«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ՍԵՅՍՄԻԿ ՌԻՍԿԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՓՈԽԱՐԵՆ Ի՞ՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Ճապոնիայի վերջին երկրաշարժը ցույց տվեց, որ ավերիչ երկրաշարժերի հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի եւ անսպասելի, հատկապես երբ ազդեցության տարածքում կա այնպիսի երկրորդային վտանգի աղբյուր, ինչպիսին ատոմակայանն է: Գաղտնիք չէ, որ Հայաստանի տարածքը ամբողջովին սեյսմավտանգ է, եւ մենք չենք կարող չգերագնահատել սեյսմիկ պաշտպանության դերը մեր երկրի կայուն զարգացման համար:

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության (ՍՊԱԾ) հիմնական նպատակը սեյսմիկ ռիսկի (ուժեղ երկրաշարժով պայմանավորված մարդկային եւ նյութական կորուստների) նվազեցումն է:

Սեյսմիկ ռիսկի նվազեցման բաղադրիչներն ենՙ

- մոնիտորինգը, որն իրականացվում է ազգային դիտացանցի օգնությամբ,

- սեյսմիկ վտանգի գնահատումը,

- սեյսմակայուն շինարարությունը,

- բնակչության եւ կառավարման մարմինների ուսուցումը եւ նախապատրաստումը:

Այսօր ծառայությունը չի կարող արդյունավետ իրականացնել իր առջեւ դրված խնդիրները: Դրա պատճառները բազմաթիվ են, բայց ես կխոսեմ միայն մի քանիսի մասին:

Առաջինը ծառայության կառուցվածքն է: Նախկինում գոյություն ունեցող միաձույլ եւ կուռ կառուցվածքի փոխարեն այժմ ստեղծվել են չորս առանձին ՊՈԱԿ-ներ եւ գործակալություն, որոնք չեն ապահովում աշխատանքներին համապատասխանող անհրաժեշտ օպերատիվություն եւ պատասխանատվություն: Անընդունելի է, երբ ինֆորմացիայի ստացման աղբյուրները (կայաններ, տվիչներ) գտնվում են մի ՊՈԱԿ-ի, իսկ նույն ինֆորմացիայի փոխանցման ու մշակման համակարգերըՙ մեկ այլ ՊՈԱԿ-ի իրավասության տակ: Նախկինում տեղեկատվությունը բոլոր կայաններից եւ դիտակետերից փոխանցվում էր ծառայության տվյալների մշակման կենտրոն, որտեղ գնահատվում էին ընթացիկ սեյսմիկ վտանգը եւ սեյսմիկ ռեժիմը: Բացի դրանիցՙ գնահատվում էին տվյալների որակը, եւ դրան համապատասխան կայաններում իրականացվում վերանորոգման կամ կարգաբերման աշխատանքներ:

Այժմ տվյալների մշակման կենտրոնը դուրս է բերվել գործակալության ենթակայությունից, եւ տվյալներն ընդունվում ու մշակվում են արեւմտյան ՊՈԱԿ-ում, որը ոչ մի վերադասություն չունի մյուս ՊՈԱԿ-ների նկատմամբ եւ բնականաբար արդյունավետ չի կարող արձագանքել մյուս ՊՈԱԿ-ների ենթակայության տակ գտնվող կայանների խափանումների եւ անորակ տեղեկատվության տրամադրմանը: Մյուս կողմից, տվյալները մշակում ու վերլուծում էին երկար տարիների փորձ ունեցող մասնագետներ, որոնք այժմ զբաղված են փաստաթղթային գրագրության աշխատանքներով, որոնց մի մասը չի վերաբերում սեյսմիկ պաշտպանության խնդիրներին: Այդ մասնագետների մի մասն էլ, իբր «անձնական» դիմումի համաձայն, հեռացվել է ծառայությունից, չնայած նրանց ստիպել են, որ այդ դիմումները գրվեն:

Երկրորդը ազգային դիտացանցի վիճակն է: ՍՊԱԾ-ի ազգային դիտացանցը բաղկացած է 150 կայաններից, որոնք իրականացնում են 40 տարբեր պարամետրերի շուրջօրյա դիտարկումներ: Կայաններից ստացվող ինֆորմացիան օգտագործվում է հիմնականում երկու նպատակների համարՙ տեղի ունեցած երկրաշարժերի պարամետրերի օպերատիվ որոշման եւ ազդարարման համար, ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման, սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրման համար:

Կայանների մի մասն ընդգրկված է համաշխարհային եւ տարածաշրջանային ցանցերում: Եթե միջազգային կայանները անընդհատ կատարելագործվում են, միջազգային եւ արտասահմանյան համապատասխան կազմակերպությունների օժանդակությամբ վերազինվում նորագույն սարքավորումներով, ապա նույնը չի կարելի ասել հեռաչափական սեյսմիկ ցանցի 35 կայանների վերաբերյալ, որոնք նախատեսված են տեղական երկրաշարժերի գրանցման եւ տվյալների վերլուծման համար:

Շատ վատ վիճակում են ավելի քան 80 երկրաֆիզիկական, երկրաքիմիական, հիդրոքիմիական, հիդրոդինամիկական եւ այլ կայանները: Այս կայանների տվյալները հիմնականում օգտագործվում են ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման եւ սեյսմիկ ռեժիմի ուսումնասիրման համար, որոնց վրա ծախսվում է ոլորտի ֆինանսավորման ավելի քան 50%-ը` մոտ 250 մլն դրամ: Եթե այդ կայանները նորմալ չեն աշխատում կամ տալիս են անորակ տեղեկատվություն, ապա դա նույնն է, որ 250 մլն դրամը քամուն է տրվում: Այս մասին բազմիցս տեղյակ են պահել պատկան մարմիններին, բայց, ցավոք, համապատասխան արձագանք չի եղել: Արդյունքում չի աշխատում Լեռնային Ղարաբաղի հեռաչափական սեյսմոլոգիական համակարգը, չեն գործում Սյունիքի հեռաչափական համակարգի չորս կայաններից երեքը, չեն աշխատում Երեւանի շուրջը տեղադրված հեռաչափական ութ կայաններից չորսը, համապատասխան մեթոդիկայով եւ ռեգլամենտով չեն իրականացվում հիդրոքիմիական չափումները: Վերացվել է տարածաշրջանում միակ հենակետային GPS (երկրադիրքային) կայանը Դավիթաշենում, ինչի պատճառով անիմաստ են դարձել արտասահմանյան մի քանի եւ Հայաստանի պետական կադաստրի քարտեզագրության ինստիտուտի երկրադինամիկայի ոլորտում նախկին տասը տարիների կատարված աշխատանքները: Այս ցանկը կարելի է շարունակել:

Երրորդՙ ծառայությունում համարյա դադարեցվել են սեյսմակայուն շինարարության նոր մեթոդների մշակման, միջազգային փորձի ուսումնասիրման եւ Հայաստանի շինարարության բնագավառում նրանց ներդրման բոլոր աշխատանքները: Տարածաշրջանում միակ սարքը, որի վրա իրականացվում էին շինարարական կոնստրուկցիաների, շենքերի մոդելների փորձարկումներ, ոչ միայն չի գործում, այլեւ վերականգնելու փորձ անգամ չի արվում:

Հաջորդ ամենազավեշտալի իրողությունն այն է, որ ՍՊԱԾ գործակալության կառուցվածքում լուծարվել է բնակչության հետ տարվող աշխատանքների բաժինը, որը զբաղված էր ուսումնական նյութերի, մեթոդների եւ միջոցների մշակմա աշխատանքով ու վերահսկում էր ՊՈԱԿ-ների աշխատանքն այդ ոլորտում:

Սեյսմիկ պաշտպանության ծառայությունն ունի բավականաչափ մասնագետներ եւ միջոցներ` իր առջեւ դրված խնդիրները կատարելու համար, բայց ծառայությունում ստեղծված աշխատանքային մթնոլորտը թույլ չի տալիս, որ նրանք իրագործեն իրենց գիտական գաղափարները, զբաղվեն գիտական ուսումնասիրություններովՙ համախմբելով ծառայության ամբողջ ներուժը:

Ընդհակառակը, ծառայության բաժանումը տարբեր իրավաբանական անձերի, մասնագիտական կոորդինացնող եւ ղեկավարող մարմնի բացակայությունը հանգեցրել է այն բանին, որ մարդիկ մտածում են ոչ թե նոր ծրագրերի, նոր մեթոդների ու միջոցների մշակման, այլ միայն իրենց գոյությունը պահելու մասին:

Վերը նշված խնդիրների լուծման համար լրացուցիչ ֆինանսական միջոցներ պետք չեն, բավական է միայն կատարել համապատասխան կառուցվածքային եւ կազմակերպչական բարեփոխումներ:

Խնդիրը համարում եմ շատ հրատապ, որի շտապ լուծումը անհրաժեշտ քայլ է նոր վտանգներին նախապատրաստվելու եւ սեյսմիկ ռիսկի նվազեցման ճանապարհին: Հակառակ դեպքում այն բերում է մարդկային, տեխնիկական եւ ֆինանսական ռեսուրսների հավելյալ եւ անիմաստ ծախսերի:

ԱԼՎԱՐՈ ԱՆՏՈՆՅԱՆ, «Սեյսմիկ ռիսկի նվազեցման ծրագրերի աջակցման կենտրոն», ՀԿ-ի նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4