«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#90, 2011-05-19 | #91, 2011-05-20 | #92, 2011-05-21


ՇՓՄԱՆ ԳԾԻ ՄԻՋԱԴԵՊԵՐԸ` ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԱՅՑԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ

Հաջորդ ամիս` հունիսին տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպում: Այդ մասին ադրբեջանական լրատվամիջոցներին տեղեկացրել են սեփական արտգործնախարարությունից:

Նախորդ հանդիպումը տեղի ունեցավ մարտի 5-ին Սոչիում` կրկին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի նախաձեռնությամբ, որին անմիջապես նախորդել էր մարտի 4-ը, երբ ժամը 14:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծի հյուսիսարեւելյան ուղղությամբ Ադրբեջանի կողմից խախտվել էր հրադադարն, ու դրա հետեւանքով զոհվել էր հայ զինվոր: Եվ սա այն դեպքում, երբ հաջորդ օրը նախատեսված էր Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում` շարունակելու բանակցությունները:

Սոչիի հանդիպմանը, ըստ հաղորդագրությունների, քննարկվել էր այդ հանդիպմանը նախորդած` 2010թ. հոկտեմբերի 27-ի աստրախանյան հանդիպման հայտարարությունը` «Վստահության ամրապնդման հատուկ արձանագրությունը», որ ամենից առաջ ընդգծում էր հրադադարի ռեժիմի ամրապնդման ու ռազմական ոլորտում փոխվստահության անհրաժեշտությունը: Մարտի 5-ի եռակողմ հանդիպմանն էլ հետեւեց փաստաթուղթ, որում նախ ամրագրվեցՙ «Ամենակարճ ժամկետում ավարտել ռազմագերիների փոխանակումը», ապա նաեւՙ «Ձգտել բոլոր վիճելի հարցերը լուծել խաղաղ միջոցներով եւ կրակի դադարեցման գծի երկայնքով կողմերի մասնակցությամբ անցկացնել հնարավոր միջադեպերի հետաքննություն` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո եւ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցչի աջակցությամբ»:

Թերեւս սա էլ պիտի լինի սպասվող հանդիպման օրակարգը, որը, սակայն, այդպես էլ հստակորեն չի ներառում կամ առնվազն այդուհետեւ հանրությանը չի ներկայացնում միջադեպերի հետաքննության արդյունքներն ու դրանց մեղավորներին: Հնարավոր է, որ շփման գծի միջադեպերն ու դրանց առնչությամբ անցկացված դիտարկումների արդյունքները քննարկման առարկա դառնան մինչեւ նախագահների մակարդակով հանդիպումը, քանի որ մինչ այդ սպասվում է նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցելություն տարածաշրջան:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4