«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


ԿԵՐԵՔ, ԱՌՆԵՏՆԵՐ, ԿՅԱՆՔԸ ԿԱՐՃ Է

Ինչպես արդեն գրել ենք, Իլհամ Ալիեւի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիեւը «տեսաբանել է ադրբեջանական ազգային գաղափարը»: Իսկ Ռազմավարական հետազոտությունների կենտրոնը, որն Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ստորաբաժանում է, հրապարակել է «Հայկական ազգային գաղափար. առաջ դեպի... անցյա՞լ» վերտառությամբ մի «ուսումնասիրություն», որն ակնհայտորեն արվել է` լրացնելու այն, ինչ Մեհթիեւը «նրբանկատորեն» բաց է թողել:

Ո՞րն է «լրացման մեխը»: Ահա. «Մինչեւ 19-րդ դարը հայերը հիմնականում բավական իներտ եւ ցրված ժողովուրդ էին: Ամեն ինչ փոխվել է Ռուսաստանի Անդրկովկաս գալով: Դա հզոր խթան եւ նոր հույսեր է տվել ազգայնականորեն տրամադրված հայերին եւ նրանց կազմակերպություններին»: Ուշադրություն է հայցում «ռազմավարական հետազոտության» անտրամաբանականությունը. ինչպե՞ս կարող էր «հիմնականում իներտ եւ ցրված ժողովուրդն» ունենալ կազմակերպություններ, որոնց էլ Ռուսաստանի Անդրկովկաս գալը տար «հզոր խթան եւ նոր հույսեր»:

Բայց շարունակենք հետեւել «կոնցեպցիային»: Ըստ այդմ, «ռուսաստանյան դիվանագիտությունը սույն հանգամանքով գործուն հետաքրքրվել է` պաշտպանելով ամբողջ աշխարհում նման կազմակերպությունների հիմնադրումը»: Ստացվում է, որ «Ռուսաստանն ամբողջ աշխարհում հայկական կազմակերպությունների հիմնադրումը պաշտպանել է»: Ինչո՞ւ: «Որպեսզի դրանք հետագայում օգտագործի իր շահերի համար»,- գրում է «ռազմավարական հետազոտության» հեղինակը եւ շարունակում, որ «այդ, հաճախ ծայրահեղական բնույթ կրող կազմակերպությունները, հայկական եկեղեցու եւ մտավորականության հետ համագործակցած, իրենց ժողովրդին են պարտադրել «Ծովից ծով Մեծ Հայաստանի» վերակերտման գաղափարը»:

«Վերլուծաբանը» հավանաբար չի հասկացել, որ ինքն իրեն հակասում է. եթե մինչեւ Ռուսաստանի Անդրկովկաս գալը հայերը «հիմնականում իներտ եւ ցրված ժողովուրդ էին», ապա որտեղի՞ց նրանց «ծայրահեղական բնույթի» կազմակերպություններ եւ մտավորականություն, որպեսզի «ժողովրդին պարտադրվեր Մեծ Հայաստան վերակերտելու գաղափարը»: Եվ, ամենակարեւորը. նա օգտագործում է «վերակերտել», ոչ թե «ստեղծել» բառը, ուրեմն եւ ակամա ընդունում է, որ Մեծ Հայաստան եղել է, հետո ` արտաքին հարձակումների հետեւանքով հայ ժողովուրդը կորցրել է ինքնիշխանությունը եւ արդեն 18-19-րդ դարերի սահմանագծում նա քաղաքականապես այնքան կազմակերպված եւ ազգային գաղափար ունեցող հանրություն էր, որ խնդիր էր դրել հասնել պետականության վերակերտմանը:

Այլ եզրակացություն «ռազմավարական հետազոտությունը» չի հուշում: Բայց, իհարկե, Իլհամ Ալիեւի կերակրատաշտակից սնվող հեղինակն իրեն դավաճանած կլիներ, եթե տուրք չտար պաշտոնական վարկածին. «Չնայած առանձին զգուշացումներին, ինչպես Ա. Գրիբոյեդովի` ռուսական կայսրին հղած նամակում արտահայտած միտքը, «Ձերդ գերազանցություն, մի թույլատրեք հայերի բնակեցումը կենտրոնական ռուսական հողերում: Նրանք այն ցեղից են, որ մի քանի տասնամյակ ապրելով, կսկսեն ամբողջ աշխարհով մեկ գոռալ, թե այդ հողերն իրենց հայրերինն ու նախնիներինն են», Անդրկովկասում ռուսական իշխանությունները հենվել են հենց նրանց վրա»:

Նախ, «Պարսկաստանից հայերին մեր մարզերում վերաբնակեցման մասին»` Գրիբոյեդովին վերագրվող զեկուցագրում նման միտք, որպիսին «մեջբերել է» ադրբեջանցի «վերլուծաբանը», պարզապես գոյություն չունի: Այն, ինչ Գրիբոյեդովի «անունից» գրել է նա, մի տեղեկատվական կաղապար է, որ ձուլվել է Բաքվում: Երկրորդ, նույն գրության մեջ Գրիբոյեդովը չի ասում, թե այն տարածքները, որտեղ վերաբնակեցվում են պարսկահայերը, ընդհանրապես հայ բնակչություն չունեն: Երրորդ, ռուս դիվանագետը շատ դիպուկ նկատում է, որ այդ մարզերում այնպիսի խառնաշփոթ է տիրում, որ «անհնար է պարզել, թե ինչն ում է պատկանում»: Չորրորդ, Գրիբոյեդովը հստակ արձանագրում է, որ տեղի մուսուլման բնակչությունը նստակյաց չէ: Հինգերորդ, ըստ զեկուցագրի, մուսուլման բնակչության հիմնական մասն էլ Պարսկաստանից է եկել: Վեցերորդ, նա Ռուսաստանի միապետին խնդրում է նոր գրավված մարզեր Թիֆլիսից ուղարկել համապատասխան պաշտոնյաների եւ թարգմանիչների, որպեսզի հնարավոր լինի պարզություն մտցնել վեճի առարկա հարցերում: Ընդ որում, թարգմանիչների հարցում Գրիբոյեդովը խորհուրդ է տալիս ներգրավել Թիֆլիսի հայկական դպրոցի սաներին:

Այնպես որ, բոլորովին հարկ չկա երկրին կատարելապես անծանոթ ռուս պաշտոնյայի գրությունից առանձին արտահայտություններ դուրս բերելու, մանավանդ, նրան վերագրել մտքեր, որ նա չի ասել եւ չէր կարող ասել: Բայց այս կարգի բարեխղճություն ադրբեջանական «վերլուծաբաններն» ուղղակի չունեն: Նրանք իրենց համար հնարել են եւ «փաստեր» եւ «վկայություններ», որոնց շուրջն էլ «փորձարարական առնետների» նման անվերջ պտտվում են: Երեւի նաեւ հաճույք են ստանում դրանից: Չէ՞ որ միայն այդ կերպ է հնարավոր մոտ լինել իշխանական կերակրատաշտակին: Մեզ մնում է նրանց հաջողություններ մաղթել. «Կերեք, առնետներ, կյանքը կարճ է»:

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4