Այսօրվանից` մայիսի 17-ից, ՆՓԱԿ-ում (Նորարար փորձառական արվեստի կենտրոն) մեկնարկում է «Մեկ կադր» 9-րդ միջազգային փառատոնը, որը կտեւի մինչեւ մայիսի 27-ը: Փառատոնի շրջանակում երեկ լրագրողների հետ հանդիպեցին փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէն , կինոռեժիսոր Միքայել Դովլաթյանը եւ կինոգետ Զավեն Բոյաջյանը :
«Փառատոնի առավելությունն այն է, որ չունի ժանրային սահմանափակումներ: Մեր հիմնական նպատակն է, որ ներդրում ունենանք հայկական կինոյի զարգացման գործում», -ասաց «Մեկ կադր» փառատոնի հիմնադիր Գագիկ Ղազարէն եւ հավելեց. «Արտերկրի մեր գործընկերների (Վիզուալ արվեստի վիդեոդարան (Իտալիա), Պրոմոֆեստ (Իսպանիա), Ազիլ հիմնադրամ, մեկ րոպե եւ հինգ րոպե ֆիլմեր (Իտալիա), Վիդիոմինուտո, Մեկ րոպե ֆիլմեր (Իտալիա), Մեկ րոպե ֆիլմերի եւ վիդեո փառատոն (Շվեյցարիա), Քյոլնօֆֆ 2011 օնլայն կինոփառատոն (Գերմանիա), 6010/Մեկ րոպե եւ վավերագրական կարճ ֆիլմեր (Գերմանիա), Եվրոպական մշակութային հիմնադրամ (Երիտասարդական մեդիա ծրագիր), «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոն (Հայաստան), Հայաստանի ազգային կինոկենտրոնի (Հայաստան) հետ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, ըստ որի իրենց փառատոնում ցուցադրված ֆիլմերը մենք կարող ենք հատուկ ծրագրով ցուցադրել, իրենք էլՙ մեր ֆիլմերը»:
Փառատոնին մասնակցում են 45 երկիր` 377 հեղինակ: Բացմանը կցուցադրվեն Սոնիա Պալասանյանի «Ինքնության սահմանները» (ԱՄՆ) եւ Էրհան Արիկի «Ալագյազ լեռը, հող, սենյակ, ձայն, հիշողություն» (Թուրքիա) ֆիլմերը:
«Մեկ կադրՙ մեկ րոպե» անվանակարգին մասնակցում է 94 ֆիլմ` 73-ը մրցույթում, 21-ը արտամրցութային: «Կարճ ֆիլմեր» անվանակարգին մասնակցում է 30 ֆիլմ, որից 7-ը Հայաստանից: Կինո առանց սահմանի անվանակարգին մասնակցում է 17 ֆիլմ: Փառատոնի ընթացքում կցուցադրվեն մեկ րոպե եւ կարճամետրաժ 398 ֆիլմեր:
Փառատոնի ընթացքում վարպետության դասեր կանցկացնեն Արզուման Հարությունյանը, Ջուհա Վան Ինգենը, Ռուբեն Մալայանը, Ռաքել Վիադեր Նոուելսը, Զավեն Բոյաջյանը:
Ֆիլմերի ցուցադրությունները կսկսվեն առավոտյան ժամը 12:00-ից, իսկ կինոքննարկումներն ու դասախոսությունները` ժամը 20:00-ից:
ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ