Եհովայի վկաների հերթական «քաջագործությունը» ցույց տվեց, որ նրանք արդեն վաղուց անցել են իրենց «սահմաններն» ու այնքան լկտիացել, որ Սուրբ Երրորդություն եկեղեցում հենց պատարագի ժամանակ ձեռնամուխ են եղել աղանդավորական քարոզչության եւ բաժանել իրենց «ուղեղներ լվացող» դիտարանները: Երեկվա համարում այս դեպքին «Ազգը» հանգամանալից անդրադարձել է:
Աղանդավորների այս սանձարձակության դեմ օրերս տարբեր հայտարարություններ եղան: Հայ արիական միաբանությունը արձագանքելով կատարվածին` նշում է, որ հայ արիները մեկ անգամ չէ, որ դիմել են իշխանություններին հոգեւոր, սեռական ու այլ տեսակի մոլագարական դրսեւորումները կանխելու եւ կասեցնելու համար: «Իսկ հայ քրիստոնյաների կաթողիկոսն ու երկրի նախագահը լռում են: Աղանդավորներն արդեն պետական կրոնի դեմ են քայլեր ձեռնարկում: Գուցե սրանից հետո, երբ սեփական կաշվի վրա կզգան վտանգը, կսթափվեն հոգեւոր ու աշխարհիկ «տերերը»: Ինչքա՞ն կարելի է «Եվրոպա-Եվրոպա» խաղալ: Ինչպես ասում են` Հռոմի պապից ավելի կաթոլիկ ենք դարձել, եվրոպացուց ավելի եվրոպացի», ընդգծում են հայ արիներն ու ահազանգում հետեւյալ արտահայտությամբ. «Հայրենիք ենք կորցնում եւ ազգ, հանուն ինչի՞ պիտի լռենք»:
«Նոր ժամանակներ» կուսակցությունը եկեղեցում ու նրա բակում կատարվածի առնչությամբ նույնպես հանդես է եկել հայտարարությամբ. «Մեր կարծիքով` ստեղծված իրավիճակը հետեւանքն է այն բանի, որ իշխանությունն այսօր փորձում է եկեղեցին օգտագործել իր քաղաքական նպատակների համար եւ գրանցում, թույլատրում է տարբեր քայքայիչ աղանդների գործունեությունը: Իսկ եկեղեցին չի ներկայացնում սոցիալական ու հոգեւոր գործունեության հստակ ծրագիր»: «Նոր ժամանակներ» կուսակցությունն իշխանություններին կոչ է անում դադարեցնել Հայաստանյայց առաքելական եկեղեցին որպես քաղաքական նպատակների միջոց օգտագործելը: Կուսակցությունը նաեւ հայտարարում է, որ անհրաժեշտ է անմիջապես կասեցնել այն քայքայիչ աղանդների գործունեությունը, որոնք խարխլում են պետության ու եկեղեցու հիմքերը:
Ի. Պ.