«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


ԱԱԽ ՔԱՐՏՈՒՂԱՐ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻՆ

ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանը երեկ ընդունել է Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ Պիեռ Ռոսի-Լոնգին եւ Ֆրանց Պրուտշին:

Ամփոփելով Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում ծավալած գործունեությունը` հյուրերը ներկայացրին իրենց այցի նպատակը, այն է` միգրացիայի կառավարման կարիքների գնահատում, որն իրականացվելու է 2011թ. մայիսին` ՀՀ արտաքին գործերի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների եւ միգրացիոն պետական ծառայության հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում աշխատանքային միգրացիայի` ապացույցների վրա հիմնված կառավարման հզորացում» ծրագրի շրջանակներում:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստան-ԵՄ համագործակցության համատեքստում վերոնշյալ եւ հարակից ոլորտներում իրականացվում են բազմաթիվ բարեփոխումներ, մշակվում, հաստատվում եւ իրականացվում են տարբեր ռազմավարություններ, այդ թվումՙ սահմանների կառավարման եւ սահմանային ենթակառուցվածքների արդիականացման ռազմավարությունը, ընթացքի մեջ են վիզաների դյուրինացման, ռեադմիսիոն համաձայնագրերի բանակցությունները: Կարեւորելով առաքելության գործունեությունը` Արթուր Բաղդասարյանը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նրանց` հույս հայտնելով, որ գնահատման առաքելությունը կարող է էապես նպաստել միգրացիոն բարեփոխումների գործընթացին:

ԱԱԽ մամուլի գրասենյակ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4