«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-05-13 | #87, 2011-05-14 | #88, 2011-05-17


ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ԲՈՂՈՔՆ ԸՆԴԴԵՄ ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՆՈՐ ՀԱՐԿԵՐԻ

Երուսաղեմի քրիստոնյա եկեղեցիների առաջնորդները մեծապես մտահոգված են եկեղեցական կառույցների եւ ունեցվածքի համար հարկեր գանձելու իսրայելական կառավարության որոշման կապակցությամբ, գրում է Արթուր Հակոբյանը «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի ապրիլի 23-ի համարում: Չնայած նախկինում նման քայլերը ձախողության են մատնվել, իսրայելցիները չեն թաքցրել դրան հետամուտ լինելու իրենց վճռականությունը: «Արնոնան» (սեփականության հարկը) նախատեսվում է կիրառել նույնիսկ այն եկեղեցիների համար, որոնք արդեն քանի տարի չեն օգտագործվում:

Իսրայելի կողմից պաշտոնապես ճանաչված 13 քրիստոնյա եկեղեցիների հոգեւորականներ իրենց հրապարակած հաղորդագրության մեջ նշել են այն սարսափելի հետեւանքները, որ նման հարկադրանքը կարող է առաջ բերել:

«Դա արմատական փոփոխություն է երկիրը նախկինում կառավարած բոլոր իշխանություններիՙ ներառյալ Օսմանյան կայսրության, Անգլիական մանդատի, Հաշեմական (Հորդանանյան) եւ իսրայելական քաղաքականությունից», ասել են նրանք ավելացնելով, որ դա «անմիջականորեն հակասում է նաեւ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվի նոյեմբերի 29-ի որոշմանը եւ 19-րդ դարում ձեռք բերված «ստատուս քվոյի» համաձայնությանը, որով եկեղեցական կալվածքները հարկման չեն ենթարկվում»:

Նրանք հիշեցրել են, որ օսմանյան կառավարիչներից սուլթան Չաքմաքը նույնիսկ «անիծյալ էր համարել» բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեին ձեռք բարձրացնել հայկական եկեղեցու իրավունքների եւ արտոնությունների վրա: Այս մասին վկայությունը ամրագրված է Երուսաղեմի Սուրբ Հակոբյանց միաբանության վանքի մուտքին տեղադրված մարմարե քարի վրա:

Հոգեւորականները զգուշացրել են, որ որեւէ շեղում «ստատուս քվոյի» կարգավիճակից վտանգելու է քրիստոնյա եկեղեցիների գոյությունը եւ գործունեության ծավալումը ինչպես հոգեւոր եւ կրոնական, այնպես էլ կրթական եւ առողջապահական ոլորտներում: Բառերը չխնայելովՙ նրանք «ագրեսիվ» են որակել Իսրայելի նմանօրինակ քայլը, այն էլ հատկապես «ներկայի տագնապալի ժամանակներում»: Նրանք կոչ են արել շարունակել «բարեկամական հարաբերությունները նախկինի նման»:

Բողոք-կոչին միացել են Երուսաղեմի Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքը, լատինական եւ հայկական եկեղեցիների պատրիարքները, հայ եւ հույն կաթոլիկների, ղպտիների եւ եթովպացիների ուղղափառ առաջնորդները, մարոնիտները, լութերականներն ու Անգլիկան եկեղեցու ներկայացուցիչները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4