«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ՉԵՐՔԵԶՆԵՐԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆԸ` ՎՐԱՍՏԱՆ-ԱՄՆ-ՌՈՒՍԱՍՏԱՆ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱ

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Bottom of Form

Չերքեզական սփյուռքի ներկայացուցիչներն ու Ռուսաստանի Պետդումայի պատգամավորները Դաշնային խորհրդի անդամների հետ մայիսի 16-ին փակ հանդիպում են ունեցել, որի ընթացքում մասնակիցները պայմանավորվել են ուղիղ երկխոսություն ծավալել «չերքեզների ցեղասպանության» հարցի առնչությամբ:

Չերքեզական թեման, ըստ ՌԴ Պետդումայի որոշ ներկայացուցիչների, մեքենայությունների առարկա է դառնում Եվրոմիությունում եւ ԱՄՆ-ում ու Ռուսաստանի հարեւան երկրներում, մինչդեռ, ըստ «Ռեգնումի» մեջբերման, Ռուսաստանը պատրաստ է քննարկել դրանք: Հարկ է համարվել նաեւ նշել, թե Ռուսաստանի Պետդումայում հանդիպումը կապված չէ չերքեզների` Վրաստանի խորհրդարան դիմելու հետ, որ տեղի է ունեցել նախորդ տարվա մարտին չերքեզական սփյուռքի մի խումբ ներկայացուցիչների կողմից:

Մինչ այս հանդիպումը, սակայն, մայիսի 13-ին Վրաստանի խորհրդարանի` հայրենակիցների եւ Կովկասի հարցերով հանձնաժողովի նիստում արդեն իսկ հայտարարվել է, որ «վրացի գիտնական-պատմաբանների կողմից վերջին երկու տարում ուսումնասիրված եւ վերլուծված փաստագրական նյութերը թույլ են տալիս անկասկած եզրակացնել տեղի ունեցածի որակումը շատ հստակորեն տալու օրինաչափության մասին»:

Միեւնույն ժամանակ, վրացական մամուլն ամենայն ակտիվությամբ քննարկում է վրացական խորհրդարանի կողմից 19-րդ դարում Ռուսաստանում տեղի ունեցած դեպքերը չերքեզների ցեղասպանություն ճանաչելու հարցը, անգամ ժամկետ է նշվում` մայիսի 21-ը, որը համարվում է «140 տարի առաջ Ռուսաստանի կողմից Հյուսիսային Կովկասը գրավելու հիշատակի օր»: Ընդ որում, չերքեզ ժողովրդի նկատմամբ ցեղասպանության ճանաչման կոչերին վրացական մամուլում ավելացվում են տեղեկություններ, թե նման խնդրանքով վրացական խորհրդարան են դիմել նաեւ ինգուշները, չեչեններն ու հայերը:

Ըստ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) փորձագետ Սարո Սարոյանի , նման հարցի քննարկումն ու որոշման կայացումը նոր սրացումներ են խոստանում առանց այդ էլ ռուս-վրացական բարդ հարաբերություններում: «Վրաստանի խորհրդարանի Կովկասի եւ հայրենակիցների հարցերով կոմիտեում լսումները կասկած չեն թողնում, որ վրացական իշխանությունների կողմից քաղաքական որոշում է կայացվել չերքեզների ցեղասպանության հարցը վերջնականապես ներառել Վրաստանի կովկասյան քաղաքականության հիմքում», եզրակացնում է Սարոյանը:

Նրա մատուցմամբ, 19-րդ դարում Կովկասը հպատակեցնելու համար ցարական Ռուսաստանի ձեռնարկած ռազմական գործողությունները ծանր հետեւանքներ ունեցան չերքեզների համար: Կովկասյան պատերազմի հետեւանքով, որը տեւեց մոտ կես դար եւ ավարտվեց 1864 թվականին, ոչնչացվեցին կամ բռնի տեղահանվեցին չերքեզական բազմաթիվ բնակավայրեր, իսկ չերքեզ ժողովրդի մի մասն էլ ստիպված եղավ արտագաղթել Օսմանյան կայսրություն: Դեռեւս 1994 թ. մարտ ամսին ՌԴ Կարաչաեւո-Չերքեզիայի հանրապետության նախարարների խորհրդի նախագահությունը որոշում էր կայացրել Կովկասյան պատերազմի զոհերի հիշատակի օր սահմանել մայիսի 21-ը: 1864 թ. հենց այդ օրը Սոչիի մոտ գտնվող ներկայիս Կրասնայա Պոլյանա վայրում տեղի ունեցավ Կովկասյան պատերազմի ավարտի կապակցությամբ անցկացված ռուսական զորքերի զորահանդեսը:

2010 թ. սկզբին Չերքեզական միջազգային կոնգրեսը նամակով դիմել էր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւին խնդրելով չերքեզ ժողովրդի խորհրդանիշները հիշատակել 2014թ. Սոչիի օլիմպիադայի ժամանակ այնպես, ինչպես Վանկուվերի օլիմպիական խաղերի ժամանակ օգտագործվել էին Կանադայի բնիկների խորհրդանիշները: Դիմումի հեղինակները ենթադրում էին, որ այդ քայլը դրականորեն կազդի չերքեզ ժողովրդի ազգային նսեմացված զգացմունքների վրա եւ թույլ կտա օլիմպիադան անցկացնել հանգիստ պայմաններում: Սակայն ՌԴ նախագահին ուղղված այդ դիմումը որքան աննկատ մնաց Ռուսաստանում, նույնքան սեփական քաղաքական ծրագրերի առաջմղման համար կարեւորվեց Վրաստանում:

ՌԴ նախագահին ուղղված դիմումից երկու շաբաթ անց` 2010թ. մարտ ամսին, Թբիլիսիում անցկացվեց չերքեզական խնդրին նվիրված միջազգային համաժողով, որը պատրաստեց մի դիմում` ուղղված արդեն Վրաստանի խորհրդարանին: Համաժողովը խորհրդարանին խնդրում էր ճանաչել 19-րդ դարում Ռուսական կայսրության կողմից իրականացված «չերքեզ ժողովրդի ցեղասպանությունը»:

«Վրացական իշխանությունների ձեռնարկած հետագա քայլերը, երբ սեպտեմբեր ամսին Վրաստանի խորհրդարանի գարնանային նստաշրջանի օրակարգում ներառվեց նաեւ Ռուսաստանի կողմից չերքեզների նկատմամբ իրականացված ցեղասպանության ճանաչման հարցը, իսկ նոյեմբերին Թբիլիսիում տեղի ունեցավ Կովկասին ու մասնավորապես չերքեզներին նվիրված երկրորդ համաժողովը, վկայեցին, որ 2014թ. Սոչիի օլիմպիադային ընդառաջ Վրաստանի իշխանությունների կողմից չերքեզական խաղաքարտի օգտագործումը Վրաստանի համար Ռուսաստանի վրա ազդելու կարեւոր քաղաքական գործիքի է վերածվում», նշում է Սարոյանը:

Ամեն դեպքում, քննարկումների զգալի հատվածի պարագայում Վրաստանի այսօրինակ քայլը դիտարկվում է նաեւ դեռեւս հունվարին Վրաստանի եւ ԱՄՆ նախագահների հանդիպման համատեքստում, որի ընթացքում կողմերը քննարկել էին նաեւ «Կովկասում անվտանգությանը վերաբերող հարցեր», մինչդեռ հենց ռուսաստանյան լրատվամիջոցները հայտարարեցին, թե քննարկել է չերքեզական հարցը:

Ողջ խնդիրը, նախ եւ առաջ, այն է, որ 2014-ին Սոչիում անցկացվելիք օլիմպիադայի ժամանակացույցը համընկնում է ռուս-կովկասյան պատերազմի 150-ամյակի հետ, քանի որ պատերազմի ժամանակ կենդանի մնացած կովկասյան բնակչությունը արտաքսվեց, իսկ Սոչին էլ համարվում է Չերքեզիայի վերջին մայրաքաղաք: Ուստի ակնհայտ է, որ Վրաստանը փորձում է, թերեւս ԱՄՆ-ի աջակցությամբ, որոշակի մոտեցում ցուցաբերել Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին` ընդդեմ Ռուսաստանի: Ընդ որում, չերքեզական թեման կարծես մնում է օրակարգային ոչ միայն Վրաստանի, այլեւ ԱՄՆ-ի համար, որտեղ որոշ ուժեր ամենայն ակտիվությամբ խրախուսում եւ անգամ ֆինանսավորում են այդ թեմայով անցկացվող քննարկումները:

Զուգահեռները նման թեմայի պարագայում ցանկալի չեն, սակայն հստակ է, որ Վրաստանն էլ, ինչպես այլ շատ երկրներ, ոչ թե արդարության սկզբունքներով է առաջնորդվում, այլՙ սեփական շահի, որ հաճախ ոչ մի աղերս չունի արդարության հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4