«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2011-05-13 | #87, 2011-05-14 | #88, 2011-05-17


ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ 3-ՐԴ ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԵՑ

Արթուր Աբրահամին չհաջողվեց մտնել Super Six մրցաշարի եզրափակիչ: ԱՄՆ-ի Կարսոն քաղաքում Անդրե Ուորդի հետ կայացած մենամարտում Արթուրն իր պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերայում 3-րդ պարտությունը կրեց: Երեք մրցավարներն էլ միահամուռ որոշմամբ հաղթանակը շնորհեցին ամերիկացի Անդրե Ուորդին (120-108, 118-110, 118-111):

Այսպիսով, բուքմեյքերներն այս անգամ ճիշտ դուրս եկան: Մենամարտից առաջ նրանք մեծ առավելությամբ (1,4-ը 2,65-ի դիմաց) նախապատվությունը տվել էին Ուորդին:

Ի տարբերություն նախորդ մենամարտերի, Արթուրը փոխել էր մարտավարությունը եւ ինչպես խոստացել էր, առաջին ռաունդից դիմեց գրոհների: Սակայն մրցակիցը պատրաստ էր դիմագրավելու նրա հարվածները: Արթուրն ակտիվ էր առաջին 3 ռաունդներում եւ որոշակի առավելություն ուներ, թեեւ գործը վճռական հարվածների չէր հասնում: Ուորդը յուրօրինակ մարտավարություն էր ընտրել. ձգտում էր մերձամարտի, հաճախակի փաթաթվում էր Արթուրինՙ զրկելով նրան հարվածելու հնարավորությունից, միաժամանակ ստիպելով մրցավարին դադարեցնել մենամարտը: Արթուրն այդպես էլ չկարողացավ հակախաղ գտնել, իսկ վերջին ռաունդներում շատ պասիվ էր ու ակնհայտորեն զիջեց մրցակցին: Դա էլ ի վերջո անդրադարձավ մենամարտի վերջնական արդյունքի վրա:

«Ես ծանր էի մենամարտում, բոլոր ուժերս ներդրեցի ռինգում: Չեմ կարծում, թե միավորների տարբերությունն այդքան ցայտուն էր, ինչն արձանագրել էին մրցավարները: Ուորդը ոչ մի անգամ չկարողացավ ինձ դիպուկ հարված հասցնել: Նրա հարվածները հաջողությամբ էի կանխում: Բնավ էլ հոգնած չէի: Շատ էի ցանկանում հաղթել, հարմար պահի էի սպասում մրցակցին նոկաուտի ենթարկելու համար: Սակայն իմ բախտը չբերեց: Ես շատ հիասթափված եմ: Չնայած պարտությանը, մնալու եմ 2-րդ միջինքաշային կարգում», մենամարտից հետո նշել է Արթուր Աբրահամը:

«Արթուրը շատ ուժեղ բռնցքամարտիկ է: Ճիշտ էին նրանք, ովքեր մենամարտից առաջ պնդում էին, որ Աբրահամն ուժգին հարվածների է տիրապետում: Ես ձգտում էի մերձամարտի, որում մրցակցիս կարող էի ավելի շատ հարվածներ հասցնել: Սակայն մրցավարը թույլ չէր տալիս, նա հիանալի վարեց հանդիպումը: Իմ ելույթից այնքան էլ գոհ չեմ, հարկավոր է ուսումնասիրել մենամարտի տեսագրությունը: Սակայն գոհ եմ, որ հաղթեցի: Երջանիկ եմ եւ հաղթանակի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Աստծուն եւ բոլոր նրանց, ովքեր աղոթում էին իմ համար: Կարծում եմ եզրափակիչ մտնելու Գլեն Ջոնսոնի եւ Կառլ Ֆրոչի հնարավորությունները հավասար են: Ջոնսոնին չի կարելի թերագնահատել, իսկ Ֆրոչն իսկական մարտիկ է», նշել է Անդրե Ուորդը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4