«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-05-13 | #87, 2011-05-14 | #88, 2011-05-17


ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑ ԸՆԴԴԵՄ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ

Պատճառը թուրքահայ զինծառայող Սեւակի կասկածելի սպանությունն է

Այդ մասին նախորդ օրը, վկայակոչելով թուրքական BIA լրատվական գործակալությանը, տեղեկացրել է Ստամբուլի «Հայթերթ» կայքէջը: Ըստ տեղեկության, «ապրիլի 24-ին սպանված Թուրքիայի հայ քաղաքացուՙ Սեւակ Շահինի պատահարի առնչությամբ արած հայտարարությունների պատճառով» թուրքական զինված ուժերի դեմ հայց է ներկայացրել Մարդու իրավունքների միության ընդդեմ ռասիզմի եւ խտրականության հանձնաժողովը:

Նախքան Ստամբուլի գլխավոր դատախազություն մեղադրանքի դիմում նեկայացնելը, Սուլթանահմեդ հրապարակում լրագրողներին պարզաբանումներ է տվել Մարդու իրավունքի միության պատասխանատուներից իրավաբան Էրեն Քեսքինը : Հանձնաժողովի անունից մեղադրանքի դիմումը ստորագրել են Քեսքինը, Այշե Գյունայսուն, Մերալ Չըլդըրը եւ մեր հասարակությանը քաջ հայտնի Ռագըփ Զարաքոլուն:

Հայցվորները թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբին մեղադրել են «դիրքի չարաշահման», «հանցագործին հովանավորելու», «հարցաքննության վրա ազդելու» եւ «դատական գործընթացը կանխավ ուղղորդելու» մեջ: Այս մեղադրանքների համար հիմք է ընդունվել «դժբախտ պատահարի» պատճառ դարձած մարդասպանի ինքնությունը օրեր շարունակ քողարկելու, ժամը 11-ին իրականացված սպանությունից հետո հանցագործին 7 ժամ ուշացումով, ժամը 18-ին միայն հարցաքննելու արարքները, ինչպես նաեւ ազգայնամոլ Աղաօղլուի հետ Սեւակի մտերմությունը հաստատող փաստերի բացակայությունը:

Ի դեպ, դժբախտ պատահարի վարկածին չի հավատում Սեւակի ընտանիքը, իսկ «Ակօսը» հրապարակումներով օրակարգում է պահում սպանության դիտավորության վարկածը:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4