«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-05-13 | #87, 2011-05-14 | #88, 2011-05-17


ԴԱՇՏԱՀԱՆԴԵՍ «ԱՐԾԻՎ ՎԱՍՊՈՒՐԱԿԱՆԻ» ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՄՈՏ

Հոգեհանգիստ Մուղնու Սբ Գեւորգ եկեղեցում

«Վասպուրական» հայրենակցական միությունը Վանի հերոսական ինքնապաշտպանության 96-ամյակին նվիրված «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի մոտ կազմակերպել էր ավանդական դարձած դաշտահանդես: Այս տարի լրացավ «Արծիվ Վասպուրականի» հուշարձանի (ճարտարապետ Ջիմ Թորոսյան) եւ «Վասպուրական» հայրենակցական միության ստեղծման 30 ամյակները:

Միջոցառմանը մասնակցեց նաեւ Արմենական-ՌԱԿ-ը:

«Ազգ» -ը զրուցեց «Վասպուրական» հայրենակցական միության նախագահ Գագիկ Բաղդասարյանի հետ. «Մենք բացի այս դաշտահանդեսից յուրաքանչյուր ամիս 2-3 միջոցառում ենք կազմակերպում: Առաջիկայում նախատեսվում է նաեւ գիտաժողովՙ նվիրված Վանի հիմնադրման 2865-ամյակին: Վանեցիներով վերջերս դիտեցինք «Շխոնց Միհրան» ներկայացումը Համազգային թատրոնում եւ «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում: Նմանատիպ միջոցառումներով նպատակ ունենք համախմբել վասպուրականցիների ժառանգներին, նրանց միջոցով ամրապնդել մեր պապերի հիշատակը, ովքեր մասնակցել են Վանի ինքնապաշտպանությանը, ժառանգներ, որոնք այսօր իրենց դերն ունեն անկախ Հայաստանի բարգավաճման գործում: Բազմաթիվ վասպուրականցիների մեծարման անհրաժեշտություն կա այսօր, ինչն անում է մեր հայրենակցական միությունը»:

«Ազգ» -ը զրուցեց նաեւ «Վասպուրական» հայրենակցական միության նախագահի տեղակալ Հարություն Մարությանի հետ, որն ասաց. «Մենք միշտ խոսում ենք Արեւմտյան Հայաստանի մասին, որը ե՛ւ մոտիկ է, ե՛ւ հեռու: Շատ կարեւոր է, որ այն լինի մեր մտքում եւ հիշողության մեջ: Մնեք մեր գործունեությամբ փորձում են վառ պահել հայրենի մեր երկրի մասին հիշողությունները եւ սերմանել սեր առ այն»:

Միջոցառմանը ելույթ ունեցան գեղարվեստական կոլեկտիվներ, հայրենակցական միության անդամներ եւ վանեցիներ: Դաշտահանդեսին վանեցիները ներկաներին հյուրասիրեցին Վանա կերակրատեսակներով:

Հոբելյանական հանդիսությանը մասնակցում էին Արմենական-Ռամկավար ազատական կուսակցությունը (ՌԱԿ)` ատենապետ Հակոբ Ավետիքյանի գլխավորությամբ, նրանք իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Վանի հերոսական ինքնապաշտպանության ընթացքում զոհված հերոսների հիշատակին` ծաղկեպսակ դնելով հուշարձանին:

Հետաքրքրական էր արմատներով վանեցի Մնացական Սիանոսյանի (Մացոյի) հետ զրույցը: Նա իր պատգամն ուղղեց երիտասարդ սերնդին. «Ես ցանկանում եմ, որ ներկա սերունդը` երիտասարդներն իրենց արմատներից չկտրվեն: Առաջ գնալով հանդերձ հետ նայեն` ումից են սերվել: Այսօրվա միջոցառումն էլ այդ նպատակին է ուղղված»: Արդեն 30 տարի է մասնակցում է այս միջոցառմանը եւ այստեղ հավաքված բազում ուսուցիչներին, դասախոսներին միշտ ասում է. «Եթե մեկին գնահատական եք նշանակում, խարցուցիք որտեղացի է, եթե վանեցի է մե նիշ ավել դրեք, ձեռներտ չկոտրի»: Նա հպարտորեն ասաց, որ արմատներով Վանի Խառակոնիս գյուղից է` Նահապետ Քուչակի հետնորդը: Վերջերս գնացել է Վան, գտել իրենց տունը, որտեղ այժմ քրդեր են բնակվում: Քրդերը քանդել են տեղի եկեղեցին, բակում տեղադրված 2 տապանաքարերից (Նահապետ Քուչակի եւ նրա քրոջ) միայն մեկն էր տեղում: Խառակոնիսից հող է բերել եւ շաղ տվել ծնունդով վանեցի իր հոր, ինչպես նաեւ արձակագիր, բանաստեղծ Նաիրի Զարյանի գերեզմանին, մի բուռ էլ պահել է հայտնի կոնյակագործ Մարգար Սեդրակյանի գերեզմանի համար:

Մնացական Սիանոսյանը հպարտորեն նշեց, վանեցու ավանդույթներով է մեծացրել իր 6 երեխաներին, ունի 12 թոռ եւ այդ ավանդույթները փոխանցում է նրանց: «Տան մեջ` ընտանիքումս, ինձնից բարձր ոչ մեկ չի խոսում»: Մացոն վանեցիների մասին իր անեկդոտների շարքից մեկն էլ մեզ պատմեց` «Վանեցիներին առաջ ժլատ էին ասում, այժմ կնշանակի տնտեսագետ, Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետ էլ վանեցիներին առանց մրցույթի են ընդունում»:

Դաշտահանդեսը ավարտվեց Մուղնու Սբ Գեւորգ եկեղեցումՙ 1906 եւ 1915 թթ. Վանի ինքնապաշտպանական մարտերում զոհված արմենական, դաշնակցական, հնչակյան եւ անկուսակցական մարտիկների հիշատակին մատուցված հոգեհանգստյան արարողությամբ:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4