Երեկ միջազգային համաժողով էր կազմակերպվել Հայաստանում կանանց քաղաքական մասնակցությունը խրախուսելու եւ այդ ուղղությամբ հայեցակարգ ձեւավորելու թեմայով: Համաժողովի աջակիցներն էին ԱՄՆ Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) եւ ԱՄՆ ՄԶԳ-ն, Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը եւ Միացյալ ազգերի զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ): Մասնակցում էին Հայաստանի հասարակական կազմակերպությունների, պետական մարմինների, գիտական ոլորտի եւ քաղաքական կուսակցությունների ավելի քան 150 առաջնորդ կանայք: Եղել են Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ճանաչված կին քաղաքական գործիչների ելույթներ: Հյուրերի թվում են ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, դեսպան Մերիլ Ֆրանկը (ԱՄՆ ներկայացուցիչը ՄԱԿ-ի «Կանանց կարգավիճակ» հանձնաժողովում), Հայաստանում Շվեդիայի դեսպան Դիանա Յանսեն (նստավայրը` Թբիլիսի), Ալբանիայում Մակեդոնիայի նախկին դեսպան Բլագորոդնա Մինգովա Կրեպիեւան, Հայաստանում ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան, ԱՄՆ Միսսուրի նահանգի պետքարտուղար Ռոբին Կարնահանը եւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Չառլզ Լոնսդեյլը: Միջոցառմանը մասնակցել են նաեւ Հայաստանի կառավարության բարձրաստիճան անձինք եւ տեղական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բացման իր խոսքում, դեսպան Յովանովիչն ընդգծել է, որ Հայաստանն իր լիարժեք ներուժն իրագործելու համար պետք է հենվի իր բոլոր տաղանդների վրա, այդ թվում նաեւ կանանց: Համաժողովի ընթացքում կին մասնակիցները բաժանվել են փոքր աշխատանքային խմբերի` հայեցակարգը մշակելու համար, ուր տեղ կգտնեն կանանց հիմնախնդիրները եւ դրանց լուծման առաջարկությունները: