Ի պատասխան ստացված բազմաթիվ հարցումների, նախկին «Նաիրի» կինոթատրոնի շենքում /ք.Երեւան, Մաշտոցի 50/ «Յունիբանկ» ՓԲԸ-ի կողմից մասնաճյուղ բացելու մտադրության մասին, հայտնում ենք, որ «Յունիբանկը» չի հանդիսանում այդ շենքի սեփականատերը, ինչպես նաեւ չի վարձակալում նախկին կինոթատրոնի ամբողջ տարածքը: «Յունիբանկը», մասնաճյուղ բացելու նպատակով, այդ շենքում վարձակալել է ընդամենը 299 քառ. մետր տարածք: Նախատեսվում է, որ նոր մասնաճյուղը հաճախորդների սպասարկումը կսկսի այս տարվա մայիսին: Ներկա դրությամբ «Յունիբանկի» մասնաճյուղերի քանակը կազմում է 35: Հաշվի առնելով գործունեության ծավալների եւ հաճախորդների թվի աճը, այս տարի բանկը ընդհանուր առմամբ նախատեսում է բացել 8 նոր մասնաճյուղ, կարդում ենք բանկի տարածած հաղորդագրության մեջ: