«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-05-13 | #87, 2011-05-14 | #88, 2011-05-17


ՄԻԱՍԻՆ ԲԱՐԵԿԱՐԳԵՆՔ ՄԵՐ ՔԱՂԱՔԸ

Մայրաքաղաքում մայիսի 21-ը հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակի օր: Այս մասին տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը աշխատակազմի համապատասխան կառույցներին ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է ապահովել համատիրությունների ու բնակիչների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին: Երեւանի քաղաքապետը նշել է, որ շաբաթօրյակը միայն թափված թղթերն ու պոլիէթիլենային տոպրակներն հավաքելը չէ. «Պետք է հատուկ ուշադրություն դարձնել նաեւ բարեկարգմանն ու կանաչապատմանը»: Հանձնարարվել է լուրջ ուշադրություն դարձնել բակային տարածքների մաքրման ու կանաչ տարածքների, սիզամարգերի խնամքի աշխատանքներին: «Ցանկալի է, որ մեր բնակիչները հրաժարվեն որոշ բակերում գտնվող «բոստանային» տարածքներից, փոխարենն այդ տեղերում կունենաք ավելի բարեկարգ ու աչք շոյող միջավայր», ընդգծել է Կարեն Կարապետյանը: Նրա խոսքով` մաքուր ու բարեկարգ մայրաքաղաք ունենալու հարցում շատ կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու հոգատար վերաբերմունքը:

Տրանսպորտային երթուղիները սպասարկող կազմակերպությունների առնչությամբ էլ քաղաքապետը շարունակական վերահսկողություն է պահանջել: Նա հանձնարարել է խիստ միջոցներ ձեռնարկել հասարակական տրանսպորտում ծխող վարորդներին վարչական տույժերի ենթարկելու ուղղությամբ, նաեւ հանձնարարել է ներկայացնել առաջարկներ հանրային սննդի օբյեկտներում ծխողների ու չծխողների համար առանձնացված գոտիներ ստեղծելու վերաբերյալ:

Խորհրդակցության ընթացքում Կարեն Կարապետյանը նաեւ առանձնակի ուշադրություն է դարձրել գլխավոր մայրուղիների, կամուրջների ու շենքերի արտաքին լուսավորման ու մաքրման հարցերին:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4