«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-05-13 | #87, 2011-05-14 | #88, 2011-05-17


ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՃԱՇԿԵՐՈՒՅԹ Ի ՆՊԱՍՏ ԴԻԱՐԲԵՔԻՐԻ ՍԲ ԿԻՐԱԿՈՍ ԵԿԵՂԵՑՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ

Տորոնտոյի (Կանադա) Սբ Երրորդություն հայկական եկեղեցու հովանավորությամբ եւ կազմակերպությամբ մայիսի 21-ին բարեգործական ճաշկերույթ է տեղի ունենալու «Պրոգրես» պողոտայում գտնվող Մակարոս Արթինյան դահլիճում ի նպաստ Դիարբեքիրի (Թուրքիա) Սբ Կիրակոս Յոթնախորան եկեղեցու վերակառուցման ծրագրի, տեղեկացնում է այդ առթիվ խմբագրությանը հասցեագրված հաղորդագրությունը: Սպասարկվելու են ընդհանրապես հայկական եւ մասնավորապես դիարբեքիրյան (Տիգրանակերտի) ճաշատեսակներ: Գեղարվեստական բաժնում մասնակցելու են Ուդի Երվանդը, Լին Անուշ Իսնարը (սոպրանո) եւ Րաֆֆի Պետրոսյանը (դաշնակահար):

Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին, ըստ հաղորդագրության, ամենամեծն է Մերձավոր Արեւելքում գտնվող հայկական եկեղեցիներից եւ ճարտարապետական առումով ամենայուրահատուկը: 1915-ից սկսած այն ենթարկվել է դիտավորյալ ավերածությունների եւ անուշադրության:

Ամբողջական կործանումից փրկելու նպատակով 2009-ին վերակառուցման ծրագիր է մշակել Ստամբուլի Սբ Կիրակոս հիմնադրամի վարչությունը, որը գործում է հայոց պատրիարքարանի հովանու ներքո: Վարչությանը հաջողվել էր իրավական բոլոր հիմնավորումներով օրինականացնել եկեղեցու կալվածքը եւ արտոնություն ստանալ վերանորոգման աշխատանքները սկսելու համար:

1515-ին կառուցված Սբ Կիրակոս եկեղեցին Յոթնախորան է անվանվել խորհրդանշելու իր մեծությունը: Ունեցել է մոտ 30 մետր բարձրությամբ զանգակատուն, իսկ զանգը պատրաստվել է հայտնի Զիլճյան ընտանիքի կողմից: Զանգակատունն ու վրայի մեծածավալ ոսկե խաչը 1915-ին գերմանա-օսմանյան ռմբակոծության են ենթարկվել եւ քանդվել, որովհետեւ Թուրքիայի տարածքում ոչ մի քրիստոնեական եկեղեցու աշտարակ ավելի բարձր չպետք է լինի, քան մզկիթների մինարեթները:

Ի տարբերություն հայկական ճարտարապետության մյուս գլուխ գործոցիցՙ Աղթամարի Սբ Խաչ եկեղեցուց, որը թուրք կառավարության կողմից վերանորոգվելուց հետո վերածվեց թանգարանի, Սբ Կիրակոս հայկական եկեղեցին Դիարբեքիրում պաշտոնապես ճանաչված է որպես հայկական եկեղեցիՙ հայոց պատրիարքարանի իրավասության ներքո: Վերանորոգումից հետո այն դառնալու է ոչ միայն հայկական ճարտարապետության աչքի ընկնող մի գլուխգործոց, այլեւ վկայում է հայերի դարավոր ներկայությունը այդ տարածաշրջանում եւ հավանաբար ուխտագնացության մի հոյակապ վայր է լինելու:

Վերանորոգման համար նախատեսված բյուջեն 2,5 միլիոն դոլար է: Մեկնարկած է դրամահավաք, որի առաջին փուլին մասնակցել են Թուրքիայի, Մերձավոր Արեւելքի եւ Եվրոպայի հայկական համայնքները: Հերթն այժմ Հյուսիսային Ամերիկայի (Նյու Յորք) եւ Կանադայի (Տորոնտո) հայկական համայնքներինն է եւ մայիսի 21-ի միջոցառումը ծառայելու է այդ նպատակին: Ծրագիրն աննախադեպ է այն առումով, որ առաջին հայկական եկեղեցին է, որ վերանորոգվում է Թուրքիայում որպես զուտ հայկական եկեղեցի, որն իր կալվածքների տնօրինման իրավունքն է ձեռք բերել 1915-ին դրանք կորցնելուց հետո:

Բարեգործական ճաշկերույթի հաղորդագրությունը կոչ է անում Տորոնտոյում (եւ դրանից դուրս) ապրող բոլոր հայերին ակտիվորեն մասնակցելու դրամահավաքին, որը հետագայում փոխանցվելու է Ստամբուլի հայոց պատրիարքարանին եւ նպատակաուղղվելու է Սբ Կիրակոսի վերակառուցման աշխատանքներին:

Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4