Ավանդույթի համաձայն հերթական հաղթանակից հետո Վախթանգ Դարչինյանը կրկին այցելել է Հայաստան: Երեկ նա իր թիմակիցներով հյուրընկալվել էր «Տեսակետ» ակումբում: Վախթանգը նախ իր զգացումներն արտահայտեց Յոնի Պերեսի նկատմամբ ապրիլի 24-ին տոնած հաղթանակի առիթով. «Այդ օրն աշխարհի ողջ հայությունը հարգանքի տուրք էր մատուցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ուստի ես էլ իմ ձեւով փորձեցի հարգել նրանց հիշատակը: Հպարտ եմ, որ կարողացա ապրիլի 24-ին հաղթել ու աշխարհին մեկ անգամ հիշեցնել, թե դա ինչ օր է հայերիս համար: Մենամարտից 2 ամիս առաջ ընկերներով որոշեցինք, որ ռինգ եմ դուրս գալու գոտկատեղիս «1915» մակագրությամբ: Մենք գաղտնի էինք պահել դա եւ որոշել էինք յուրօրինակ անակնկալ մատուցել: Սակայն երբ ռինգ դուրս եկա, հանդիսականների մոտ էլ «1915» մակագրությամբ պաստառներ տեսա: Չգիտեմ, թե թուրքերի մոտ ինչ արձագանք է գտել այս ամենը, սակայն ամերիկյան լրատվամիջոցներն ու հեռուստաընկերությունները լայնորեն լուսաբանեցին այս ամենը, մենամարտից հետո ինձանից հարցազրույցներ վերցրեցին»:
Պերեսի նկատմամբ տարած հաղթանակի շնորհիվ Դարչինյանը պրոֆեսիոնալ ռինգում աշխարհի չեմպիոնի իր 8-րդ գոտին նվաճեց: Նա ցանկանում է տեղափոխվել քաշային նոր կարգ ու այնտեղ էլ չեմպիոն դառնալ: Վախթանգն իր առջեւ նպատակ է դրել հնարավորինս շատ գոտիներ նվաճել ու պրոֆեսիոնալ բռնցքամարտում ռեկորդ սահմանել:
Դարչինյանը կրկին անդրադարձավ Նոնիտո Դոներին ու Աբներ Մարեսին, որոնք ամեն պատրվակով խուսափում են իր հետ մենամարտելուց: Իսկ երբ ինքն ընդունել է Խորխե Արսեի մարտահրավերը, վերջինս ոչ մի կոնկրետ առաջարկություն մինչ օրս չի արել:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Վախթանգի մարզիչ Վազգեն Բադալյանը , որն իր կարծիքն արտահայտեց Դարչինյանի վերջին մենամարտի մասին. «Իմ երջանկությունը միայն մարզիչները կարող են հասկանալ, երբ իրենց սաները հաղթում են ռինգում: Յոնի Պերեսն աշխարհի չեմպիոն էր, տեխնիկապես գրագետ ու արագաշարժ բռնցքամարտիկ էր: Ապրիլի 24-ի հետ կապված որոշ լարվածություն կար, հոգեբանորեն հարկավոր էր պատրաստ լինել, պատասխանատվությունը շատ մեծ էր: Վախթանգը տակտիկապես շատ ճիշտ աշխատեց, նրա հուժկու հարվածները մեծ դեր խաղացին: 5-րդ ռաունդից Վախթանգն արդեն իր տարերքի մեջ էր եւ հաղթանակն արդեն կասկած չէր հարուցում»:
Վազգեն Բադալյանն անդրադարձավ նաեւ Արթուր Աբրահամի օրերս անցկացրած մենամարտին. «Ուորդը 2-րդ միջինքաշային կարգի ուժեղագույն բռնցքամարտիկներից մեկն է, օլիմպիական չեմպիոն, շատ գրագետ էր գործում: Ռինգում տակտիկական պայքար ընթացավ, ամերիկացին թելադրեց իր մարտաոճը: Հարկավոր էր յուրաքանչյուր ռաունդում պայքարել հաղթանակի համար: Արթուրը հաճախ փորձում էր հոգնեցնել մրցակցին եւ վերջում հասնել առավելության դիպուկ հարվածի շնորհիվ: Դա սխալ մարտավարություն էր, ինչն էլ պարտության պատճառ դարձավ: Ամերիկայում նման մարտաոճն ընդունված չէ, հանդիսականները սիրում են թեժ պայքարի ականատես դառնալ: Բացի այդ էլ, Արթուրի համար մի փոքր անսովոր էր ԱՄՆ-ում մենամարտելը, հոգեբանական ճնշումը մեծ էր»:
Խոսելով առաջիկա ծրագրերի մասին, Վախթանգը նշեց, որ ցանկանում է Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտի դպրոց հիմնել: Նա գտնում է, որ միայն այդ դեպքում կարելի է հաջողություններ ակնկալել նաեւ սիրողական բռնցքամարտում: Վախթանգը մտադիր է այդ հարցով հանդիպել ՀՀ նախագահի հետ: Նա նաեւ դեմ է, որ սիրողական բռնցքամարտում դեռեւս լուրջ հաջողությունների չհասած բռնցքամարտիկները երիտասարդ տարիքում տեղափոխվեն պրոֆեսիոնալ ռինգ:
Վախթանգ Դարչինյանը Հայաստանում կմնա մինչեւ մայիսի 22-ը, այնուհետեւ հայկական թիմի կազմում կմեկնի Ֆրանսիաՙ մասնակցելու «Լավագույններից լավագույնը» խաղին, որում Հայաստանն առաջին անգամ է հանդես գալու: Վախթանգը խոստացավ ուժերի ներածի չափով նպաստել այդ խաղում մեր թիմի հաջող մրցելույթներին: