Վերջին մեկ շաբաթվա ընթացքում երեք անհաջողություն ունեցանք: Նախՙ Լեւոն Արոնյանը դուրս մնաց շախմատի աշխարհի չեմպիոնի համար մղվող պայքարից, ապա Էմմինՙ «Եվրոտեսիլից», վերջինն էլՙ Արթուր Աբրահամը պարտություն կրեց: Հաղթանակների ամիս մայիսին այս անհաջողություններն առավել ցավալի էին մեզ համար, հատկապես եթե նկատի ունենանք, որ երեք դեպքերն էլ շարունակվող անկումներ էին:
Այսպես, Լեւոն Արոնյանի այս անհաջողությանը նախորդել էր շախմատի մեր հավաքականի անհաջողությունը համաշխարհային շախմատային օլիմպիադայում: Աշխարհի տիտղոսի կոչումով հանդես եկող մեր հավաքականը այս անգամ լավագույն եռյակից էլ դուրս մնաց: «Եվրոտեսիլում» նախորդ տարի Հայաստանը գրավեց 7-րդ տեղը, այս տարի ընդհանրապես չմտանք եզրափակիչ: Արթուր Աբրահամն էլ պարտություններ է կրել վերջին երեք մենամարտերում:
Իհարկե, եղան նաեւ սուբյեկտիվ պատճառներ: Սակայն հիմնական հետեւությունն այն է, որ միջազգային մրցույթներում նախապես հաշվի առնվի նաեւ հնարավոր սուբյեկտիվիզմի գործոնը: Դա հատկապես վերաբերում է «Եվրոտեսիլին»: Մեր մասնակիցն այս տարի ուղղակի նշանակվեց, այլ ոչ թե ընտրվեց: Եվրոպահայերի քվեներն ընդհանրապես չաշխատեցին: Հանրային հեռուստաընկերությունը, նրանց քվեարկելու կոչ անելուց բացի, լավ կլիներ, որ երգի կամ երգչի ընտրության ժամանակ հատկապես նրանց կարծիքը հաշվի առներ: Այնուհետեւ, ընդհանրապես աշխատանք չի տարվում քվեարկող երկրների ժյուրիների հետ: Այդ ինչպե՞ս է պատահում, որ քրիստոնյա ասպետների հետնորդ փոքրիկ Մալթան երկրորդ տարին անընդմեջ 12 միավոր է տալիս Ադրբեջանին, երբ այդ երկրի մի քանի տասնյակ հազար բնակիչներից հազիվ մի քանի հոգի տեղյակ լինեն Ադրբեջանի գոյության մասին: Պարզ է, որ ադրբեջանցիները պարզապես գնել են այս երկրի քվեները, լավ հաշվարկելով քիչ ծախս անելով առավել արդյունավետության հասնելու տարբերակը: Նրանք այս տարի եւս մեկ քայլ առաջ կատարեցինՙ 10 միավոր պոկելով նաեւ Սան-Մարինո գաճաճ երկրից: Իսկ մերո՞նք: Գոնե այս փաստերի վրա միջազգային ուշադրություն հրավիրեին:
Առջեւում ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Ռուսաստան-Հայաստան հանդիպումն է: Լիահույս ենք, որ մեր ֆուտբոլիստները կընդհատեն վերջին երեք պարտությունների շարքը եւ ուրախություն կպարգեւեն մեզ բոլորիս:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ