«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


ԱՆՑԵԼ ԵՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ... ՎՐԱՍՏԱՆՈՒՄ

Ժամանակն ու հանգամանքները վերջերս հաճախ են ապացուցում, որ հարեւան Վրաստանում բողոքի ակցիա անցկացնելն ամենահեշտ կազմակերպվող ու իրագործվող քաղաքական միջոցառումն է այն դեպքում, երբ մեզանում մի քանի հազար մարդ իրար գլխի հավաքելն ուղղակի բարդագույն խնդիր է, չնայած պետք է ընդունել, որ դժգոհության ու բողոքի առիթներ ու պատճառներ ինչքան ասես ունենք:

Վերջին մի քանի օրերին Վրաստանի մայրաքաղաքի հռչակավոր Ռուսթավելյան հրապարակում տեղի ունեցող իրադարձությունները, որ այսօր պետք է որպես «ցասման օր» կրկին հնչեցնեին Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու հրաժարականը, թեեւ մարեցին, բայց հերթական ծեծկռտուքի եւ զգալի հիստերիայի առիթ դարձան, ընդ որում, հստակեցնելով մինչ այդ ոչ այդքան հստակ արտահայտված սահմանը արմատական ընդդիմության եւ ուղղակի ընդդիմադիրների միջեւ:

Այսօր, ինչ էլ լինի, վրաց խորհրդարանի առջեւի հրապարակում մի քանի օր գտնվող ընդդիմադիրների համար վերջին օրն է, որ համաձայնեցված է քաղաքապետարանի հետ, այսինքն` կարող է բողոքի ակցիա անցկացվել թույլատրված տարբերակով:

ՄԻնչդեռ արդեն երեկ հայտնի դարձավ, որ ընդդիմադիր ուժերից մեկի` «Վրացական կուսակցության» առաջնորդ Իրակլի Օկրուաշվիլին, որ նախկինում Սաակաշվիլու թիմակիցն ու մերձավորն էր, ինչպես նաեւ Վրաստանի պաշտպանության նախարարը (ներկայումս գտնվելով արտերկրում), ոչ միայն ինքը չի միանալու բողոքի ակցիային, ինչպես հայտարարվել էր, այլեւ ակցիայից հեռանում է նաեւ իր կուսակցությունը: Այդպիսով, հրապարակում է մնում միայն Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, Սաակաշվիլու հետ «վարդերի հեղափոխություն» իրագործողներից մեկի, ներկայումս ընդդիմադիր Նինո Բուրջանաձեի «Ազգային ժողով» կուսակցությունը:

Այս ամենում հետաքրքրական մի քանի հանգամանք կա. նախ, չնայած ստեղծված «տաք» իրավիճակին, երբ այս օրերի ընթացքում Ռուսթավելու փողոցիՙ խորհրդարանին հարող տարածքում գործի են դրվել ռետինե փամփուշտներ, մահակներ ու այլ միջոցներ, ընդդիմադիր երկու ուժերին հաջողվել էր փողոց դուրս բերել շատ փոքրաթիվ մի զանգված: Եվ դա այն դեպքում, երբ, ասենք, մի քանի տարի առաջ նոյեմբերյան հայտնի դեպքերի ժամանակ ընդդիմության կողքին էին կանգնել տասնյակ հազարավոր մարդիկ, չնայած ընդդիմությունը պահանջների հստակ ներկայացում ի հայտ բերեց բողոքի ակցիաների միայն երրորդ օրը:

Եվս մեկ հետաքրքրական հանգամանք քաղաքական թատերաբեմից մի երկար ժամանակ անհայտացած Օկրուաշվիլու ի հայտ գալն էր, այն էլ Բուրջանաձեի հետ դաշինքում, ինչն ինքնին տարօրինակ զույգ է: Օկրուաշվիլին էլ, որ խոստացել էր մայիսի 25-ի բողոքի ակցիային միանալ անձամբ, այսինքն` երկրի նախագահին ներկայացված ծանր մեղադրանքներից հետո երկրից փախչելուց ի վեր վերադառնալու տարբերակով, սակայն, ըստ վրացական որոշ հրապարակումների, Վրաստանի պաշտպանության նախկին նախարարը ոչ թե չի ցանկացել վերադառնալ, այլ նրան թույլ չեն տվել մուտք գործել երկիր, թեեւ այդ առնչությամբ ոչ մի պաշտոնական հաղորդագրություն չի արվել: Թեեւ Օկրուաշվիլուն, Վրաստան վերադառնալու պարագայում սպասվում է ձերբակալություն 11 տարվա ազատազրկման դատավճռի շրջանակներում, նրա անունից նրա կուսակիցները երեկ հայտարարել են, որ վերջինս ինքն է փոխել իր մտադրությունն ու դուրս է գալիս բողոքի ակցիայից:

Ինչ վերաբերում է ներկայիս ընդդիմության` «վարդյա հեղափոխություն» իրագործելու նոր փորձերի իրատեսությանը, ապա հստակ է, որ 2003-ին տեղի ունեցած ցույցերին ցուցաբերված աջակցությունն այսօր որեւէ մեկը չի պատրաստվում ցույց տալ, հատկապես որ այդ հարցում հիմնական դերակատար հանդիսացած ԱՄՆ-ի շահերը տարածաշրջանում հիմա առավելապես կապված են Սաակաշվիլու բռնած դիրքի հետ, ու ամերիկյան շահերին չի համապատասխանում անկայուն Վրաստան ունենալու հեռանկարը:

Բացի դրանիցՙ ընդդիմադիրների ծեծկռտուքի, մի քանի տասնյակ ցուցարարների ձերբակալությունների ֆոնին ուղղակի սառը ցնցուղի նման է հնչում, որ Վրաստանից բացակայող Միխեիլ Սաակաշվիլին ուկրաինական հեռուստաընկերություններից մեկին տեղեկացրել է, որ չի պատրաստվում երրորդ ժամկետով նախագահել:

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4