Թուրք-մեսխեթցիների հարցը ամեն գնով պահվում է օրակարգային այն դեպքում, երբ ժամանակն անցնում է, սակայն Վրաստան հայրենադարձվելու ցանկություն արտահայտողների թիվը չի մեծանում: «Սալամնյուզ» կայքէջի տեղեկացմամբ, թուրք-ախըսքաների «Վեթեն» ընկերակցության նախագահ Շամսեդին Սարվարովը հայտարարել է, որ այս տարեվերջին Վրաստան վերադառնալու ցանկություն ունեցող եւ Ադրբեջանում բնակվող թուրք-մեսխեթցիները կստանան հայրենադարձի կարգավիճակ:
Վրաստան վերաբնակեցման գործընթացն արագացնելու նպատակով թուրք-մեսխեթցիների համար ստեղծվել է հանձնաժողով` կազմված վրաց պաշտոնատար անձանցից: Հանձնաժողովում, ըստ Սարվարովի, ներգրավվել են ներկայացուցիչներ Վրաստանի մի շարք նախարարություններից: Հանձնաժողովների անդամների հետ հանդիպումներ է ունեցել «Վեթեն» կազմակերպության ղեկավարությունը:
Ըստ Սարվարովի, այդ հանդիպումներով էլ համաձայնություն է ձեռք բերվել Վրաստան վերադառնալու ցանկություն հայտնած թուրք-մեսխեթցիներին մինչեւ տարեվերջ տրամադրել հայրենադարձի կարգավիճակ: Դրանից որոշ ժամանակ անց էլ կսկսվի բուն գործընթացը` վերաբնակեցումը, որը, նախնական տվյալներով, կարող է իրականացվել նաեւ Ջավախքում:
Նույն կազմակերպության տեղեկություններով, Ադրբեջանում բնակվող մոտ 12 հզ. թուրք-մեսխեթցի ցանկություն է հայտնել վերադառնալու Վրաստան, ընդ որումՙ 5428 դիմում արդեն հանձնվել է վրացական կողմին:
Հիշեցնենք, որ վրացական օրենսդրությամբ որեւէ դրամական «խրախուսում» չի նախատեսվում հայրենադարձվողների համար, բացի հիմնական ու սկզբնական պայմաններ ապահովելու անհրաժեշտությունից, որը եւս ոչ բավարար հստակություն ունի: Իսկ խոսակցությունները, թե թուրք-մեսխեթցիները կարող են հայրենադարձմամբ վերաբնակեցվել նաեւ Ջավախքում, ըստ այդմ` նաեւ խնդիրներ առաջացնելով մեծապես հայաբնակ այդ տարածաշրջանում, առայժմ իրականություն դառնալու փոքր հավանականություն ունեն, քանի որ այդ տարածաշրջանը հայրենադարձվող մեսխեթցիների համար բնավ էլ նախընտրելի տեղերից չէ:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ