Փարիզում տեղի են ունեցել հանդիպումներ Ֆրանսիայի եւ Հայաստանի նախագահների փոխայցելությունների առնչությամբ, որ նախատեսվում են այս տարվա երկրորդ կեսին: ՀՀ ԱԳՆ հաղորդագրության համաձայն, մայիսի 17-ին Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահի դիվանագիտական եւ արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Ժան-Դավիդ Լեւիտի հետ: Հանդիպմանը քննարկել են այս տարվա երկրորդ կեսին նախատեսված Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան այցելության, ինչպես նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի Ֆրանսիա կատարելիք այցի նախապատրաստմանն առնչվող հարցեր:
Այս այցելությունը հետաքրքրական է ոչ միայն որպես բարձրաստիճան պաշտոնյայի այց, այլեւ հնարավորությունՙ ճշտելու Ֆրանսիայի նախագահից վերջին շրջանի որոշ իրադարձությունների տրամաբանությունը: Խոսքը Հայոց ցեղասպանության ուրացման համար պատիժ սահմանող օրինագծի մասին է, որը չդրվեց Ֆրանսիայի Սենատի քվեարկությանը: Այս առնչությամբ իր քննադատական խոսքն է հնչեցրել Շառլ Ազնավուրը, եւ հետաքրքրական է, թե արդյոք նա կուղեկցի՞ Ֆրանսիայի նախագահին Հայաստան այցելությանը:
Ինչեւէ, աշխատանքային այցով Փարիզում գտնվող արտգործնախարարը հանդիպել է նաեւ Ֆրանսիայի իր գործընկերոջըՙ ԱԳ նախարար Ալեն Ժյուպեին: Հայաստանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները հանգամանալից անդրադարձել են երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին, միջազգային եւ տարածաշրջանային երկուստեք հետաքրքրություն ներկայացնող խնդիրներին, ընդգծմամբ, որ մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ Հայաստանի եւ Ֆրանսիայի դիրքորոշումներն համընկնում են:
Բանակցությունների օրակարգում է եղել նաեւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Երկուստեք շեշտվել է հիմնահարցի խաղաղ եւ բանակցային լուծման այլընտրանքի բացակայությունը: Էդվարդ Նալբանդյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի կառուցողական ներգրավվածությունը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Էդվարդ Նալբանդյանը Ալեն Ժյուպեին հրավիրել է Հայաստան:
Երեկ նախատեսված էին Էդվարդ Նալբանդյանի հանդիպումները Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի անդամների հետ: Այդուհետեւ Նալբանդյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Միացյալ Նահանգներ` հանդիպելու պետքարտուղար Հիլարի Քլինթոնի եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ: Նախատեսված են նաեւ ԱԳ նախարարի հանդիպումները ամերիկահայ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Մայիսի 20-ին Հայաստանի արտգործնախարարը Նյու Յորքում կմասնակցի Շառլ Ազնավուրի մեծարման երեկոյին:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ