Կանխորոշված է վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակը
Հունիսի 12-ին Թուրքիայի ազգային մեծ ժողովիՙ Մեջլիսի համընդհանուր ընտրություններն են: Ի դեպ, Թուրքիան 74 մլն բնակչություն ունի, Մեջլիսըՙ պատգամավորական 550 տեղ, իսկ ընտրություններին կմասնակցի քաղաքական 16 կուսակցություն, քանի որ վերջին պահին մասնակցությունից հրաժարվել էր 8 կուսակցություն:
Բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ հունիսի 12-ի ընտրություններում եւս, ինչպես 2002-ին եւ 2007-ին էր, հաղթանակի կհասնի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, ապահովելով երկրում միանձնյա իշխանություն: Ինչ վերաբերում է մյուս կուսակցություններին, ապա նրանցից թերեւս Քեմալ Աթաթուրքի հիմնադրած Ժողովրդա-հանրապետական, «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությունըՙ Ազգայնական շարժում եւ քրդերի «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցություններն ունեն խորհրդարան մտնելու հնարավորություն:
Ընդ որում Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը նոր գլխավոր նախագահի` Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավորությամբ պայքարում է ոչ թե իշխանության գալու, այլ նախորդ ընտրությունների համեմատ խորհրդարանում ավելի շատ տեղեր ստանալու համար: Այս կուսակցությունն ուներ 98 պատգամավոր: Մինչ այդ Մեջլիսում պատգամավորական 70 տեղ ունեցող Ազգայնական շարժում կուսակցությունն ըստ երեւույթին անկում է ապրել, որ խորհրդարան մուտք գործելու համար անհրաժեշտ 10 տոկոսանոց պատնեշի հաղթահարումը նրա գլխավոր առաջադրանքն է առաջիկա ընտրություններում:
Ընտրություններում միայն մեծամասնականով մասնակցող քրդերի «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցությունը հավակնում է պատգամավորական 70 տեղեր ստանալ Մեջլիսում, որտեղ ուներ 20 տեղ: Այսինքն այս կուսակցությունը 10 տոկոսանոց պատնեշի հաղթահարման խնդիր որպես այդպիսին չունի: Հավանաբար նա Թուրքիայի քրդաբնակ արեւելյան եւ հարավարեւելյան շրջաններում կլինի Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության գլխավոր մրցակիցը եւ զգալի ձայներ կխլի:
Ըստ երեւույթին միմյանցից ձայներ կխլեն նաեւ Ժողովրդա-հանրապետական եւ Ազգայնական շարժում կուսակցությունները, թերեւս այդ ձայների քանակն էլ 10-տոկոսանոց պատնեշի հաղթահարման հարցում կկանխորոշի Ազգայնական շարժում կուսակցության ճակատագիրը: Համենայն դեպս քաղաքական դիտորդները չեն բացառում, որ այս կուսակցությունը դուրս մնա խորհրդարանից: Մինչդեռ հենց «գորշ գայլերի» քաղաքական կազմակերպությանն է վերապահվում «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության խորհրդարանական նախաձեռնությունները հակակշռելու առաքելությունները:
Andy-Ar ընկերության հարցախույզի արդյունքներով, ինչպես մայիսի 16-ին նշել է «Դունիա բուլթենի» լրատվական գործակալությունը, «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը կստանա ընտրողների ընդհանուր ձայների 52 տոկոսը, Ժողովրդա-հանրապետականըՙ 27 տոկոսը, Ազգայնական շարժումըՙ մինչեւ 10,5 տոկոս ձայն: Գալով «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության ընտրություններին մեծամասնականով մասնակցող պատգամավորներին, ապա նշված ընկերությունն ընդհանուր ձայների 7 տոկոս է նախատեսում նրանց համար:
Ի տարբերություն այս ընկերության, քաղաքական դիտորդները 35 պատգամավորական տեղեր են նախատեսում քրդերի «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համար: Քանի որ ձայների 7 տոկոսը դա չի կարող ապահովել, ուստի հարցախույզի արդյունքները դառնում են վիճարկելի: Անվիճարկելին հունիսի 12-ի ընտրություններում վարչապետ Էրդողանի «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցության հաղթանակի կանխորոշվածությունն է:
Կանխորոշված է նաեւ նրա միանձնյա իշխանությունը երկրում: Պարզապես բանավեճը ծավալվում է այս կուսակցության պատգամավորների թվի շուրջը. 327 պատգամավորական տե՞ղ, թե՞ 366: Ի դեպ, 366-ի դեպքում «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը ոչ միայն միանձնյա իշխանության կգա, այլեւ Մեջլիսում կունենա բացարձակ մեծամասնություն, որը նրան օրենսդրական նախաձեռնությունները միանձնյա անցկացնելու հնարավորություն կտա:
Հ. ՉԱՔՐՅԱՆ