մենք 20 տարի առաջ անկախություն հայտարարեցինք ոչ թե կործանելու մեր սրբազան երկիրը, այլ պահելու համար, իսկ այսօր իրականությունը ցույց է տալիս, որ մենք տարբեր գետնի վրա կործանման ենք տանում երկիրը: Էմոները մի կողմից, աղանդավորական շարժումներըՙ մյուս կողմից, միասեռական հովանավորությունըՙ մեկ այլ... Ինչո՞ւ մարդու իրավունքների եվրոպական ներկայացուցիչները, գալով Հայաստան, պաշտպանում են հենց դրանց շահերը: Ինչո՞ւ չեն պաշտպանում միայնակ մայրերի, ծերերի եւ այլոց իրավունքները: Այս բոլորը խոսում է այն մասին, որ կան ուժեր, որ շահագրգիռ չեն այն մտահոգություններով, ինչով մտահոգ է այսօր Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին...»:
Միջադեպն արդար զայրույթ է առաջացրել համայնքի բնակիչների շրջանում, որոնք վաղ առավոտից հավաքվել են եկեղեցու բակում եւ պահանջել են կանխել նման երեւույթները ու պայքարել աղանդավորների դեմ:
Կանդրադառնանք: