Էմմա Բեգիջանյանի այս գիրքը, բացի գիտականից, ունի նաեւ պրակտիկ քաղաքական նշանակություն
Մինչ համայն հայությունը պատրաստվում էր նշել Մեծ Եղեռնի 96-րդ տարելիցը, Երեւանում լույս տեսավ Էմմա Բեգիջանյանի «Իրանական տեսակետները Հայոց ցեղասպանության մասին» գիրքը: Նախքան գրքի բովանդակությանն անդրադառնալը նշենք, որ թեման Հայաստանում ուսումնասիրված չէ, ինչը առանձնակի կարեւորություն է հաղորդում գրախոսվող աշխատությանը:
Բեգիջանյանի աշխատությունը 163 էջ է, ունի նախաբան, առաջաբան, հայերեն, ռուսերեն եւ անգլերեն ամփոփում, ինչպես նաեւ օգտագործված գրականության ցանկ, որն իրականում բնագիր սկզբնաղբյուրների ցանկ է: Գրքի խմբագիրն ու նախաբանի հեղինակը ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն է:
Առաջաբանը գրի է առել հեղինակը, որտեղ նա նշում է, որ մինչեւ 1975 թ. թեեւ ապրիլի 24-ն իրանահայերի համար եղել է ոչ աշխատանքային օր, սակայն Մեծ Եղեռնի 60-րդ տարելիցին, երբ նրանք փորձել են այդ օրը նշել երթով դեպի Իրանում Թուրքիայի դեսպանատուն, շահի վարչակարգի անվտանգության ուժերն իսկույն ցրել են նրանց, այնուհետեւ ընդհանրապես արգելել բողոքի ցույցերը: Իրանում 1979-ի իսլամական հեղափոխությունից հետո միայն իրանահայությանը տրվել է ապրիլի 24-ը անարգել նշելու հնարավորություն:
Որքան էլ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտոնապես չճանաչի Հայոց ցեղասպանությունը, իրանցի ժողովրդի լավագույն ներկայացուցիչներն ի սկզբանե դատապարտել են օսմանյան Թուրքիայում աբդուլհամիդյան եւ երիտթուրքական վարչակարգերի իրականացրած ցեղասպանությունը հայերի դեմ: Նրանց ուշադրությունից չեն վրիպել նաեւ 1909 թ. Ադանայի ջարդերը: Հատկանշական է, որ ժամանակակցի կարգավիճակով Հայոց Մեծ Եղեռնին ու կոտորածներին արձագանքել է 1904-1922 թթ. իրանական մամուլը: Իրենց հուշերում Մեծ Եղեռնին մանրամասն անդրադարձել են նաեւ իրանցի ականատեսները, որոնցից թերեւս պետք է առանձնացնել հայտնի գրող Մոհամմադ Ալի Ջամալզադեին, որի կենդանության օրոք լույս տեսած հուշերն այնուհետեւ այլ հեղինակները բազմիցս վերահրատարակել են:
«Եվս մեկ հուշ» վերնագրով հրատարակվել է նաեւ Մեծ Եղեռնի մեկ այլ ականատեսիՙ հայտնի դիվանագետ Ալի Ռեզա Դիվանբեգիի երկհատորյա հուշագրությունը, որի առաջին հատորում նա վշտակցելով, չափազանց կարեւոր տեղեկություններ է հաղորդում Վանի վիլայեթի հազարավոր հայերի կոտորածների, ինչպես նաեւ ճանապարհին կմախքացած տարագիրների ողբերգական իրավիճակի մասին:
Բացի հուշագրություններից, Իրանում հրատարակվել են Մեծ եղեռնին նվիրված ուսումնասիրություններ, մասնավորապես հայտնի պատմաբան, հրատարակիչ Էսմայիլ Ռայինի «Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը, որը 1972-ին լույս է տեսել Թեհրանում: Էմմա Բեգիջանյանն ընդարձակ մեջբերումներով հայ ընթերցողին է ներկայացնում իրանցի ականատեսների Մեծ Եղեռնին առնչվող հուշերը, «Հայոց ցեղասպանությունը» մենագրությունը, ցեղասպանության տարելիցներին իրանահայ համայնքի կազմակերպած միջոցառումների նկատմամբ Իրանի Իսլամական Հանրապետության իշխանությունների վերաբերմունքը:
Շնորհիվ Էմմա Բեգիջանյանի «Իրանական տեսակետները Հայոց ցեղասպանության մասին» աշխատության, մենք հնարավորություն ենք ստանում ծանոթանալու նաեւ արտերկրում ապրող իրանցի գիտնականների, մտավորականների Մեծ Եղեռնին առնչվող հոդվածներին եւ այլ հրապարակումներին: Գիրքը բացի գիտականից, ունի նաեւ պրակտիկ քաղաքական նշանակություն: Հատկապես Հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացի ներկա փուլում, երբ Թուրքիան ցեղասպանության պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականությունը փորձում է իբրեւ ճշմարտություն մատուցել իսլամական աշխարհին, իսկ Մեծ Եղեռնի ժամանակակից իրանական մամուլը, իրանցի ականատեսների հուշագրությունները, «Հայոց ցեղասպանությունը» թեմայով Իրանում հրատարակված ուսումնասիրությունները, հոդվածներն ու հրապարակախոսությունները, հակակշռելով թուրքական այդ փորձը, ի չիք են դարձնում մահմեդական երկրներին ժխտողականության շուրջը համախմբելու Թուրքիայի նկրտումները:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Պատմական գիտությունների թեկնածու