«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ԵՐԺԻ ԲՈՒԶԵԿ. ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՐԿԱՐ ՏԱՐԻՆԵՐ ՀԵՏ ԵՆ ՊԱՀԵԼ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ ԶԱՐԳԱՑՈՒՄԻՑ

Եվրոպական խորհրդարանի նախագահ Երժի Բուզեկն իր տարածաշրջանային այցն այսօր կմեկնարկի Ծիծեռնակաբերդ այցելությամբ: Դեռեւս երեկ Երեւան ժամանած ԵԽ նախագահի տարածաշրջանային այցը կտեւի մայիսի 18-21-ը:

Բուզեկը Հարավային Կովկաս եռօրյա պաշտոնական այցի շրջանակներում չորեքշաբթի օրը կլինի Երեւանում, հինգշաբթի օրը` Թբիլիսիում, իսկ ուրբաթ օրը` Բաքվում: Ըստ Հայաստանում ԵՄ պատվիրակության հաղորդագրության, Բուզեկը կհանդիպի երեք երկրների նախագահների, խորհրդարանի խոսնակների եւ քաղաքական գործիչների հետ: Այցի ընթացքում Բուզեկը կհանդիպի նաեւ ընդդիմության առաջնորդների, լրագրողների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

Այցից առաջ նախագահ Բուզեկը հայտարարել է, որ ժողովրդավարության եւ օրենքի գերակայության խթանումը, մարդու իրավունքների հարգանքի դրսեւորումը, կայունության ամրապնդումը եւ բարեկեցության աճը գործընկերության առաջադրանք են բոլորի` Եվրոպական միության եւ իր արեւելյան հարեւանների համար:

«Մենք ստեղծել ենք Արեւելյան գործընկերությունը, որպեսզի վերացնենք դեռեւս առկա բաժանարար գծերը», ասել է Բուզեկը, «Սա անկեղծ մի փորձ է, որի միջոցով ցանկանում ենք ճեղքել գոյություն ունեցոզ վերջին խոչընդոտները եւ հնարավոր դարձնել մեր ժողովուրդների համագործակցությունը: Մոտ գտնվելով մեր հարեւաններին` միջազգային ասպարեզում մենք միասին ավելի ուժեղ ենք»:

«Այս այցի իմ ուղերձը ներգրավվածության կոչն է, երկու կողմերի համար ձեռնտու լուծումներ փնտրելը, ինչպես նաեւ մեր ընդհանուր տանը` եվրոպական մայրցամաքում անվտանգության եւ կայունության ամրապնդումը», նշել է ԵԽ նախագահը:

Նրա խոսքերով, տարածաշրջանային այցի ընթացքում երկրի ղեկավարների հետ քննարկվելու են նաեւ սառեցված հակամարտությունների խաղաղ լուծման հնարավորությունները. «Հակամարտություններ, որոնք երկար տարիներ շարունակ հետ են պահել տարածաշրջանը զարգացումից», ինչպես նաեւ խոչընդոտել են տարածաշրջանային երկրների համագործակցությանը:

Բուզեկն ավելացրել է. «Մտադիր եմ նաեւ առաջ քաշել էներգետիկ անվտանգության հարցը, որն իմ մանդատի առաջնահերթություններից մեկն է»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4