Հայաստանի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի Ազգային Ժողովի նախագահ Լասլո Կյովերի մասնակցությամբ երեկ տեղի ունեցավ երկու երկրների խորհրդարանական պատվիրակությունների հանդիպումը ընդլայնված կազմով:
Ողջունելով հունգար գործընկերոջը եւ նրա ղեկավարած պատվիրակությանը` Հ. Աբրահամյանը հույս հայտնեց, որ այցը կնպաստի երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացմանը: «Մեր ցանկությունն է Հունգարիայի հետ հաստատել բազմաբնույթ փոխշահավետ հարաբերություններ», ասաց Աժ նախագահը` նշելով, որ Հունգարիան Հայաստանում դեսպանություն չունի, եւ դրա բացումը կխթանի երկկողմ կապերի սերտացումը:
ՀՀ ԱԺ նախագահը գոհունակություն հայտնեց ազգային փոքրամասնությունների, այդ թվում` հայ համայնքի հանդեպ Հունգարիայի իշխանությունների կողմից իրականացվող քաղաքականության կապակցությամբ` հայերը Հունգարիայում ունեն ազգային փոքրամասնության կարգավիճակ եւ օգտվում են այդ կարգավիճակի ընձեռած հնարավորություններից: Հ. Աբրահամյանը կարեւորեց համագործակցությունը միջազգային կառույցներում` նշելով, որ Հայաստանի եւ Եվրոմիության միջեւ քաղաքական համագործակցությունն ինտենսիվ զարգանում է, իսկ Արեւելյան գործընկերության ծրագիրը Հայաստանի եւ Հունգարիայի միջեւ համագործակցության լավ հնարավորություններ է ընձեռում:
Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերը նշեց, որ փոխայցելությունները կակտիվացնեն երկու երկրների հարաբերությունները, որոնք չօգտագործված մեծ ռեսուրսներ ունեն: Խոսքը վերաբերում է հատկապես տնտեսական համագործակցությանը: Ըստ նրա` Հունգարիան բարձր է գնահատում հունգարահայ համայնքի գործունեությունը, որը չնայած փոքրաթիվ է, բայց մշտապես վճռորոշ դերակատարություն է ունեցել Հունգարիայի պատմության մեջ:
Հայաստանի ԱԺ նախագահը տարակուսանք հայտնեց Հունգարիայի խորհրդարանում մի քանի պատգամավորների նախաձեռնությամբ ներկայացված հակահայկական բնույթի բանաձ-ի նախագծի կապակցությամբ: Հույս հայտնելով, որ այդ բանաձեւը չի ընդունվի` ԱԺ նախագահը անհրաժեշտ համարեց, որ Հունգարիայի խորհրդարանի պատգամավորները տեղյակ լինեն, որ դրանում ամբողջությամբ խեղաթյուրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը: Հունգարիայի խորհրդարանի նախագահն էլ նշեց, որ ամենայն հավանականությամբ այդ բանաձեւը անգամ չի ընդգրկվի խորհրդարանի օրակարգում, մանավանդ որ իշխող մեծամասնությունը նման նպատակ չունի: Լասլո Կյովերի խոսքերով` Հունգարիան կողմ է հավասարակշռված մոտեցմանը: