«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#92, 2011-05-21 | #93, 2011-05-24 | #94, 2011-05-25


ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Հարավային Կովկասը կրկին հայտնվել է եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում, ամեն դեպքում, Եվրոխորհրդի քննարկումների շրջանակներում Հյուսիսային Աֆրիկայում, Լիբիայում, Սիրիայում, Բահրեյնում, Եմենում ստեղծված իրավիճակի, Հարավային Սուդանի, Բոսնիա եւ Հերցոգովինայի ու Սերբիայի, Իրանի ու Բելառուսի հարցերի հետ մեկտեղ հնչել են նաեւ տեսակետներ ու մոտեցումներ Հարավային Կովկասի երկրների հետ ԵՄ հարաբերությունների ու դրանց դրսեւորումների մասին:

Մասնավորապես, Լիտվայի արտգործնախարար Աուդրոնիուս Աժուբալիսը Եվրոխորհրդի արտաքին հարցերով քննարկմանը երկուշաբթի Բրյուսելում հայտարարել է, որ Եվրոմիությունը պետք է հետեւողական լինի Հարավային Կովկասի երկրների հետ հարաբերությունների զարգացման հարցում: ԵԱՀԿ ներկայիս գործող նախագահ Աժուբալիսը շեշտել է, որ արդեն ժամանակն է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ վիզային ռեժիմի պարզեցման բանակցությունները սկսելու համար:

Դեռեւս մարտին տարածաշրջանային այցելությամբ Հայաստան, Վրաստան ու Ադրբեջան այցելած Լիտվայի ԱԳ նախարարի մոտեցմամբՙ ԵՄ-ն պետք է ավելի սերտ համագործակցի հատկապես տեղեկատվության եւ վերլուծությունների հարցում:

Առավելապես տարածաշրջանային խնդիրներից է խոսել ԵՄ-ի արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով գլխավոր հանձնակատար Քեթրին Էշթոնը ` մտահոգություն հայտնելով Հարավային Կովկասում վերջերս տեղի ունեցած միջադեպերի առնչությամբ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն, Էշթոնը մտահոգություն է հայտնել հատկապես հայկական եւ ադրբեջանական զինուժի միջեւ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի եւ մահվան դեպքերի կապակցությամբ:

ԵՄ արտաքին գործերով հանձնակատարը մտահոգության բաժին է հանել նաեւ Վրաստանին` վերջին օրերի զարգացումների ու ծեծկռտուքի առնչությամբ, դրանց կողքին թվարկելով նաեւ նախորդ շաբաթավերջին հայ-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցածը:

Այս ամենից զատ, մտահոգությունների դաշտից դուրս չի մնացել նաեւ Ադրբեջանը, որի վիճակը թերեւս ավելի վատթար է` ԵՄ կողմից հնչող մտահոգիչ ու դատապարտող հայտարարությունների ճնշման առումով:

Մասնավորապես, նույն Քեթրին Էշթոնը դեռեւս անցյալ շաբաթավերջին` մայիսի 20-ին Բրյուսելում հայտարարել էր մեծացող մտահոգության մասին, որ Ադրբեջանում մարդու իրավունքների առնչությամբ վիճակը վատանում է, ընդ որում, ԵՄ մտահոգության առարկա է մնում երկու երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունն Ադրբեջանում` դատական իշխանության գործելակերպի անկախության հանդեպ մեծագույն կասկածանքով: Էշթոնը Ադրբեջանին այն ժամանակ կոչ էր արել հարգել մարդու հիմնարար ազատություններն ու իրավունքները, ավելին, երաշխավորել իրավունքի գերակայությունը:

Դրանից քիչ անց էլ, արդեն տարածաշրջանային այցի շրջանակներում, գրեթե նույն համատեքստով հայտարարություն էր արել նաեւ Եվրոխորհրդարանի նախագահ Երժի Բուզեկը , ընդգծելով, որ Եվրոմիությունն ու Եվրոխորհրդարանը մտահոգ են մնում Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակից:

Ասել է, թե Քեթրին Էշթոնի, ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս տարածաշրջան այցելության ընթացքում քննարկվելիք նյութը բավականին շատ է:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4