«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ-ՄԱԿ-Ի ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Նախագահ Սարգսյանը երեկ ընդունել է ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշին, որը Հայաստան է ժամանել դոնոր կազմակերպությունների միջազգային համաժողովին մասնակցելու:

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը փախստականներին ընդունելու առաջին օրերից որդեգրել է հասարակության մեջ նրանց ինտեգրման քաղաքականություն եւ երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը: Նախագահի հավաստմամբ, 2011 թ. դեկտեմբերին Ժնեւում կայանալիք նախարարական հանդիպման շրջանակներում Հայաստանը կրկին կբարձրաձայնի իր հանձնառությունները` ուղղված փախստականների առավել խոցելի խմբերի կարիքներին ու այս ոլորտին վերաբերող օրենսդրական դաշտի կատարելագործմանը: Հանրապետության ղեկավարը ժնեւյան հանդիպմանը մեր երկրի մասնակցությունը կարեւորել է նաեւ հանդիպման շրջանակներում Ազգերի լիգայի փախստականների հարցերով առաջին հանձնակատար, մեծ հումանիստ Ֆ. Նանսենի 150-ամյակին նվիրված միջոցառման անցկացմամբ: Նախագահի խոսքով, Նանսենն այն երախտավորներից է, ում անունը հարազատ է յուրաքանչյուր հայի համար:

Անտոնիո Գուտերեշը գոհունակությամբ է խոսել Հայաստանում փախստականներին քաղաքացիության շնորհման, հասարակության մեջ ինտեգրման, նրանց իրավունքների ապահովման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների մասին: Նրա խոսքով, իր այցը եւ համաժողովի անցկացումը Հայաստանում փախստականների խնդիրների լուծման ուղղությամբ ջանքերը համատեղելու լրացուցիչ հնարավորություն են: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4