«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#87, 2011-05-14 | #88, 2011-05-17 | #89, 2011-05-18


«ՌՈՄԵՈ ԵՎ ՋՈՒԼԻԵՏ» ԲԱԼԵՏԻ ՊՐԵՄԻԵՐԱՆ

Ս. Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի պրեմիերան տեղի կունենա մայիսի 29, 30-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Բեմադրող բալետմայստերՙ Ռուդոլֆ Խառատյան, երաժշտական ղեկավար եւ դիրիժորՙ Կարեն Դուրգարյան, բեմադրության եւ զգեստների նկարիչՙ Աստղիկ Ստեփանյան, դիրիժորներ` Աթանես Առաքելյան, Կարեն Լավչյան եւ Ռուբեն Ասատրյան:

«Ազգ»-ը զրուցեց բեմադրող բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ:

- «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետը արդյոք համապատասխանո՞ւմ է նոր ժամանակների պահանջներին:

- Ռոմեո եւ Ջուլիետի պատմությունը ակտուալ է բոլոր ժամանակների համար: 70-ական թվականների (այդ ժամանակ Ռոմեոյի դերը մարմնավորել է զրուցակիցս` Ռ. Խառատյանը-Մ. Հ.) եւ այսօրվա Ռոմեո եւ Ջուլիետի բեմադրությունը տարբեր է: Ես նոր սցենար եմ գրել եւ փորձել եմ, որպեսզի ամեն երիտասարդ նայելով այս բալետը, իրեն գտնի բեմում: Էմոցիաները, ռիթմը, որը ես կառուցել եմ, համահունչ է այսօրվա իրականությանը:

- Ըստ Ձեզ ո՞րն է «Ռոմեո եւ Ջուլիետ» բալետի գաղտնի հմայքը, որ այսքան տարի մնացել է աշխարհի տարբեր բալետի թատրոնների բեմերում:

- Խաղացանկում է, քանի որ Ս. Պրոկոֆեւի երաժշտությունը հիանալի է եւ չի հնանում:

- Բալետի դերասանները կարողանո՞ւմ են արդյոք բավարարել Ձեր պահանջները:

- Նրանք մեծ դժվարություններ ունեն, քանի որ անցած 20 տարվա ընթացքում մեր երկրում բալետը քանդվել է եւ նոր-նոր է վերականգնվում: Երիտասարդների համար դժվար է, քանի որ նրանք չեն ունեցել այն նախօրինակները, որոնց վրա կսովորեին եւ փողոցը բեմ չէին բերի: Երբ նոր էի սկսել, մտածում էի շուտ կշտկվի, բայց դեռ աշխատում ենք: Կարեւորը բալետի դերասանների մոտ ձգտում կա:

- Ձեր մտահղացումները կարողանո՞ւմ եք ամբողջովին իրականացնել:

- Ոչ, իմ մտահղացումները դժվար է իրականացնել, քանի որ նրանց տեխնիկան, մտային եւ հոգեւոր պատրաստվածությունը դեռ այն մակարդակի վրա չէ:

- Դուք դասավանդել եք արտերկրում, համեմատական անցկացնելով կարո՞ղ եք ասել ինչն է պակասում մեր բալետին:

- Սովետական միության տարիներին մենք կորցրել ենք բալետային զարգացման ուղիները եւ այստեղ մենք սահմանափակված էինք: Չնայած ես այստեղ կամերային բալետի ստուդիա ունեի, որտեղ էքսպերիմենտներ էի անում, որն իհարկե չէր ընդունվում Սովետական Միության հեռուստատեսության կողմից, քանի որ իմ խումբը հեռուսատատեսությանը կից էր: 70 տարվա մեջ բալետը զարգանում էր իր տարբեր ճյուղավորումներով` մոդեռն բալետը, ջազ բալետը եւ այլն, մեզ մոտ ոչ մի բան տեղի չէր ունենում: Անցած տարիների ընթացքում մենք կորցրինք նաեւ սովետական դպրոցը` այն ինչ մնացել էր մեզ: Այսօրվա բալետի դպրոցը չի զարգացնում հոգեւոր, մտային եւ տեխնիկապես պատրաստ սերունդ: Աշխարհն այսօր վերադառնում է 3 գործողությամբ բալետների` անցնելով մեծ ճանապարհ, որը մենք չենք անցել: Վերջին երկու տարվա ընթացքում մենք փորձում ենք ինչ-որ բան անել, որը որոշ պատճառներով այնքան էլ չի ստացվում: Մենք ասում ենք ամենալավն ենք եւ մեզ ոչ ոք թող չսովորեցնի. հենց ասում ենք դաՙ մնում ենք նույն տեղում:

- Որպես բեմադրող ռեժիսոր որքանո՞վ է թատրոնը Ձեզ հնարավորություն տալիս իրականացնելու մտահղացումները:

- Թատրոնը պետական մեխանիզմ է, որտեղ հարցերը դժվար եւ ուշ են լուծվում եւ ինչ որ բան անելու համար շատ պետք է տանջվես, որպեզի իրականանա:

Նշենք նաեւ, որ բալետի պրեմիերան անընդհատ հետաձգվում էր ֆինանսական պատճառներով:

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4